Այսօրվա հեռուստատեսությունը քարոզում է այն կերպարներին, որոնք ‘’Հարսնաքարում’’ սպանություն արեցին. սոցիոլոգ
Արդյո՞ք եթերային ագրեսիան կապ ունի Հարսնաքարում տեղի ունեցած դաժան սպանության հետ : Սոցիոլոգ Վահրամ Միրաքյանն, ով նաև ‘’Հեռուստաեթերի մաքրման պահանջ’’ նախաձեռնող խմբի անդամ է ,նշում է, որ հեծանիվ հայտնաբերել պետք չէ, քանի որ 60 -ական թթ արդեն ապացուցվել է հեռուստաեթերի ազդեցությունը մարդկանց վրա: ‘’Այսօրվա հեռուստատեսությունը քարոզում է այն կերպարներին, որոնք ‘’Հարսնաքարում’’ սպանություն արեցին: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ մեր եթերում հայկական բանակի սպայի դրական կերպար չկա, բայց դրան զուգահեռ դրական կերպարի մեջ է ներկայացվում օլիգարխներին, թիկնապահներին , քրեական վարք ունեցողներին:
Հայկական եթերում քրեածին տարերր պարունակող ֆիլմեր որպես արտադրություն ձևավորվեցին 2005 թ-ից, արդյունքում նկատվեց հանցագործությունների թվի աճ, 2005- թ-ին 8 հազար էր, 2010թ-ին հանցագործությունների թիվը հասավ 15 հազարի “,-ասել է բանախոսը:
Սոցիոլոգը նկատում է, որ տեղական արտադրության սերիալներն ավելի արագ են ներգործում մարդու ենթագիտակցության վրա, քանի որ այն մոտ է մեր լեզվամտածողությանը:
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը նշում է, որ ոչ ոք չի ուզում խորհրդային կարգերին վերադառնալ, կամ գրաքննությունը վերականգնել, պարզապես հարկավոր է ոլորտները կարգավորել, ապահովել այնպիսի եթեր, որը կնպաստի մարդու բարոյական արժեքների ձևավորմանը: Դավիթ Ջամալյանը կարևոր համարեց նախագահի արձագանքը.“Նախագահը` որպես երկրի ղեկավար, պետք է ուշադրություն դարձնի ցանկացած համակարգի, ու միայն նրա անմիջական աջակցությամբ է հնարավոր խնդիրներին լուծումներ տալ”:
Հիշեցնենք , որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ: