Թշնամական հորդա՞ն է ներխուժել Հայաստան․ «Հրապարակ»
Երբ հետևում ես այս իշխանությունների քայլերին՝ սկսած 2018 թվականից, տպավորություն է ստեղծվում, թե թշնամին գրավել է մեր երկիրը և զբաղված է ամեն ինչ կազմալուծելու, ոչնչացնելու, պարալիզացնելու գործով:
Գրեթե բոլոր ոլորտներում բանիմաց ու փորձառու կադրերն ազատվեցին աշխատանքից և փոխարինվեցին քայլած, անփորձ, անգրագետ կադրերով: Եթե ուսումնասիրենք այս 3 տարում պաշտոնի նշանակվածների ցանկը՝ նրանց կրթական ցենզը, կենսագրությունը, անցած ճանապարհը, ապա շատ զավեշտալի սուբյեկտներ կհայտնաբերենք այնտեղ, և ԱՄՆ-ում ու Էջմիածնում տաքսու վարորդ աշխատածներ, և տասնավարտներ, որոնք իրենց կենսագրականի՝ սեռի սյունակում «արու» են գրում, և ուսանողական նստարանից միանգամից պատգամավորի մանդատ ստացածներ, և ռուսաստաններում 10 տարի աշխատած խոպանչիներ, որոնց հրավիրել են հեղափոխությունից հետո բարձր պաշտոն ստանձնելու, և հագուստի խանութի մենեջեր, որ հիմա սոցապփոխնախարար է աշխատում և իր ընկերուհիներին համակարգի հիմնարկներում տնօրեններ կարգում: Ամբողջական ցանկի հրապարակումն ու վերլուծությունը կարող է ուսանելի ձեռնարկ լինել բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե փողոցում հեղափոխություն անելով՝ կարելի է երկիրը զարգացնել։
Բայց կադրերն էլ չեն խնդիրը՝ խելացի կառավարման, ճիշտ հրահանգավորման դեպքում անգամ 10-ամյա կրթությամբ անգրագետ ու անփորձ մարդիկ կկարողանային կարճ ժամանակում յուրացնել աշխատանքի հմտությունները և քիչ թե շատ աշխատունակ դառնալ: Բայց դրա համար հարկավոր է, որ պարագլուխը՝ երկրի ղեկին հայտնված մարդը, աշխատանքային մթնոլորտ ստեղծի, ոչ թե քանդի, այլ կառուցի և ստիպի, որ ներքևի օղակներում աշխատեն, այլ ոչ թե անաշխատ պարգևավճարներ ստանան: Մեր բախտն այդ հարցում ակնհայտորեն չբերեց: Երկրի ղեկին հայտնված անձը, պարզվեց՝ շատ ավելի անփորձ ու ապակառուցողական է, քան կարելի էր սպասել խմբագրի և պատգամավորի փորձառություն ունեցող մեկից:
Պարզվեց՝ նա այս երկիրը չի սիրում և այն դիտում է որպես ռազմավար, որը ստացել է կայծակնային հեղաշրջման և հանրությանը փողոց հանելու շնորհքի դիմաց: Պարզվեց, որ ատում է բոլոր աշխատող մարդկանց և գործող համակարգերը ու իր խնդիրն է համարում դրանք բոլորը կազմալուծելն ու կաթվածահար անելը: Այդ մտայնությամբ էլ նախ ազատեց բոլոր պրոֆեսիոնալներին՝ իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարելու մտայնությամբ: Սկսեց պայքարել անորոշ «նախկիններ» հասկացության դեմ՝ նախկիններից որոշ թալանչիների ու վարկաբեկվածների պահելով իր կողքին, իսկ մյուսներին՝ ազատելով: Սկսեց քանդել համակարգերը՝ կառավարության կառուցվածքը փոխելով, նախարարություններ վերացնելով, միավորելով ու ինչ-որ կառույցներ մի ոլորտից մյուսը տեղափոխելով: Սկսեց իրականացնել սորոսական շրջանակների տարիների ծրագիրը՝ կրթության համակարգի, ոստիկանության, ԱԱԾ-ի, դատական համակարգի բարեփոխումների մեջ անթաքույց ներգրավելով ամենաակնառու սորոսական գործիչներին ու հասարակական կազմակերպություններին: Սկսեց փոխել կրթական համակարգը և նրա ղեկավար կազմը՝ ռեկտորներ, տնօրեններ: Ձեռնամուխ եղավ գիտության համակարգը փոխելուն և Գիտությունների ազգային ակադեմիան վերացնելուն: Փոխեցին հայտնի բուժհիմնարկների ղեկավարներին: Մեծ եռանդով անցան համայնքապետեր փոխելուն, մանավանդ նրանց, ովքեր իրենց թրի տակով չանցան: Եվ այդ գործն իրականացնելու համար անգամ քրեական լծակներ գործի դրվեցին՝ ամոթալի ու փլվող քրեական գործեր հարուցելով այն համայնքապետերի նկատմամբ, որոնք հոժարակամ չեն հեռանում կամ չեն ենթարկվում:
Մի հսկա շրջան Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք իրականացրեց Սահմանադրական դատարանի դեմ՝ այն կիսով չափ իրեն ենթարկեցնելով: Հիմա ձեռնամուխ է եղել դատարաններին: Թեև 3 տարում նման փորձեր էլի են եղել՝ ձախողված վեթինգի ծրագիրը, օրինակ, որը միջազգային կառույցների միջամտությամբ չիրականացվեց: Դատարանները շրջափակելու, դատավորներին վիրավորելու, իսկ օրերս էլ ԲԴԽ նախագահին հրապարակավ նսեմացնելու ամոթալի ակցիաներից յուրաքանչյուրը բավարար կլիներ, որ հայ հասարակությունը հասկանար՝ վտանգավոր է, աղետաբեր է այս իշխանությունների պաշտոնավարման յուրաքանչյուր օրը: Սրանք անգամ չեն հասկանում, որ իրենք պոզիտիվ պարտավորություն ունեն դատական համակարգը գոնե ֆիզիկապես համալրելու և ԲԴԽ նախագահին հեռացնելու, վարկաբեկելու համար բոյկոտում են իրենց տարրական պարտականությունները՝ վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրելու գործընթացը: Եվ հպարտորեն՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի շուրթերով հայտարարում են, որ դատավորների թեկնածուների հետ խնդիր չունեն, բայց չեն մասնակցելու նրանց ընտրությանը՝ Ռուբեն Վարդազարյանի ինադու:
Աշխարհը նման անգրագետ, անգործունակ, երկիրը միտումնավոր կաթվածահար անող իշխանություններ, հավանաբար, դեռ չէր տեսել:
Սրանք երկրի ու հասարակության հետ վարվում են ինչպես թշնամին, որը պատերազմում հաղթել և գրավել է հակառակորդի երկիրը ու գիտի, որ վաղ թե ուշ պետք է հեռանա, ուստի ամեն ինչ անում է այն հիմնահատակ ավերելու, քանդելու, վառելու, մոխրացնելու համար, որպեսզի իր հեռանալուց հետո տասնամյակներով չկարողանան այդ երկրի բնակիչները վերականգնել այն»,-գրում է թերթը: