23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Չեմ զարմանա, որ Փաշինյանը վաղը Շուշիի փոխարեն՝ ասի՝ Շուշա, Ստեփանակերտին ասի՝ Խանքենդի, Երևանին էլ՝ Էրիվան». Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ  պահելու վերաբերյալ հարցին, նախ շեշտել էր փախստականների վերադարձի մասին ադրբեջանական կողմի պահանջը, ապա հայտարարել, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկակա՞ն Շուշի։

«Ընդհանրապես չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները՝ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի զրույցում  նշեց, որ Փաշինյանի այդ հայտարարությունը զարմանալու ոչ մի առիթ չպետք է տար.

«Իրենից ի՞նչ եք սպասում, մի մարդ, որ Ալիևին կիրթ ու կառուցողական է ասում, մի մարդ, որ այսօր սպասարկում է բացառապես Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգը, մի մարդ, որ ի զորու չէ գերիների հարց առաջ քաշել, մի մարդ, երբ մեր գերիներն ու անհետ կորածներն Ադրբեջանում են, իսկ Ալիևն ասում է՝ նրանց մի մասը տեռորիստ է, ինքը գնում է, հետը բաժակ է չխկացնում, դուք դրանից ի՞նչ եք պահանջում, դա արժանապատվությունը կորցրած մարդ է: Մի զարմացեք, վաղն էլ կարող է ասի՝ Երևան չի, Էրիվան է, մենք էլ ոչ թե բնիկ ժողովուրդ ենք, և սա մեր հայրենիքն է, այլ երկվոր ենք, Ալիևի թեզերը կամաց առաջ է քաշելու, ինչի՞ մասին է խոսքը»:

Դիտարկմանը, թե որոշ փորձագետների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունները, բացի Ադրբեջանից, նաև միջազգային տարբեր հարթակներում կարող են Հայաստանի դեմ աշխատել, Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Փաշինյանը՝ արդեն 2.5 տարի է՝ մեր պետության դեմ է աշխատում:

«Այն, որ Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը հանում է, տեղը Դուշանբեի լիֆտ է բերում, դա մեր պետության կո՞ղմ է, որ ասում է՝ մեզ պետք է լուծում, որը ձեռնտու կլինի Ադրբեջանի ժողովրդին, դա մեր պետության շահերից է բխո՞ւմ, որ ինքը ոչ թե Սերժ Սարգսյանից է իմանում բանակցային գործընթացի մանրամասները, այլ Ալիևից, դա մեր պետության շահերից է բխո՞ւմ, որ Պուտինի առաջարկը մերժում է, պատերազմը չի կանգնեցնում՝ դա մեր պետության շահերից է բխո՞ւմ, որ հունվարի 11-ին չի պնդում, որ գերիների ու անհետ կորածների կետը լինի հայտարարության մեջ, մեր պետության շահերից է բխո՞ւմ: Այս մարդը 2.5 տարի շարունակ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահեր, և ես փաստերով եմ դրա մասին ասում: Էլի եմ ասում, չեմ զարմանա, որ վաղը Շուշիի փոխարեն՝ ասի՝ Շուշա, Ստեփանակերտին ասի՝ Խանքենդի, Երևանին էլ ասի՝ Էրիվան,- ասաց Էդուարդ Շարմազանովը, ապա ընդգծեց,- Միակ ճանապարհը համախմբվելն է, չհիասթափվելն է ու սրան ռադ անելն է այդ պաշտոնից»:

Նարեկ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ