«Եթե Նիկոլ Փաշինյանին մնա՝ ուժը բավականացնի, ամբողջ բանակը շարունակելու է ջարդել». Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքերն արագ են զարգանում, որ եթե այդ միջակայքում կորցնում ենք Սյունիքը, Տավուշը, ապա էլ ո՞ւմ է պետք, որ մի քանի ամիս հետո ասեն, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելը սխալ որոշում էր
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նախագահը հարցը չուղարկեց Սահմանադրական դատարան, սա հակասում է տրամաբանությանը։ Սա ցույց է տալիս մարդկային որակ, սա ցույց է տալիս, որ մենք, ինչպես վարչապետ չունենք, ավելի շուտ ունենք վատ, վնասակար մեր երկրի համար, այնպես էլ՝ նախագահ չունենք։ Եթե Նիկոլ Փաշինյանին մնա, այսինքն՝ եթե իր ուժը բավականացնի, նա ամբողջ բանակը շարունակելու է ջարդել։ Այնտեղ կլինեն հլու-հնազանդ իմքայլականներ, ինչ-որ փսլնքոտ լակոտներ։ Ինչպես մեկ անգամ բանակը ջարդվեց, և դրա պատճառով ունեցանք պարտություն, կհաջողվի նրան, թե ոչ՝ կախված է կորպուսի հրամանատարներից և այն մարդուց, ով կփոխարինի Օնիկ Գասպարյանին»,- նշեց Վազգեն Մանուկյան;
Ըստ նրա, բանակն այսօր վերահաստատեց այն կարծիքը, որ փետրվարին հրապարակված հայտարարությունը ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ ամբողջ բանակի կարծիքն է։
Ինչ վերաբերում է ԱԺ մուտքերը շրջափակելուն, Վազգեն Մանուկյանը նկատեց, թե ԱԺ-ն շատ ծակ ու ծուկ ունի, դրանցից մեկը բաց էր մնացել։
«Պետք է փորձենք փակել նաև ԱԺ տնտեսական մուտքը»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։