26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տնտեսի կիրակի

«Արարեք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»։

«Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16։9)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ հայտնի է տնտեսի կիրակի անվամբ։ Անիրավ տնտեսի առակը, որ պատմում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, հուշում է Աստծու՝ մարդկանց տրված բազմաթիվ հնարավորությունների մասին։ Այն հնարավորությունների, որոնք տրվում են մեզ ամեն օր մեր կյանքի պատմությունը, մեր կյանքի գիրքը գրելու, խմբագրելու և սրբագրելու համար։

Այդ խմբագրությունը մարդու փրկության և Աստծուն ներկայանալու համար է։ Տնտեսը, երբ մտածեց, որ զրկվում է իր ամենօրյա ունեցվածքից, իր աշխատանքից, ապրուստի հնարավորություններից, քայլեր ձեռնարկեց՝ իր ապագայի համար։ Եվ տերը ոչ թե նախատեց, այլ գովեց նրան, որովհետև նա խելացի վարվեց, փորձեց իր արարքով նոր որակ հաղորդել մարդկանց հետ ունեցած իր հարաբերություններին, որոնցից կախված էր լինելու իր հետագա կյանքը։ Ցավոք, մենք մեր անցյալը, մեր արարքներն ու գործողությունները, մեղքերը ջնջել ու փոխել չենք կարող։ Բայց կարող ենք սրբագրել ու խմբագրել մեր ներկան։ Աստծուն ճանաչելու պահից սկսած՝ մենք կարող ենք փոխել մեր ներկան ու ապագան, մեր վարքագիծն ու բնավորությունը։

Քրիստոնեական հավատքը անհուսության հերքումն է, որովհետև մարդու կյանքը դարձի գալուց հետո փոխվում է, սկսվում են նրա վերափոխությունն ու վերածնունդը։ Այո՛, քրիստոնյան անընդհատ կարող է ընկնել նույն մեղքի մեջ, բայց նա պայքարում է վեր կենալու համար։ Հիսուս Քրիստոս Ինքն է պահանջում դա Իր աշակերտներից. «Ոչ էլ նոր գինին հին տիկերի մեջ են դնում» (Մատթեոս 9։17)։ Աստծու ներկայությամբ մարդու ներքին տեսողությունը բացվում է, նա տեսնում է իր մեղավորությունը, ձգտում է փոխվել և բարի ու պիտանի մարդ դառնալ, ինչպես դա եղավ Զակքեոս մաքսապետի դեպքում։

Նա ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ» (Ղուկաս 19։1-10)։ Աստծու հավատքով մարդը շտապում է իր կյանքի հարստություններն օգտագործել, բայց ոչ միայն իր ցանկությունները բավարարելով, այլև ուրիշներին բաժին հանելով։ Աստծու առաջ մեզ կանգնեցնում է ի վերջո մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր բարությունը, մեր գործերն ու խոսքերը, ինչպես Նա մեզ սովորեցնում է «Լեռան քարոզում». «Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի։

Իսկ ես ձեզ ասում եմ, թե ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, և ով որ իր եղբորն ասի ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին։ Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա եկ քո ընծան մատուցի՛ր։ Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրավախոհ կանխավ. գուցե նա քեզ դատավորին հանձնի, և դատավորը՝ դահճին, ու դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դահեկանը» (Մատթեոս 5։21-26)։

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ Աստված պատվիրում է թողնել իրեն տրվող զոհաբերությունը և գնալ հաշտվել եղբոր հետ։ Աստծու համար կարևոր են մեր հարաբերությունները այլոց հետ։ Ինչպես աշակերտի ստացած գնահատականն է նրան ներկայացնում իր ծնողի մոտ, ծնողը գաղափար է կազմում՝ որքանով է երեխան յուրացրել առարկան կամ սերտել դասը։ Այդպես էլ մեր հարաբերություններն են վկայում, թե որքանով ենք մենք յուրացրել Աստծու պատիրանները և հետևում դրանց։

Կյանքը հնարավորություն է ոչ թե սեփական եսի, հարմարավետության ու շահի համար հարաբերություններ փչացնելու, վեճերի ու կռիվների մեջ ընկնելու, այլ շտկելու, մտերմանալու համար։ Քրիստոնյան, սիրուց բացի, այլընտրանք չունի։ Այս առակում սիրո մասին խոսք չկա։ Բայց կա խորագիտություն, որը Տերը գովում է։ Այստեղ հանուն սեփական ապագայի արված բարություն կա, որը նույնպես ողջունելի է։

Կյանքի յուրաքանչյուր րոպեն այն վերափոխելու հնարավորություն է տալիս, նույն տեղում չդոփելու, նույն աշխարհայացքով կյանքին չնայելու, նույն գաղափարներով չղեկավարվելու, որոնք որ սխալ ուղով են տարել մարդուն։ Եթե անիրավ տնտեսի նման կյանքում ինչ-որ մի պահ այլևս հնարավորություն չի լինում նույն կերպ շարունակելու ընթացքը, պետք է տնտեսի նման այն վերածել փրկության լավագույն հնարավորության։

Այո՛, մարդ կարող է կորցնել իր՝ թվացյալ բարեհաջող կյանքը, անազնիվ ու անարդար ապրելու հնարավորությունները, խաբեբայություններն ու խարդախությունները և դժգոհել Աստծուց բարեկեցիկ կյանքի կորստի ու պատիժ կրելու համար։ Սակայն ապաշխարությամբ ու զղջումով մարդ կարող է դժվար ու նեղ ժամանակները իր համար վերածել Աստծու և մարդկանց հետ հաշտեցման, նոր հարաբերությունների կառուցման, խոնարհության ձեռքբերման համար, քանի որ ճշմարիտ խոնարհությունը մարդուն առաջնորդում է դեպի երկնային բարձունքներ։

«Անիրավ տնտեսի առակը» իր յուրահատուկ տեղն ունի Մեծ պահքի կիրակիների շղթայում, որովհետև ապաշխարության այս շրջանը վերածննդի շրջան է, մեղավոր կյանքից հրաժարվելու և նոր կյանք սկսելու ու նոր մարդ դառնալու շրջան է։ Սննդային պահքը հաղթահարելու մասին չէ, որ պահքի ավարտին պետք է հիշել, այլ մարդկային հոգևոր նոր որակ ձեռք բերելու։

Աստծու տված հնարավորությունները օգտագործելը ամենամեծ խելամտությունն է։ Ամենամյա պահքն էլ դրանցից մեկն է, երբ մարդը նախընտրում է կամավոր ապաշխարությունն ու խոնարհությունը, կամավոր կերպով գերադասում է փրկության ճանապարհը, ազնվության ու արդարության ուղին, Աստծու պատվիրաններին հավատարիմ մնալու նեղ ու դժվար ճանապարհը և ոչ թե լայն ու հեշտ։ Փրկության համար ջանալ է պետք։

Առակի ամբողջ գաղափարախոսությունն այն է, որ երկինքը նվաճելու համար սիրո և բարության գործեր է անհրաժեշտ անել։ Ինչպես որ սեփական երկրային բարեկեցության համար ենք ջանում, տքնում, օրուգիշեր չարչարվում, այնպես էլ պետք է լուրջ վերաբերվել երկնային հարկերում տեղ ունենալու համար։

Սիրելինե՛ր, մաղթում եմ բոլորին իմաստություն ու հնարամտություն հոգևոր կյանքում առաջնորդվելու և մարդկանց հետ բարեկամական հարաբերություններով Աստծու նկատմամբ մեր սերը փաստելու համար։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն։       

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ