22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանի վարչապետին է փոխանցել ՀՀ նախագահի հրավերը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ  Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

“Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության հիմքերի վրա: Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին”,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահի խոսքով, Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները կարեւորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական, մշակութային համագործակցության խորացումն ու ընդլայնումը:

Վարչապետ Հովիկ  Աբրահամյանը նշել է, որ  Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների եւ օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ  Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար: 

Իրանի նախագահը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանային խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ  Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը եւ տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Իրանի նախագահն իր հերթին ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել  իր ջերմ բարեմաղթանքները:

 Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանն Իրանի նախագահի հետ քննարկել է  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ