Արագածոտնի փոխմարզպետը պատերազմի դաշտից երկու մեքենա է «թռցրել», մեկը՝ ամենագնաց
«Մեզ նոր մանվելներ պետք չեն». խոսքերը հնչել են 2018 թ. հունիսի 24-ին այն ժամանակ «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ նախագահ Ռազմիկ Պետրոսյանի կողմից:
Պետրոսյանը նախկինում եղել է Ապարանի քաղաքապետը, իսկ պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 30-ին, իր պաշտելի Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց հայրենի Արագածոտնի մարզպետի տեղակալ:
Դեռ 2018-ից Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին ամեն կերպ դուր գալ փորձող Պետրոսյանը նախ ասում էր, թե ժամանակը հասունացել է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոխվի:
Մեկ այլ առիթով էլ Պետրոսյանը սրտնեղում էր, թե՝ ԵԿՄ-ն պետք է խորհուրդը ղեկավարի. դա ամենաարդյունավետ կառավարման ձևը կլինի. «Մեզ նոր մանվելներ պետք չեն»,- ասում էր նա:
«Մարդ, որն ամեն ինչով ապահոված է, կարար էն աստիճանի իջներ, որ զինվորին, մանավանդ էն երեխայի ուղարկածին աչք ունենար, ես ըտեղ ոչ մի լավ բան չեմ տեսնում»,- Գրիգորյանի մասին ասում էր Պետրոսյանը:
Արդեն հաջորդ տարում՝ 2019-ին, Մանվելը նրա համար «լեգենդ էր», «ճանապարհ էր անցել», «հետագիծ ուներ»:
Ինչևէ: Մեր հրապարակումն ամենևին էլ Մանվել Գրիգորյանի կամ նրա արած-չարածի մասին չէ, այլ այն բանի, որ այսօր Պետրոսյանը, ճակատագրի հեգնանքով, էլ ավելի անողոք պատերազմի դաշտում արել է այն, ինչում մեղադրում էին Գրիգորյանին Փաշինյանի անձնական գործիք իրավապահները և նույն Պետրոսյանը:
ARM24.net-ի տեղեկություններով՝ ռազմի դաշտից Պետրոսյանը երկու մեքենա է «թռցրել», մեկը՝ UAZ Patriot ամենագնաց, որի շուկայական նվազագույն արժեքը գերազանցում է շուրջ 10 հազար դոլարը և ևս մեկ ՈւԱԶ, որը մարզերում հաճախ օգտագործվում է իբր Շտապօգնության մեքենա: Դրանք նա պահում է Ապարանի իր տան բակում, մինչդեռ Փաշինյանի ձեռքի տակ աշխատող իրավապահները չեն նկատում իրենց շեֆի ձեռքը սեղմած Պետրոսյանի ապօրինությունները:
Նախկին իշխանություններին ամեն հարմար առիթով քննադատող Պետրոսյանի լեզուն այժմ կուլ է գնացել:
Պատերազմի ամենացայտուն ստախոսներից մեկը հենց Պետրոսյանն էր: Նա էր, որ հանցակից էր այս իշխանությանը, և հանրության գլխի տակ փափուկ բարձ էր դնում, թե ամեն ինչ լավ է: Մինչդեռ, ասենք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցի բակից դեռ հոկտեմբերի 29-ին էր ասում, որ թշնամին Շուշիից մի քանի կիլոմետր է հեռու:
«Մեր վիճակը պատերազմի առաջին իսկ օրվանից շատ լավ է, իհարկե, ունեցել ենք բացթողումներ, բայց հիմա բանակը վստահ տիրապետում է իրավիճակին: Հակառակորդի միջոցներն առաջին օրերին խոցել ենք, հիմա բանակն իրավիճակին տիրապետում է, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»: Պետրոսյանը խոսեց նաեւ հակաօդային պաշտպանության մասին՝ ասելով, թե օր օրի այդ միջոցներն ավելանում են, եւ մինչեւ ամսի 5-ը կունենանք միջոցներ, որոնցով ամբողջությամբ կփակենք օդը»,- խայտառակ պարտությունից 9 օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին ասում էր Պետրոսյանը:
Նա նույնիսկ մեղա չի գալիս սեփական ստերի համար: Ստերի, որոնց մարդիկ հավատացին, որոնք լսել էին երբեմնի արժանապատիվ ռազմական կենսագրություն ունեցող ազատամարտիկի կողմից:
Պետրոսյանն այժմ չի նկատում նաև, որ Փաշինյանը մսխել է մեր հողերն ու մեր կյանքերը, մեր հայրենիքն ու մեր արյունը: Ուրեմն, Պետրոսյանը հենց այդ ժամանակից է կեղտոտել ձեռքերը, երբ համաձայնել է մասնակցել Փաշինյան ընտանիքի լրատվական սրիկայություններին:
Դե՛, իսկ հիմա ինքն արդեն հայրենիքի դավաճանի ձեռքի տակի պաշտոնավորն է, կարող է իրեն թույլ տալ դավաճանել նաև բանակը՝ մեքենաներ թռցնել ռազմի դաշտից ու անպատիժ մնալ:
Իսկ նա ասում էր, որ մեզ նոր մանվելներ պետք չեն…
ARM24.net