26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեռու մնա հայհոյանքից եւ հայհոյելուց

ՄԵԾ ՊԱՀՔԻ ընթացքում և առհասարակ պետք է հեռու մնալ ՀԱՅՀՈՅԱՆՔԻՑ և ՀԱՅՀՈՅԵԼՈՒՑ: Ս. Գրքի համաձայն` Հիսուս Քրիստոս իր երկրային կյանքի ընթացքում բազմիցս անտեղի հանդիմանվում էր փարիսեցիների կողմից նախնիների ավանդությունը չպահելու և օրենքը խախտելու համար: Վերջիններս այնքան էին գերի դարձել օրենքի տառին, որ մոռացել էին դրա բուն նշանակությունը: Փարիսեցիներն այդպիսի քայլերով ամեն կերպ ցանկանում էին ժողովրդին հրահրել Տիրոջ դեմ ու վարկաբեկել նրան:
 
✅Եվ ահա նմանատիպ դեպքերից մեկի ժամանակ, երբ Աստվածորդուն մեղադրում են, թե ինչո՛ւ են իր աշակերտներն անլվա ձեռքերով հաց ուտում, Հիսուս կրկին հանդիմանում է փարիսեցիներին` ասելով, որ նրանք Աստծո խոսքն արհամարհում են իրենց ավանդության պատճառով: Բայց Հիսուս սրանով չի բավարարվում, այլ իր մոտ է կանչում ժողովրդին և ասում «Լսեցե՛ք և իմացե՛ք. ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15․ 10-11): Այսինքն` Քրիստոս ուզում էր հասկացնել հավաքվածներին, որ ուտելիքը կամ անլվա ձեռքերով ուտելը չէ, որ պղծում են մարդուն, այլ այն ամենը, ինչ դուրս է գալիս մարդու բերանից, այլ կերպ` սրտից:
 
?Ուստի Տերը շարունակում է իր միտքն ավելի սուր կերպով և ասում. «Քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ» (Մատթ. 15․ 19): Ավետարանական այս դրվագից պարզ է դառնում, որ Տերն ի շարս այլ մեղքերի, հայհոյանքն էլ համարում է զազրելի մի մեղք, որ պղծում և ապականում է մարդուն` հեռացնելով արարածին իր Արարչից: Իսկ եթե այն մեղք է, ապա պետք է խորշել դրանից ու հեռու մնալ:
 
‼Ս․ Պողոս առաքյալն էլ իր թղթերում պատվիրում է, որ թոթափենք մեր բերաններից բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, քանզի այս ամենը հատուկ են միայն հին մարդուն և որպես Աստծո ընտրյալներ` հագնենք նորը` զինվելով քրիստոնեական ճշմարիտ ու ազնիվ առաքինություններով, որոնք մարդուն կատարելության են տանում (տե՛ս Կող. 3․ 8-15):
 
?Իսկ Ս․ Հակոբոս առաքյալն իր ընդհանրական թղթի 3-րդ գլխում բազմապիսի դատողություններ է կատարում լեզվի մասին` հորդորելով հնազանդեցնել այն «Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ է հաստատված,որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը` բորբոքված գեհենի կրակով»:
 
⚔️Եկեղեցու Ս. Հայրերը ևս իրենց գրվածքներում դատապարտում են հայհոյության երևույթը և խորհուրդ տալիս հեռու մնալ այս մեղքից, քանզի այն կուտակումն է այլ մեղքերի: Հայհոյանքի պատճառ կարող են լինել ոխակալությունը, ատելությունը, չարախոսությունը, նախանձը, բամբասանքը, հեշտասիրությունը, բարկությունը և այլն: Ուստի հույժ գովելի է, երբ մարդ խուսափում է հայհոյելուց և չի աղտոտում իր բերանը` մնալով անարատ և մաքուր:
 
?Երբ ծանոթանում ենք արարչագործության պատմությանը, տեսնում ենք, որ մարդն Աստծո կողմից կատարյալ ստեղծվեց: Հետևաբար աստվածային նախախնամությամբ և դրվածքով ադամորդու յուրաքանչյուր օրգան և մարմնի մաս ունեն իրենց ֆիզիոլոգիական և հոգևոր գործառույթները, որոնցով և ապահովվում է մեր նորմալ կենսագործունեությունը:
 
?Այսպես` ֆիզիոլոգիական առումով սիրտն արյունատար համակարգի կենտրոնական օրգանն է, որն արյունը մղում է զարկերակային համակարգ և ապահովում նրա շարժումն անոթներով: Իսկ հոգևոր առումով, ըստ Տիրոջ վերոգրյալ խոսքի, դրանից են դուրս գալիս բազմաթիվ ախտեր, որոնք է՛լ ավելի են պղծում մարդ արարածին: Այսինքն` սիրտը խորհուրդների բնակավայրն է, ուստի բոլորիս պարտքն է մաքուր և անարատ պահել այն: Չէ՞ որ, ըստ Ավետարանի, սրտով մաքուրներն են, որ պիտի տեսնեն Աստծուն (տե՛ս Մատթ. 5․ 8):
 
?Դրանց թվում բացառություն չեն նաև մեր լեզուն և բերանը, որոնք բացի Աստծուց տրված իրենց ֆիզիոլոգիական գործառույթներից, ունեն նաև հոգևոր գործառույթ: Իսկ այն ոչ այլինչ է, եթե ոչ Աստծուն օրհնաբանելն ու փառաբանելը, Նրան որպես Տեր և Փրկիչ խոստովանելն ու նրա ամենասուրբ կամքին հնազանդվելը: Բացի սրանցից, չպետք է մոռանալ, որ մենք այդ նույն բերանով ենք ճաշակում Տիրոջ փրկարար ու քավչարար մարմինն ու արյունը, այսինքն` Ս. Հաղորդություն ենք ընդունում, և այդ նույն բերանով հայհոյում և այլ մեղքեր գործում: Արդյո՞ք համատեղելի են այս երկուսը: Ահա հարց, որ յուրաքանչյուրիս խորհելու տեղիք պետք է տա…:
 
?Անտարակույս ամեն մի չարախոսություն կամ հայհոյանք իրենց մեջ կործանարար վտանգ են պարունակում և առաջին հերթին վնասում են հենց մեզ: Բերանից արտաբերված խոսքը լոկ խոսք չէ, այլ այն իր մեջ զորություն և ուժ ունի: Եվ ինչ որ դուրս է գալիս մեր բերանից, այն այլևս հնարավոր չէ ետ առնել: Իսկ այդ խոսքը շատ անգամ կարող է նաև ճակատագրական լինել: Երբ մենք հայհոյում ենք մեր դիմացինին, որը մեզ նման Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծվել, մենք մեր Արարչին ենք անպատվում և անարգում:
 
?Հայհոյանքը մեր թույլ և տկար լինելու մասին է խոսում: Որովհետև եթե դու քո դիմացինին չես կարողանում մարդավայել և պատշաճ խոսքերով բացատրել կամ քո ուզածն ասել ու հայհոյանքին ես դիմում, ուրեմն դու տկար ես: Եվ սխալն ինքդ քո մեջ պետք է փնտրե՛ս: Ուզում եմ, որ միշտ հիշենք հետևյալ աստվածաշունչ նախադասությունը. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12․ 37):
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ