«Սա պետության վարչապետի կողմից քաղաքացիական պատերազմի կոչ է, բայց Երևանի փողոցներում արյուն չի թափվելու. նա պետք է հեռանա». Էդուարդ Շարմազանով
Երեկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ վարչապետի կողմից աշխատանքից ազատելուց հետո, այսօր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Գլխավոր շտաբը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը:
Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ, նա այս հայտարարությունը համարեց զինված հեղաշրջման փորձ և նախ՝ ֆեյսբուքյան գրառմամբ, ապա՝ ուղիղ եթերով իր կողմնակիցներին դիմեց՝ նրանց բոլորին կանչելով Հանրապետության հրապարակ՝ չմոռանալով հայտարարել, որ Հանրապետության նախագահին է արդեն դիմել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու պահանջով:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ կերպ, քան քաղաքացիական պատերազմի կոչ և հրահրում, չի կարող բնութագրել:
«Փաշինյանը հերթական անգամ փորձում է հասարակությանը տանել բախումների: Սա ուղիղ քաղաքացիական պատերազմի կոչ է: Երևի նրա համար մեր 5000 երեխաների ու եղբայրների թափած արյունը քիչ է, նոր արյուն է ցանկանում: Բայց Երևանի փողոցներում արյուն չի թափվելու: Նա պետք է հեռանա: Սա պետության վարչապետի կողմից քաղաքացիական պատերազմի կոչ է, որն անընդունելի եմ համարում, ուստի բոլորին սթափության և հանդարտության կոչ եմ անում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Գոհար Սավզյան
168.am