Հայաստանը ծերացող երկիր է
Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի, այսօր ամբողջ աշխարհում 60 եւ ավելի տարիքի մարդիկ ամբողջ աշխարհի բնակչության 12%-ն են կազմում, իսկ Հայաստանում տարեցների թիվը բնակչութան 13%-ն է: Սա նշանակում է, որ մեր հասարակությունը ծերացող է:
“Եթե Հայաստանում ամեն ինչ մնա այսպես, ապա 65 եւ բարձր տարիքի անձանց թիվը կլինի 23%, այսինքն 60 տարեկաններինը կլինի ավելի բարձր՝ 26-27 տոկոս: Մեր բնակչութան 1/3-ը կլինի տարեց: Նույնիսկ լավագույն դեպքում տարեց բնակչության թիվը Հայաստանում 2050թ-ին կկազմի բնակչության 20%-ը”,-ասաց նա:
Հայրապետյանի խոսքով, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Հայաստանում ծնելիությունը կտրուկ նվազեց, որի հետեւանքն այսօր զգալի է:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանն էլ նշեց, որ այսօր պետությունը տարեցների հարցում իր առաջնահերթությունն է համարում տարեցների կյանքի որակի բարելավումը, նրանց համար արժանապատիվ կեսամակարդակի ապահովումը:
Մասնավորապես, Հայաստանում այսօր գործում են 8 խնամքի կենտրոններ կամ ինչպես ասում են՝ ծերանոցներ եւ ցերեկային կենտրոններ՝ տարեց մարդկանց ժամանցը, զբաղվածությունը ապահովելու համար:
“Այսօր պետությունը այդ ծառայությունները տրամադրելու համար հատկացնում է ավելի քան 2.5 մլրդ դրամ տարեկան շուրջօրյա խնամքի, ցերեկային կենտրոնների համար: Ունենք տնային սպասարկման երկու խոշոր կառույց՝ մեկը պետական, մյուսը՝ մասնավոր, որոնք միասին տներում սասարկում են շուրջ 4000 միայնակ ծերերի: Տուն ինտերնատներում այսօր բնակվում են 1250 տարեց անձինք”,-ասաց նա: