23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա: Թշնամու ջրաղացին ջուր մի լցրու՝ հոգուդ մատաղ․ հադրութցի գյուղապետ

Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի գյուղապետ Արմեն Բուդաղյանը գրառում է արել Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով իրենց գյուղի ինքնապաշտպանությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն լսեք։ Ես Արմենն եմ Բուդաղյան, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից։ 33 տարեկան եմ։ Ծնվել եմ 1988-ին։ Ես մի մարդ եմ, որ կորցրել է իր տունը, հողերը, ունեցվածքը, պապերիս գերեզմանները։ Բայց հիմա դրա մասին չի, որ ուզում եմ խոսել։

Դե, ոնց որ ցանկացած հայ ես էլ ծնված օրվանից իմ ընտանիքում լսել եմ «դե հայի թասիբն ուրիշ ա, է՜…», «դե հայի գենն ուրիշ ա», «դե մենք ուրիշ ենք» ու միշտ մտածել եմ, որ աշխարհի բոլոր հայերս ենք ուրիշ, լավը, շա՜տ լավը։

Սրանցից բացի մեզ միշտ մեր կռված համագյուղացիներն ու ընկերները ու հայրս ասում էին, որ ադրբեջանցին վախկոտ ա, որ արյունը տեսնում ա, վախից փախնում ա, ես իմ կյանքում ադրբեջանցի տեսած չկայի, ես որ ծնվել եմ մեր գյուղում էլ ադրբեջանցի չի էղել։

Ես մթանը փակ աչքերով կանցնեմ Հադրութի անտառներով, որովհետեւ իմ Հադրութում ինձ ծանոթ են ամեն ծառն ու թուփը, ամեն քարն ու քարի տակի մրջյունը։

Պատերազմի առաջին օրվանից մեր համագյուղացիներով կազմակերպել ենք մեր Հադրութի ինքնապաշտպանությունը, ես որպես գյուղապետ եղել եմ մեր գյուղի ջոկատի հրամանատարը։ Էն որ, թե ոնց ենք կռվել, ինչեր ենք տեսել, ինչ օրեր ենք ապրել ես մինչեւ կյանքիս վերջին շունչը չեմ մոռանա, դրա մասին մի օր կնստեմ ու երկար կգրեմ, կհանձնեմ թղթին, ու հավատացնում եմ, եթե հանկարծ մի օր հիշողությունս էլ կորցնեմ պատերազմի 44 օրն ու ընտանիքիս գաղթի ճամփան հիշողությունիցս դուրս չի գա, ԵՐԲԵ՛Ք։

Մեր գյուղի ինքնապաշտպանությանը մասնակցել ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր գյուղացիները, հարգելի կարդացող ջան շեն մնաս, գիտեմ, որ հիմա կասես «բա հո ես չէի մասնակցելու»։

Մենք մեր գյուղը կորցրեցինք՝ իմ ՀԱՅՐԱԿԱՆ, իմ ՀԱՅԿԱԿԱՆ գյուղը մնաց թշնամի ադրբեջանցուն։

Իմ 16 հոգանոց ընտանիքից 13-ը (ես, հայրս, մայրս, իմ ու 2 եղբայրներիս կանայք ու մեր 7 երեխեքը) տեղափոխվեցինք Կոտայքի մարզ, իսկ 3 եղբայրս` Ստեփանակերտում են։

Նկատեցի՞ր

Մեկ անգամ եւս կարդա վերեւի նախադասությունը։

Ա՜, ես էդպես էլ հասկացա, որ չընկատեցիր։ Քո՛ւյրս, եղբա՛յրս, հայրենակի՛ցս, ես չասեցի թե ընտանիքս եկավ Հայաստան, ես ասացի եկավ Կոտայքի մարզ, գիտես ինչո՞ւ, որովհետեւ ես երբեւէ Արցախը չեմ առանձնացրել Հայաստանից։ Մենք բոլորս մի երկրում էինք ու ենք ապրում՝ մայր Հայաստանում, ուրիշ բան եթե դու կարծում ես, որ Արցախը Հայաստան չի, ուրիշ բան, որ դու կարծում ես թե արցախցին թուրք ա, քո կարծածից ոչ արցախցին ա դառնում թուրք ու ոչ էլ Արցախը ոչ հայկական։ Եթե դու քեզ երջանիկ ես զգում ինձ թուրք անվանելով, ես քեզ չեմ հակադարձի՝ միգուցե Էդ քո միակ երջանկության միջոցն ա։

Ի դեպ, ի՞նչ է նշանակում Արցախ, օգնեմ հասկանաս՝ Արայի ցախ։ Մեր Արա Գեղեցիկ արքայի օրոք ցախը տարել են մեր կողմերից, դե եթե գիտես մենք ինչքան անտառներ ունենք (տես, նույնիսկ անցյալով չեմ խոսում, այո՛ ունենք), դե Արա Գեղեցիկի մասին գիտես թե որ պատմիչն ա գրել՝ Մովսես Խորենացին, իսկ թե Խորենացին որ դարում էր ապրում՝ գուգլը քեզ օգնական։ Ասածս ինչ կցուցանե, ադրբեջանցին ու թուրքը ուր էին, երբ Արա Գեղեցիկի բանակի ցախը Արցախից էին տանում։

Ու հետո մի բան էլ ասեմ, էն որ ասում ես Շուշին հայկական չի, դու գոնե Շուշիի տեղը քարտեզի վրա գիտե՞ս, դու գոնե մեկ անգամ Շուշիում եղած կա՞ս, Ղազանչեցոց վանքում մի մոմ վառած կա՞ս։

Էն որ ասում ես թե Արցախը հայկական չի, Գանձասարում եղած կա՞ս, դու գոնե գիտես, որ Հովհաննես Մկրտչի գլուխը Գանձասարում ա թաղված, էն որ Գանձասարը կար, բա ադրբեջանցին ու թուրքը ո՞ւր էին։ Դու գոնե իմանո՞ւմ ես, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերը գտնելուց հետո առաջին դպրոցը Ամարասում բացեց, դու Ամարասում եղած կա՞ս, բա որ չես էղել, բա դու ո՞նց կարաս ասես, թե Ամարասը հայկական չի։ Երբ կար մեր գիրը ու Ամարասը ու Մեսրոպ Մաշտոցը, բա ո՞ւր էին թուրքն ու ադրբեջանցին։

Դու հիմա քեզ էնպես ես պահում, որ ես սկսում եմ վախենալ, որ իմ էրեխեքին իմ հողում հանկարծ կարո՞ղ ա նեղացնեն։

Եղբայր իմ, քույր իմ, հայրենակից ջան՝ մենք թուրք չենք, մենք հայ ենք, բայց ճակատագիրը մեր նկատմամբ դաժան ա եղել։ Ես էսօր քեզ կարող եմ վիրավորել ու ասել թուրքը դու ես կամ ծնողդ ա, բայց ես ինձ նման բան թույլ չեմ տա, գիտե՞ս ինչու, որովհետեւ ես իսկական թուրքին տեսել եմ մեր Հադրութի ինքնապաշտպանության ժամանակ։ Էդ անեծք ա ունենալ ադրբեջանցի հարեւան….

Ի դեպ, ես հո չեմ բարձրաձայնել, որ մեր գյուղի ինքնապաշտպանության ժամանակ ոմանք, որ իբր թե կամավորագրվել էին Արցախի պաշտպանությանը, բայց իրականում եկան ու պատերազմի թեժ օրերին թալանեցին իմ գյուղն ու շրջակա մի քանի գյուղերըը, իրենք Արցախից չէին….

Գիտե՞ս ինչքան էին նման թալանները, ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա:

Հա մի բան էլ, գիտե՞ս, 1915 թվականին Արեւմտյան Հայաստանից գաղթականներին Արեւելյան Հայաստանում էլ ժամանակին լավ չեն ընդունել, ասել են թուրք են, տեղաբնակ ու գաղթական հայերի միջեւ երկար տարիներ նույնիսկ ամուսնություններ չեն եղել, ու քո, հա՛ հենց քո պատճառով պատմությունը կրկնվում ա։

Ասածս ինչ ա…. Թշնամու ջրաղացին ջուր մի լցրու՝ հոգուդ մատաղ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ