Առանձնահատուկ վերաբերմունք ուսուցչի նկատմամբ. գեներալ Մանվել Գրիգորյան
Հարգելի՛ ուսուցիչներ,
ԵԿՄ վարչության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի հաճելի առիթով:
Դարեր ի վեր մեր ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի նկատմամբ՝ ոչ միայն բոլոր կարևորագույն հարցերում նրան անվերապահորեն հավատալով ու վստահելով, այլև նրա հետ կապելով ապագայի բոլոր հույսերն ու սպասելիքները: Եվ դա բնական է մի ժողովրդի համար, որը միշտ էլ բացառիկ կարևորություն է տվել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, պաշտամունքի հասնող սեր է ունեցել գիտելիքի և գիտության նկատմամբ: Այնպես որ սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր մասնագիտության տեր մարդիկ ո՛չ անցյալում և ո՛չ էլ այսօր գովեստի, մեծարանքի ու երախտագիտության խոսքերի պակաս չեն զգացել: Դուք, իսկապես արժանի եք դրան, քանի որ ուսուցչի անչափ պատասխանատու աշխատանքը, ես կասեի առաքելությունը ստանձնել ու իրականացնում եք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ:
Առանց վարանելու կարող եմ ձեւակերպել, որ հայ ուսուցիչները, հայ սերունդներին կրթող ուսուցիչները ամենաիսկական երկրապահներ են եւ նվիրյալ հայրենասերներ: Վստահ եղեք` թշնամու նկատմամբ տարած հաղթանակ է վաղվա Հայաստանի, Արցախի համար լավ մասնագետ կադրեր պատրաստելը: Ուսուցիչների` երկրապահ կարգավիճակն ամրագրվեց սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի, կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքված եռակողմ հուշագրով: Այսօր դուք կրթում, դաստիարակում եք պատանի երկրապահներին, դուք եք պատասխանատու վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի եւ պաշտպանված Արցախի համար:
Այնպես որ` հարգարժան ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն, տոկունություն, եռանդ, երջանկություն եւ հաջողություններ անձնական կյանքում ու հայրենանվեր աշխատանքում:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
գեներալ-լեյտենան Մանվել Գրիգորյան