Սիրելի են ոչ միայն բանակը, այլև ոստիկանությունը, քաղաքացիները
Ազգային ժողովում քննարկվում է ՀԱԿ խմբակցության ներկայացրած ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Գագիկ Ջհնագիրյանը խոսեց նախագծի հիմնական վիճելի հարցի մասին՝ արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ կիրառումն է: Նա հղում արեց Սահմանադրության համապատասխան հոդվածին, որի համաձայն նախագահն իրավունք ունի հայտարարել ռազմական դրություն միայն երեք դեպքում, երբ լինի զինված հարձակում երկրի վրա, անմիջական վտանգ հակառակորդի հարձակման և պատերազմի դեպքում:
‘’Այս երեք դեպքերում միայն կարող է ընդունվել որոշում ԶՈՒ գործադրման մասին, բայց սա բավարար չէ, այդ երեք դեպքերում Սահմանադրությունը ենթադրում է մի պայման ևս՝ դա ռազմական դրություն հայտարարելն է, քանի չի հայտարարվում ռազմական դրություն, չես կարող ԶՈՒ կիրառման մասին որոշում ընդունել, սա այնքան հստակ է գրված, որ ինչքան էլ կամայական մեկնաբանենք ԶՈՒ կիրառման հնարավորությունը, դա մեզ որևէ բան չի տա’’,-ասաց նա:
Գ. Ջհանգիրյանի ելույթից հետո պատգամավորներն իրենց ելույթներում սկսեցին տարանջատումներ անել բանակ, ոստիկանություն` առաջինին սատարելով, երկրորդին` քննադատելով: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընգդծեց, որ բոլորն էլ սիրելի են: ‘’Եթե մենք խոսում ենք, ասում ենք` մեր սիրելի բանակը, սիրելի բանակը, ոստիկանությունն էլ է մեր սիրելի, Ազգային անվտանգությունն էլ է մեր սիրելի, մեր քաղաքացիներին էլ են մեր սիրելի, մենք բոլորս մի նավի անդամ ենք:
Ես չեմ ուզում, որ մենք հատուկ բաժանում անենք` բանակը մեր սիրելի երեխաներն են, ներքին զորքերում աշխատող, ծառայող մեր զինվորականները, սպաները մեր սիրելիները չեն, և մեր քաղաքացիներն են սիրելի, և մեր ծառայողները, և պետք է այնպես անենք, այնպիսի միջավայր ստեղծենք, որպեսզի ատելությունն ու քաղաքական նիհիլիզմը իսպառ վերան, իրավական խնդիրները գոնե այս փուլում պետք է լուծվեն սահմանադրական դատարանում”: