Փաշինյանը տվեց այն հարցի պատասխանը, թե ինչու չէր կարելի 2018-ին «փողոցով անցնող» պատահական մարդուն իշխանություն վստահել
Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ խորհրդարանում տվեց այն հարցի պատասխանը, թե ինչու չէր կարելի 2018-ին «փողոցով անցնող» պատահական մարդուն իշխանություն վստահել։ «Ժողովրդին պատկանող իշխանությունը չենք կարող հանձնել այդ պահին փողոցով պատահաբար անցնող ինչ-որ մեկին»։ Դու՛ ասացիր։
Իհարկե, դժվար է այս հարցում չհամաձայնել նրա հետ։ 2018-ին ՀՀԿ-ն փողոցի ճնշման տակ իշխանությունը հանձնեց մի մարդու, որի միակ «առավելությունը», սորոսական ցանցի անմիջական և շատ ակտիվ աջակցությամբ, շատ մարդ փողոց դուրս բերելն էր, ինչն էլ 2,5 տարվա ընթացքում միակ հենման կետը դարձավ։ Փաշինյանն աշխարհին ներկայացավ փողոցի տրամադրություններով, հարցերի լուծմանը մոտեցավ ամբոխավարության տեսանկյունից, ներսում բոլոր ընդդիմախոսներին վախեցրեց փողոցով ու այսօր էլ շարունակում է նույն լարի վրա խաղալ, իմա՝ հրաժարականի համար փողոցում բավարար քանակի մարդ չկա։ Բայց փողոցն էլ իրենը չէ, ավելի ճիշտ, իր դեմ է։
Սակայն դա չի խանգարում, որ կրկին ամբիոնից խոսի ժողովրդի անունից, թքած ունենալով այն հայտնի ճշմարտության վրա, որ հալվա ասելով բերանդ չի քաղցրանում, ամեն երկրորդ բառը «ժողովուրդ» ասելով, ժողովուրդը քեզ հետ չի լինում։ Ըստ Փաշինյանի և նրա թիմակիցների, ժողովուրդն էլ «սև» է ու «սպիտակ»։ Ըստ այդմ, ժողովուրդ չեն կաթողիկոսները, ԵՊՀ գիտական խորհուրդը, ԳԱԱ-ն, 200 համայնքների ղեկավարները, փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ «Ժողովուրդ» են Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կառուցող իմքայլականները, մեր գերիներին Ադրբեջանում լավ վերաբերվելու մասին հայտարարողները, Ջաբրայիլը Քարվաճառ համարողները, հայրենիքին դավաճանելու դեմ բողոքողներին սրիկա որակողները։
Հաշվի առնելով եղանակային պայմանները, սգի մեջ հայտնված մարդկանց, այսօր, այո, փողոցում 2018-ի ապրիլ-մայիսի չափ հանրություն չկա։ Բայց կա նաև մեկ այլ պատճառ, որի համար ոչ բոլորն են փողոց դուրս գալիս։ Որպեսզի մարդը դուրս գա փողոց ու ընդվզի, նախ պիտի հասկանա, որ հայրենիք է կորցրել ու այսօր էլ կանգնած է Սյունիքը կորցնելու վտանգի առաջ։ Եթե չկա այդ վտանգի զգացողությունը, հայրենիքի կորստի ցավը, նա միանշանակ չի կարող լինել փողոցում։ Այլ հարց է, թե ինչու մեր հասարակությունն այսքան անտարբեր դարձավ իր անվտանգության ու հայրենիքի կորստի հանդեպ, ինչպես հետևողականորեն բթացրին նրա զգայարանները, ինչը, թերևս, մեր երկրի համար մեծագույն սպառնալիքն է այսօր։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։