Ձեր աթոռի համար պայքարելը շատ ավելի կարևոր է, քան մեր ձայնը լսելը. հայտարարություն
Հնարավորին չափ արագ արտահերթ ընտրությունների անցկացման թեման ավելի ինտենսիվ եւ միաժամանակ գռեհիկ է դառնում:
Այն վերածվում է գերագույն գլխավոր մեղավորի փրկության գաղափարի:
Արտահերթ ընտրությունները միայն մեկ դեպքում կարող են հանգեցնել լիցքաթափման, եթե գերագույն գլխավոր մեղավորը հրաժարական տա, իսկ արտահերթ ընտրություններն անցկացվեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից հետո:
Հակառակ դեպքում արտահերթ ընտրություններն ավելի են խորացնելու ճգնաժամը, առկա գերլարված իրավիճակը և հանգեցնելու են նոր ցնցումների:
Հաշվի առնելով այս ամենը, որոշում ենք կայացրել երկրի ամբողջ տարածքում ստեղծել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ներկայացուցչություններ, ստեղծել մեր ցանցը, ձևավորել մեր համակարգը: Հարյուրավորներ այս պահից սկսած ձեռնամուխ են լինելու այս գործի իրականացմանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրան Փաշինյանի և իր թիմի մասնակցության դեպքում մենք նրանց համար ամբողջ ընտրարշավը վերածելու ենք դժոխքի:
Եթե վարչախումբը գնում է արտահերթ ընտրությունների, հաշվի չառնելով պատերազմում զահվածների, անհետ կորածների, հաշմանդամ դարձածների, վիրավորվածների, գերեվարվածների տասնհինգ հազարից ավելի ընտանիքներին, ապա ստացվում է, որ պարզապես թքած ունեք մեզ վրա: Ձեզ համար սոցհարցումներ պատվիրելը, ձեր աթոռի համար պայքարելը շատ ավելի կարեւոր է, քան մեր ձայնը լսելը, մեր կարծիքի հետ հաշվի նստելը:
Փաշինյանը եւ իր թիմը փորձելու են կեղծել հապճեպորեն կազմակերպված ընտրությունների արդյունքները, բայց նրանք մոռանում են մի կարեւոր հանգամանք՝ մեզ չեն կարող կեղծել: Մենք իրական ենք, մենք ավելի քան իրական ենք: Մենք իրական ընտանիքներ ենք և ավելի շատ ենք քան պատկերացնում եք:
Ստեղծելով մեր նախաձեռնության ցանցն ամբողջ Հայաստանով, մենք հստակ ասում ենք, որ արագ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, և դրանց երկիրը կործանման տարած, մեր երկիր պատերազմ բերած, հինգ հազարից ավելի երիտասարդների զոհվելու պատճառ դարձած Փաշինյանի եւ իր թիմի մասնակցության պարագայում նրանց համար ընտրարշավը վերածելու ենք իրական դժոխքի:
«Ճշմարտություն սերունդների համար»