19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մանկավարժների բանակը պաշտպանության նախարարությունում էր /ֆոտո/

Կարեւորելով զինված ուժերի եւ կրթօջախների միջեւ հաստատված անքակտելի կապը եւ ըստ արժանվույն գնահատելով մանկավարժների հայրենանվեր աշխատանքը` հոկտեմբերի 3-ին Ուսուցչի օրվան ընդառաջ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որն մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը:

Դպրոցը հասարակության եւ պետության հենարանն է, ուսուցիչը՝ հիմնասյունը: Սրանք լոկ միայն խոսքեր չեն: Ուսուցչի անտրտունջ եւ անխոնջ աշխատանքի շնորհիվ է կրթվում ու դաստիարակվում մեր հայրենիքի վաղվա արժանավայել քաղաքացին եւ հայոց բանակի քաջարի զինվորը: Այն սերունդը, որը վաղը անառիկ է պահելու հայրենի եզերքի սահմանները՝ ապահովելով հուսալի ու խաղաղ արարում հայ ժողովրդի համար:

Եվ պատահական չէ, որ արդեն մի քանի տարի է, որպես բարի ավանդույթ, պաշտպանության նախարարության հարկի ներքո հանդիսավորությամբ նշվում է Ուսուցչի օրը` վերստին հավաստելով այն իրողությունը, որ պաշտպանության նախարարությունը կարեւորում է զինված ուժերի եւ կրթօջախների միջեւ հաստատված անքակտելի կապը, արժեւորում մանկավարժների դերը աճող սերնդի ոչ միայն կրթության, այլեւ հայրենասիրական դաստիարակության եւ հայրենաճանաչողության գործում:

Բոլոր ժամանակներում էլ եւ բոլոր հասարակություններում միշտ էլ մեծարել են ուսուցչին եւ խորին ակնածանքով վերաբերվել նրան: Հայ ուսուցչին` առավել եւս, որովհետեւ նրան է վերապահված եղել մեր լեզուն, մշակույթը եւ ազգային ինքնությունը իր հայեցի դաստիարակությամբ պահպանելու առաքելությունը:

Պաշտպանության նախարարությունում էին մեկտեղվել բազմաթիվ մանկավարժներ, նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են: Ուսուցչի օրվան նվիրված տոնական հանդիսությանը ներկա էին հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիաները հետ մղած եւ խիզախորեն մարտնչած այն զինծառայողների ուսուցիչները, ովքեր արիաբար մարտիրոսվեցին` սեփական կյանքի գնով պաշտպանելով հայրենյաց սահմանները:

Ողջունելով եւ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունը հայտնեց մանկավարժներին այն բանի համար, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն, այսօր բարեխղճորեն եւ պարտքի մեծ գիտակցմամբ ծառայում են հայկական զինված ուժերում` կարողանալով փոքր ուժերով մեծ խնդիրներ իրականացնել:

Բարձր գնահատելով պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունների միջեւ գործակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց նաեւ, որ բանակն այսօր իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս երկու նախարարությունների միջեւ համագործակցության շրջանակում իրականացվել են ռազմական դաստիարակությանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր, ընդունվել են համատեղ որոշումներ հետագա անելիքների վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում ելույթներով եւ շնորհակալական խոսքերով հանդես եկան նաեւ հանրակրթության ոլորտի պատասխանատուները, հուլիս-օգոստոսյան իրադարձությունների հետեւանքով զոհված զինծառայողների ուսուցիչները:

Ուսուցչի օրվան նվիրված տոնական հանդիսությունը եզրափակվեց պարգեւատրման արարողությամբ: Մատաղ սերնդին ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակելու համար մի խումբ մանկավարժներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ նվերներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ