25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞

«Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8):

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Այս հարցը Տեր Հիսուս Քրիստոս տալիս է «Անիրավ դատավորի և այրի կնոջ» առակը պատմելուց անմիջապես հետո: Նախքան առակը շարադրելը, Ղուկաս ավետարանիչը պարզաբանում է առակի իմաստը՝ ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ: Եվ վերջում Քրիստոս այս ասես զգուշացնող հարցադրումն անելով՝ ակնարկում է, որ դժվար թե հավատ գտնի այն չափով, այն որակով, որ Ինքը կցանկանար տեսնել: Ինչևէ, Քրիստոս բացահայտ չի ասում, որ չի գտնի, այլ հոգևոր պատվախնդրության է հրավիրում մեզ՝ ամրանալու և աճելու այն փրկարար հավատի մեջ, որն աստիճանաբար դեպի Երկինք է տանում իրենով ընթացողներին:

Խոսքս ավելի պատկերավոր դարձնելու համար այսօր մի բացահայտում պիտի անեմ ձեզ համար, սիրելի՛ հավատացյալներ: Ի՞նչ կասեք, եթե հայտարարեմ, որ ես նավաստի եմ: Ճիշտ է երբևէ նավաստիական ծառայություն չեմ անցել, երբևէ նավարկության չեմ մասնակցել, անգամ լողալ չգիտեմ, բայց հոգով ու սրտով նավաստի եմ: Հայրս էլ է նավաստի, պապս էլ էր, ապուպապս էլ, նրանցից նավաստու շապիկ եմ ժառանգել, որը երբեմն-երբեմն հագնում եմ, լողազգեստ էլ ունեմ՝ համենայն դեպս, դե իսկ նավի նկարներ որքան ասեք՝ տեսել եմ, նավաստիների մասին ֆիլմեր եմ դիտել, ծանոթ նավապետ ունեմ և անգամ զբոսանավ եմ նստել մի քանի անգամ:

«Հետո ի՞նչ,- կասեք:- Մի՞թե դա քեզ նավաստի է դարձնում», և իրավացի կլինեք: Իհարկե այդ ամենն ինձ նավաստի չի դարձնում, և հայտարարությունս էլ առնվազն անլուրջ է ու զվարճալի: Իսկ ես հավատացյա՞լ եմ, հավատ ունե՞մ, իրավունք ունե՞մ ինձ Քրիստոսի հետևորդ, Քրիստոսի աշակերտ համարելու: Սրանք այն հարցերն են, որ յուրաքանչյուրս պիտի ուղղի ինքն իրեն, սիրելինե՛ր, և առավելագույնս անկեղծ լինի՝ պատասխանելիս:

Հարցերիս մեջ ամենևին կշտամբանք չկա, այլ՝ հրավեր՝ ճանաչելու ինքներս մեզ և մտածելու Տեր Հիսուս Քրիստոսի հարցի մասին. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:

Ճշմարիտ է, որ հավատքն է մեզ այստեղ համախմբել, առ Աստված հավատն է, որ մեզ եկեղեցի է բերում և փա՜ռք ողորմած Տիրոջը դրա համար, սակայն միայն եկեղեցի հաճախելը համարել որպես հավատի վկայություն, առնվազն միամտություն կլիներ մեր կողմից: Բազմաթիվ են մարդիկ, որ եկեղեցի են գալիս միայն սովորույթի ուժով՝ տատիկը մանկուց բերել է, իրենք սովորել են գալ, մոմ վառել, բակում նստել մի փոքր, զրուցել:

Գալիս են նաև մկրտության, պսակի ու հոգեհանգստի ժամանակ: Կան մարդիկ, որ անպայման գալիս են տոն օրերին՝ եկեղեցուց կրակ ու օրհնված ջուր, ուռենու ոստեր ու զատկական ձու, նուռ ու խաղող տանելու: Բայց կան նաև մարդիկ, այդ թվում՝ այսօր այստեղ ներկա գտնվողներից շատերը, որ տերունական օրը՝ կիրակին պատվելով՝ յուրաքանչյուր կիրակի պարտադիր մասնակցում են սուրբ պատարագին, ոմանք՝ ժամերգություններին նույնպես, և դա շատ լավ է, ճիշտ է ու հոգեշահ, սակայն բավարա՞ր է արդյոք: Միայն այս արտաքին ներկայությունն արդյո՞ք խոսում է ճշմարիտ հավատի առկայության մասին, այն հավատի, որ Քրիստոս գալով՝ պիտի փնտրի, ինքնե՛րդ դատեք:

Ի՞նչ է հավատը, սիրելինե՛ր: Արդյո՞ք միայն գիտելիքն առ այն, որ գոյություն ունի ամենակարող Արարիչ Աստված, Որը մարդեղանալով ու Իր անմեղ կյանքը մեզ համար զոհաբերելով՝ նաև մեր Փրկիչը դարձավ, այնուհետև մեռելներից հարություն առնելով ու երկինք համբարձվելով՝ նաև մեզ համար բացեց Երկնքի դարպասները, բավարար է, որպեսզի ասենք, որ հավատ ունենք, կամ հավատացյալ ենք: Պողոս առաքյալը սովորեցնում է, որ հավատը «հուսացված բաների հաստատումն է և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում»,- (հմմտ. Եբր. 11:1): Հաստատում և ապացույց, ուշադրությո՛ւն դարձրեք:

Հակոբոս առաքյալի հայտնի պնդումն էլ հիշում եք. «Հավատն առանց գործերի մեռած է» (հմմտ. Հակ. 2:17), ինչպես և սերը, բարությունը, ճշմարտությունը… Խոսքերն այդպես էլ կմեռնեն, եթե գործի չվերածվեն, և Հակոբոս առաքյալը սա հրաշալիորեն բացահայտում է մեզ համար: «Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել: Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք», և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: ….

Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: …. Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2:14-26): Հիշո՞ւմ եք Տեր Հիսուս Քրիստոսի ազդու խոսքերը. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի, և ինձ ջուր չտվիք, օտար էի, և ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ, և ինձ տեսնելու չեկաք: …. որովհետև այս փոքրերից մեկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք» (Մտթ. 25:41-45): Հետևաբար, սիրելինե՛ր, որքան էլ գիտելիք ունենամ, որքան էլ գրագետ խոսեմ, որքան էլ եկեղեցի գամ և ուխտագնացությունների մասնակցեմ, չեմ կարող ասել, թե իրապես հավատ ունեմ, եթե վարքս ու կյանքս դրա մասին չեն խոսում: Եթե հավատ ունես, ապա պիտի փոխվես, մաքրվես, հղկվես, աստիճանաբար կտրվես երկրայինից ու ձգվես դեպի երկինք:

Աստծու սուրբ կամքին ծառայելն ու ողորմածության գործերն իրապես անգին են, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև դրանք «Սիրիր քո Տեր Աստծուն» և «Սիրիր մերձավորիդ» մեծագույն պատվիրանների մարմնացումն են, կենդանի ապացույցը: Եվ այո՛, հավատը կշռվում է գործերով՝ անկեղծ, անշահ ու սրտաբուխ: Ինչպես նաև հավատի հուրն է անմար մնում և ավելի բոցավառվում ողորմածության գործերով. հիշե՛ք տասը կույսերի, տասը մնասների, անպտուղ թզենու առակները: Հավատը պահպանելուն և զորացնելուն անշուշտ օգնում է հարաժամ աղոթքը՝ կենդանի հաղորդակցությունը մեր սիրելի Հոր հետ, Սուրբ Գրքի, հայրերի վարքի ընթերցանությունը, պահքը, պատվիրանապահությունը:

Մենք կատարյալ օրինակ ունենք մեր առջև՝ հավատի զորագլուխ Քրիստոս, որ ոչ միայն խոսում էր՝ ուսուցանելով աստվածային ճշմարտությունը, այլև հաճախակի առանձնանում էր աղոթքի համար, բժշկում էր հիվանդին ու դիվահարին, պաշտպանում հալածվողին և օգնության շտապում նեղության մեջ գտնվողին: Մի՞թե կհավատայինք Քրիստոսին, եթե Նա խոսեր միայն ու չգործեր, եթե Նրա խոսքն ու գործը հակասեին միմյանց, եթե Նրա խոսքն անպտուղ մնար Իր կյանքում. իհարկե՝ ոչ:

Դեռևս Մեծ պահքի օրհնաբեր շրջանում ենք, սիրելի՛ հավատացյալներ: Այն շրջանում, երբ Եկեղեցին հատկապես կոչ է անում առավելագույնս անկեղծանալու ինքներս մեզ հետ, մեր հոգին բացելու մեր առջև ու ազնվորեն գնահատելու մեր հոգևոր վիճակը: Երկնավոր Հայրը մեզ վաղուց է ճանաչում՝ մեր ծնունդից էլ առաջ, և անկարող ենք որևէ բան Նրանից թաքցնելու: Եվ դրա կարիքն էլ չկա, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև մեր Հայրը ոչ թե անողոք դահիճ է կամ վրիժառու դատավոր, որ անհամբեր սպասում է, թե երբ ենք որևէ հանցանք գործելու, որպեսզի պատժի մեզ: Ո՛չ:

Այլ բարեգութ ու սրտացավ Բժիշկ է, որ մեր ապրելը, մեր փրկվելն է կամենում, միայն թե ինքներս էլ դա կամենանք: «Ավելի դժբախտ բան չկա, քան համառության մեջ կարծրացած հոգին»,- ասում է հայրերից մեկը, և չհամաձայնել նրա հետ անհնար է, որովհետև այդպիսի հոգին ինքն իրեն կործանման է տանում: Իսկ մենք կոչված ենք ապաշխարության, այսինքն՝ փոխվելու՝ մտքով, խոսքով ու գործով և կյանքն ու փրկությունն ընտրելու, դեպի որն էլ պիտի ընթանանք հավատով:

Եթե իսկապես հավատում ենք Քրիստոսին, եթե իսկապես հավատում ենք հավիտենական կյանքի գոյությանը, եթե իսկապես հավատում ենք, որ Տերն Իր Արքայությունը նախապատրաստել է մեզ համար, ապա Հոր ողորմությանը հուսալով՝ մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք Նրան արժանի լինելու համար: Մեկն այսքան է կարող, մյուսը՝ մի փոքր ավելի, խնդիրն այդ չէ, սիրելի՛ հավատացյալներ. Աստված մեզնից անկեղծություն է սպասում, նախ և առաջ՝ ինքներս մեզ հետ, ապա դիմացինի:

Ո՞վ եմ ես. մտացածին, կեղծ արդա՞ր, որ արտաքին դրսևորումներով կարծես թե անթերի եմ ու օրինակելի, սակայն հոգիս մահացու վիրավոր է հպարտությամբ, մեծամտությամբ, փառասիրությամբ, ագահությամբ ու նախանձով, ո՛չ տեսնում եմ խոցերս, ո՛չ ուզում բժշկվել դրանցից: Թե՞ մի սովորական մեղավոր եմ, որ պարզությամբ ու ազնվությամբ քննելով հոգիս՝ տկարություններս ու կրքերս դնում եմ խաչյալ Տիրոջ ոտքերի առջև ու անկեղծորեն խոստովանում, որ առանց Իրեն ես անզոր եմ և խնդրում, որպեսզի օգնի ինձ փոխվելու, կյանքս փոխելու, ավելի լավը դառնալու, որպեսզի Իր սրբագործ արյան մի անգին կաթիլով սրբի հանցանքներս ու մեղավորիս էլ բժշկի: Եթե իրապես ճանաչում ենք Աստծուն, հավատում ու հետևաբար՝ սիրում, ապա ուղղակի անհնար է, որ մեր ձգտումները, մեր նպատակներն այլ ուղղվածություն ունենան, քան մեր Երկնավոր Հայրն է ու մեր երկնային Հայրենիքը: Անհնար է, որ չպայքարենք մեր փրկության համար, չձգտենք նմանվել Քրիստոսին ու մոտենալ Նրան:

Այսօրվա անիրավ դատավորի առակն էլ հենց դրա մասին է, սիրելի՛ հավատացյալներ: Այրի կինը խոցելի էր ամեն առումով. ամուսինը մահացել էր, և նա փաստացի զրկվել էր իրեն կերակրողից, ապրուստի միջոցներից, քանի որ աշխատելու իրավունք չուներ: Միգուցե ամուսինը պարտատերեր ուներ, որ այժմ նրան էին նեղում, կամ միգուցե ազգականներն էին որոշել տնից դուրս անել նրան, չգիտենք, սակայն հստակ գիտենք, որ նա անելանելի վիճակում էր, ուստի և զօր ու գիշեր աղերսում էր դատավորին իրեն փրկելու համար: Մեր վիճակն ավելի լավը չէ, քան այս այրի կնոջինը, հավատացե՛ք: Կհամոզվեք, եթե այդ բոլոր թվարկածներս հոգևոր դաշտ բերեք և քննեք հոգու փրկության համատեքստում: Ուստի մեզ այլ բան չի մնում, քան միմիայն հուսալ առ Աստված, ընթանալ Նրա սուրբ կամքին համապատասխան և օրնիբուն աղերսել Ամենակարողին մեր հոգևոր կերակուրի, հոգու արթնության ու բժշկության և իհարկե փրկության համար:

Ինչպես ջրի անդադար հոսքն է ավազանի՝ ճահճի չվերածվելու և մշտապես նորանալու երաշխիքը, այնպես էլ մեր գործերի մշտական շարժն է մեր հավատի չնվազելու երաշխիքը: Ուստի աղաչում եմ մեր Սիրող Հորը, մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի ձեր կյանքի բոլոր օրերում, ձեր ապրած ամեն վայրկյանին օգնական ու պահապան լինի ձեզ, ավելացնի ձեր հույսը, սերը, հավատը, եռանդն ու վճռականությունը, լուսավորի, մխիթարի ու զորացնի ձեզ, որպեսզի երբ հասնի Իր առջև ներկայանալու ժամանակը, Տերն ուրախությամբ տեսնի ձեր սրտում վառ բոցկլտացող ճշմարիտ հավատի կանթեղն, ու Իր հարցի պատասխանը ձեզնից յուրաքանչյուրի պարագայում միանշանակորեն դրական լինի. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ