Արզումանյանն ու Թովմասյանը վիճեցին. նախարարը մեջքով շրջվեց դահլիճին
ԱԺ պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց, որն առնչվում է ԱԺ-կառավարություն փոխհարաբերություններին:
Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ դեռ հոկտեմբերի ութին պատգամավորական հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին, սակայն հարցումն անպատասխան է մնացել: Սա պատգամավորը դիտարկում է որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ:
“Պարոն վարչապետ, վերջերս ասացիք, որ հարգալից վերաբերմունք եք ակնկալում պատգամավորներից, նույնը մենք ենք ակնկալում: Հելիսնկյան ասոցիացիայի հետ կապված հարցում էր, որը ուղարկվել է մեկ ամիս յոթ օր առաջ, որը ընդունվել է ոմն Ներսիսյանի կողմից եւ անտեսվել է:
Պատասխանն արդեն էական չէ: Սա մի կողմից կարելի է բնութագրել որպես դաստիարակության պակաս, մյուս կողմից` արտառոց է, որովհետեւ արդարադատության նախարարությունում է տեղի ունեցել”,-հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը` հորդորելով վարչապետ Տիգրան Սարգսյանին “հանդիմանել պարոն նախարարին” պատասխանի ուշացման համար եւ պարտադրել, որ նա ներողություն խնդրի գրավոր պատասխանում:
“Եթե հարցը վերաբերբվել է ՔԿՀ-ներում ինչ-որ կազմակերպությանը մոնիտորինգ իրականցնելու թույլտվությանը, ապա դա եղել է նամակ, որին մենք կարող ենք պատասխանել սահմանված կարգով”,-ի պատասխան արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարն ասաց, որ ՀՀ այն երկրներից է, որտեղ գործում է հասարակական դիտորդական խումբը, որը մոնիտորինգ է անում ՔԿՀ-ներում: Նրա խոսքով, դիտորդական խումբն է ընտրում խմբի նախագահին եւ անդամներին եւ ՀՀ ԱՆ-ն որեւէ կերպ չի ազդում նրա վրա:
“Ինչ վերաբերվում է Հելսինկյան ոմն կազմակերպությանը, ապա այո, փակ հաստատություն է եւ նախարարն է որոշում, թե ով իրավունք ունի այնտեղ մտնել, ով` ոչ: Մի փորձեք մտնել նախարարի լիազորությունների մեջ”,-շարունակեց Հրայր Թվմասյանը` հավելելով, որ ՔԿՀ-ները բաց են այնքանով, որքան անհրաժեշտ է : Հրայր Թովմասյանն ասաց նաեւ, որ տվյալ կազմակերպությունը նախկինում այդ դիտորդական խմբի անդամ է եղել եւ հեռացվել է հենց խմբի մյուս անդամների կողմից:
Հրայր Թովմասյանի պատասխանին հետեւեց Ալեքսանդր Արզումանյանի արձագանքը.”Սկսենք նրանից, որ սա պատգամավորական հարցում է եւ անկախ նրանից Դուք գտնում եք դա ճիշտ, թե սխալ, պետք է պատասխանեիք: Երկրորդ, ես Ձեզ թույլ չեմ տվել ինձ սովորեցնել, թե ինչ պետք է անել, ես որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, պատգամավորական հարցում եմ արել”:
Ալեքսանդր Արզումանյանն ընթերցեց հարցման բովանդակության այն հատվածը, որտեղ նշվում է, որ թեեւ ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնելու թույլտվության տրամադրումը նախարարի լիազորության շրջանակներում է, այնուամենայնիվ, խնդրում է նշել այն հիմքերը, որոնցով տվյալ կազմակերպությունը թույլտվություն չի ստացել:
Պատգամավորը նկատեց նաեւ, որ կազմակերպությունը նախկին նախարարից երկու փուլով մոնիտորինգ անցկացնելու թույլտվությոն է ստացել եւ առաջին փուլի ավարտից հետո, պարզապես ի գիտություն նախարարի, տեղեկացրել է մոնիտորինգը շարունակելու մասին, ինչին պատասխան է ստացել, որ նախարարը դա նպատակահարմար չի համարում:
Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ այն ինչ նախարարն իրեն ասաց հիմա, պետք է գրավոր պատասխանում նշեր. “Ինձ հետաքրքրում է, ինչով է պայմանավորված ձեր անհարգալից վերաբերմունքը ԱԺ-ի նկատմամբ”:
Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե հարցապնդումներն ուղարկվում են կառավարությանը եւ կառավարությունն ինքն է որոշում` ով պետք է պատասխանի: “Դուք պետք է իմանայիք, որ նման գրությունը չի ուղարկվում արդարադատության նախարարությանը, այլ աշխատակազմի միջոցով ուղարկվում է կառավարությանը”:
Նախարարի այս դիտարկումը բարկացրեց Արզումանյանին: Վերջինս ցիտելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը` նշեց, որ տասնյակ նման հարցապնդումներ ուղարկել է եւ նորմալ պատասխաններ ստացել: Մինչ պատգամավորը խոսում էր, ամբիոնի մոտ գտնվող նախարարը մեջքով շրջվեց ԱԺ դահլիճին: