25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդավարական եւ ավտորիտար պետություններում տեղեկատվության կառավարման եւ տրամադրման ընկալումները

Ներկայիս արագ զարգացող աշխարհում ինֆորմացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների դերակատարումն ու հանրային կյանքի կազմակերպման ոլորտում արդյունավետ ծառայությունների մատուցման գործառույթները խիստ կարևորվում են: Ինֆորմացոն և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով քաղաքականության կազմակերպման և ծառայությունների արդյունավետ մատուցման գործառույթներն առավելագույնս պայմանավորված են երկրի կառուցվածքային, համակարգային բաղադրիչներով և յուրահատկություններով:

Արժեհամակարգային, կառուցվածքային և կառավարման բնորոշիչներից զատ, ավտորիտար և ժողովրդավարական պետությունները խիստ տարբերակվում են նաև տեղեկատվական հոսքերի կառավարման և տեղեկատվության տրամադրման հարթություններում:

Այսպես՝ ավտորիտար  վարչակարգին բնորոշ ինֆորմացիոն և տեղեկատվական հոսքերի կառավարման ընկալումներն ու մոտեցումները սովորաբար բնութագրվում են որպես միաժամանակ «ագահ» և «գծուծ»: Տվյալ հարթությունում «ագահության» դրսևորումն առաջին հերթին պայմանավորված է այս ռեժիմներին բնորոշ ահռելի ծավալների հասնող տեղեկատվության կուտակմամբ՝ որպես իշխանության ամրապնդման և պահպանման արդյունավետ միջոց: 

Մյուս կողմից, տեղեկատվության մատչելիության և հանրային իրազեկման պարտավորությունների իրականացման ոլորտում նման վարչակարգին, որպես կանոն, բնորոշում  է «գծուծ» որակավորումը: Նման որակավորմամբ պայմանավորված գործելակերպը հատկապես դրսևորվում է տեղեկատվության կանխավ վերամշակման, գաղտնիությանն առնչվող օրենքների և կանոնակարգերի բազմապատկման հարթություններում՝  հնարավորություն ընձեռնելով ավտորիտար վարչակարգերին խուսափել պատասխանատվության և հաշվետվողականության հրամայականներից,   մարդկանց իրավունքների խախտումներից, իսկ առավել գործնական հարթակում՝ սքողել իրենց քաղաքական ձախողումները: 

Ի տարբերություն ավտորիտար ռեժիմների,  ժողովրդավարական պետությունները որակավորվում են որպես տեղեկատվական «գուրման» և «ֆիլանտրոպ» բնորոշմամբ: Որպես  «գուրման»` նման պետությունները հավաքագրում, համեմատում և համադրում են այն տեղեկատվությունը, որը նպաստում է արդյունավետ, հաշվետու կառավարման և տեղեկատվական անվտանգություն ապահովման գործառույթների իրականացմանը: Պահպանելով իրազեկված քաղաքացու և պատասխանատու կառավարման հրամայականները, նման պետություններում կիրառվում են ինֆորմացիոն և տեղեկատվական հոսքերի համապարփակ ընթացկարգեր և ստուգումների համակարգեր՝ մի կողմից ապահովելով որակյալ տեղեկատվության հանրային հասանելիությունը, մյուս կողմից՝ սահամանափակելով գաղտնիության անհարկի իրավախախտումներն ու չարաշահումները: 

Ժողովրդավարական պետություններն անվանվում են տեղեկատվական «ֆիլանտրոպ»` հանրությանը օպերատիվ և որակյալ տեղեկատվության տրամադրման և որոշում կայացնելու գործընթացներում մասնակից դարձնելու միջոցով:  Նման գործելաոճը ենթադրում է գաղտնի օրենքներից և ընթացակարգերից խուսափում՝ բացառությամբ դրա անհրաժեշտության դեպքում:  

Կարելի է եզրակացնել, որ տեղեկատվական դաշտում ավտորիտար վարչակարգերի միաժամանակ «ագահ» և «գծուծ» բնորոշող վարքագիծը միևնույն մետաղադրամի  երկու կողմն է հանդիսանում`  տեղեկատվության միջոցով վերահսկում  հանրությանը, սահմանափակում քաղաքական պատասխանատվությունը և հեշտացնում ինքնասպասարկման քարոզարշավը: Տեղեկատվական «գուրման» և «ֆիլանտրոպ» բնորոշումներն, ի տարբերութուն նախորդի, շաղկապված և փոխլրացնող գործառույթներ են՝  օժանդակելով կառավարությանը բաց և պատասխանատու քաղականություն վարել՝ տեղեկատվության ազատ տրամադրման և քաղաքացիների ներառման միջոցով: 

Հրաչուհի Հայրապետյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ