Իմ մոտ կա տպավորություն, որ կապիտուլյանտը հերթական բլեֆի է գնում. Շարմազանով
Երբ որ կհայտարարվեն արտահերթ ընտրություններ, երբ հրաժարականը կլինի, այդ ժամանակ մենք կքննարկենք եւ պետության համար, պետության շահերից բխող որոշում կկայացնենք: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Լավագույն լուծումը սրա (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) օր առաջ հրաժարականն է եւ հեռացումը: մենք մի անգամ տեսանք, որ այդ կապիտուլյանտը բլեֆ արեց, ասաց, որ գնում է արտահերթ ընտրությունների, հետո հայտարարեց, որ նման օրկարգ չկա, հասարակությունը նման պահանջ չունի, բայց ինքը պետք է գիտակցի, որ ինքը քաղաքական դիակ է, պրծած քաղաքական գործիչ է: Երկու օր, երկու ամիս ավել կկառավարի, դա միայն թուլացնելու է ոչ միայն իր իշխանությունը, այլեւ մեր պետականությունը: Իմ մոտ կա տպավորություն, որ ինքը հերթական բլեֆի է գնում, որովհետեւ ցուգցվանգի մեջ է հայտնվել»,-ասաց նա:
Անդրադառնլով հնարավոր ընտրություններին, Շարմազանովն ասաց. «Նա առանց սնայպերների չի կարողանում 100 մետր մի շենքից մյուսը գնալ, նա ոնց է արտահերթ ընտրություններ կազմակերպելու, ոնց է գնալու Ալավերդի, Վանաձոր, ոնց է Երեւանի մի վարչական շրջանից մյուսը գնալու: Հետեւից հարյուրավոր ոստիկաններին ու սնայպերներին տանելո՞ւ է»:
news.am