23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մերժեցիք Սերժ Սարգսյանին, դե ծափահարեք Ալիևին ու Էրդողանին և նրանց կամակատար Նիկոլին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս օգոստոսի 19-ին իր մեծ ասուլիսի ժամանակ երեք ժամից ավելի պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մանրամասներին, նշելով, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ նման հանդիպում նորից կլինի։

168.am–ը ՀՀԿ  ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե առաջիկայում Սերժ Սարգսյանը չի՞ պատրաստվում հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել հարցերին, որոնք մեծ մասամբ կապված են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի հետ, և առհասարակ այդ իրավիճակի վերաբերյալ ինչ տեսակետ ունի ՀՀ երրորդ նախագահը։

 «Սերժ Սարգսյանն ամենամեծ արտախորհրդարանական ուժի՝ Հանրապետական կուսակցության ղեկավարն է։ ՀՀԿ-ն այս պայքարի առաջին օրերից եղել է կիզակետում, կա ու կլինի։ Մեր քաղաքական թիմը, մեր կուսակցության հայտարարությունները, պայքարը, բնականաբար, ղեկավարում է Սերժ Սարգսյանը, նա է կուսակցության ղեկավարը։ Այն բոլոր հայտարարությունները, որոնք մենք անում ենք՝ Նիկոլի հրաժարականը պահանջելուց մինչև այն, որ մենք չենք պատրաստվում նրա վարչապետության պարագայում գնալ արտահերթ ընտրությունների, դա նախևառաջ Սերժ Սարգսյանի կարծիքն է։

Ավելին՝ երբ հոկտեմբերի 12-ին ես գնացել եմ Նիկոլի հետ հանդիպման, ես գրավոր եմ խոսել և ներկայացրել մեր կուսակցության դիրքորոշումը, որտեղ հերթով ապացուցել եմ իր 2,5 տարվա սխալները, դավաճանությունը, ապաշնորհությունը և պատերազմի 44 օրերի սխալները, այս ամենը մենք արել ենք։

Ինչ վերաբերում է նրան, թե պարոն նախագահը կխոսի, թե ոչ՝ չեմ ուզում առաջ ընկնել, կարծում եմ՝ կխոսի, բայց դա իմ որոշելու հարցը չէ։ Այսօր պայքարի ժամանակն է, և ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որն ասել է, որ մեր օրակարգում դավաճանի հետ որևէ գործարքի գնալու քաղաքական քայլ չկա անելու»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, երբ ինքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում ելույթ էր ունենում, ներկայացնում էր ոչ միայն իր կարծիքը, այլև ՀՀԿ-ի և նրա նախագահի կարծիքը։

«Այդ ժամանակ ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանն ապրում է իր կյանքի ամենաողբերգական օրերը, որովհետև նա իր կյանքի իմաստից է զրկվել։ Նրա ամբողջ պայքարն Արցախն է եղել, և այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն այս հողատուին ժառանգել է ուժեղ Արցախ, երկու հայկական միասնական պետություն, հաղթանակած բանակ, Վիեննա-Սանկտ Պետրբուրգի պայմանավորվածություններ․․․»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել ճնշումների արդյունքով, և գրեթե բոլոր քաղաքական ուժերը նրան ծափահարում էին։

Իսկ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, և երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն առաջադրել է իր թեկնածությունը վարչապետի համար, նրա թիմակիցներն էին գրում՝ 3 մլն՝ ընդդեմ 55-ի, քանի որ 55-ը դեմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

«Սերժ Սարգսյանը Նիկոլին իշխանություն չի հանձնել, Սերժ Սարգսյանից հետո իշխանության պաշտոնակատարը եղել է Կարեն Կարապետյանը՝ մինչև մայիս։ 2018 թվականին ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին ի՞նչ կարգախոսով գնաց՝ եթե մտահոգ եք Արցախի ճակատագրով, ազգային ավանդական արժեքներով, ուրեմն ձեր վստահության քվեն տվեք ՀՀԿ-ին։ Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ իր դատավարության օրը օդի՞ց ասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ 2,5 տարի ես, իմ կուսակցական ընկերներն ինչի՞ մասին էինք խոսում․ ասում էինք, որ, եթե Նիկոլը հրաժարվում է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից, երբ Արցախի բանակցությունների մանրամասները ճշտում է ոչ թե նախորդներից, այլ իր ընկեր կիրթ ու կառուցողական Ալիևից, երբ   Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները փոխում է Դուշանբեի լիֆտի պայմանավորվածության հետ, երբ ասում է՝ թող Լավրովը ադապտացվի, կամ, երբ Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ է հարուցում, պետք էր սպասել, որ հետևողականորեն պատերազմ է հրահրում, սրա մասին մենք խոսել ենք»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Շարունակելով միտքը, նա նաև ասաց, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվեց, որպեսզի  հայը չարժանանա ներկայիս ազգային անարգանքին։

«Այն, որ կոկորդները պատռելով ասում էին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն առաջադրվել․․․ առաջադրվել է, որ իշխանությունը պահի․․․ ասեմ՝ իշխանություն պահողն ամեն ձևով կպահեր։ Նա իր թեկնածությունն առաջադրել էր, որպեսզի այսօր ազգային նվաստացում չլիներ, որ Մոսկվայի դեսպանատան մոտ հայը կուչ եկած չասեր՝ թող Նիկոլը գնար, որ որբի նման բոլորը ման չգան։ Մենք ընտրությունների ժամանակ ասել ենք, որ Սերժ Սարգսյանն առաջադրվում է Հայաստանի անվտանգության համար։ Սրա մասին մենք ասել ենք, չլսեցին։ Մերժեցիք Սերժ Սարգսյանին, դե ծափահարեք Ալիևին ու Էրդողանին և նրանց կամակատար Նիկոլին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ    
168.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ