Մենք միշտ սիրով ու ջերմությամբ պիտի ասենք բոլորիդ՝ բարով եք եկել Երեւան
“Էրեբունի-Երեւան 2796” տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան այցելած շուրջ 40 պաշտոնական պատվիրակությունների անդամները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Երեւան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ հրավերն ընդունելու եւ Երեւանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. “Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո եւ առիթն օգտագործելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ, որ այսօր այստեղ եք ու իմ եւ բոլոր երեւանցիների հետ կիսում եք մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երեւանի ծննդյան օրվա ուրախությունը: Ձեւավորված ավանդույթները պահպանելով՝ 2796-ամյա Երեւանն այսօր աշխարհին ներկայանում է որպես դինամիկ զարգացող եւ մեծ քաղաքներին ներհատուկ համընդհանուր խնդիրներին հաջողությամբ դիմակայող քաղաք։ Այս համատեքստում մենք առանձնակի կարեւորում ենք միջազգային համագործակցությունը, այդ թվում նաեւ համայնքներին համախմբող միջազգային եւ տարածաշրջանային կառույցներին Երեւանի անդամակցությունը։ Ու վստահաբար նաեւ դրա արդյունքում է, որ այսօր մեր հին բարեկամների կողքին այստեղ տեսնում ենք նաեւ մեր նոր գործընկերներին։ Վառ ապացույցը քիչ առաջ Կրասնոդարի եւ Նովոսիբիրսկի քաղաքապետերի հետ ստորագրված համագործակցության համաձայնագրերն են, որոնցով, վստահ եմ, հիմք դրեցինք արդյունավետ ու հարատեւ գործընկերային նոր կապերի եւ բարեկամության։ Հարգելի գործընկերներ, արագ զարգացող աշխարհն, անշուշտ, նորանոր մարտահրավերներ է առաջադրում նաեւ քաղաքային իշխանություններին: Ուստի որքան հաճախակի ու բազմաշերտ լինեն մեր շփումները, այնքան կշահեն գործն ու մեր բնակիչները: Նաեւ այդ պատճառով է, որ Երեւանի 2796-ամյակի տոնակատարությունների շրջանակում մենք այսօր անցկացրեցինք “Երեւան 2025”միջազգային կոնֆերանսը, որը, ինչպես եւ ակնկալում էինք, դարձավ թե նվաճումների ու տեսլականների ներկայացման եւ թե մեզ հուզող ու հետաքրքրող հարցերի քննարկման եւ փորձի փոխանակման յուրօրինակ հարթակ:
Վստահ եմ, որ այն նաեւ փոխշահավետ նոր ծրագրերի ու նախագծերի սկիզբ կդառնա, որոնց արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում: Գործերի մասին մենք, իհարկե, դեռ կհասցնենք խոսել: Իսկ մինչ այդ, հարգելի բարեկամներ, ուզում եմ կրկին բարի գալուստ եւ այս օրերի ընթացքում նաեւ հաճելի ժամանց մաղթել բոլորիդ՝ մեր սիրելի քաղաքում: Ձեզնից շատերը արդեն եղել են մեր մեծ տանը՝ Երեւանում, իսկ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են եկել Երեւան, վստահ եմ, արդեն հասցրել են սիրել մեր մեծ տունն ու, այդ սիրով ջերմացած, էլի ու էլի են ցանկանալու այցելել մեր հյուրընկալ քաղաք:
Ու վստահ եղեք՝ մեր դռները միշտ բաց են բոլորի, առավել եւս մեր բարեկամների համար, ու մենք միշտ սիրով ու ջերմությամբ պիտի ասենք բոլորիդ՝ բարով եք եկել Երեւան”,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը:
Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում շփվել է հյուրերի հետ եւ հույս հայտնել, որ նրանք այս օրերին կհասցնեն վայելել Երեւանի հմայքն ու գեղեցկությունը: Քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ Երեւանը մեծ սիրով է պատրաստվել տոնին, ու արվել է հնարավորը, որպեսզի տոնական օրը ինչպես երեւանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար հերթական անգամ վերածվի իսկական տոնախմբության: