20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրում Հայաստանում. ՀՀ նախագահ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է “ԱրմԹեք-2014” համաժողովին, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը “ԱրմԹեք-2014” Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովում

Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ուրախ եմ “ԱրմԹեք-2014” Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ գլոբալ համաժողովը բացելու եւ այս ոլորտում մեր երկրի ձեռքբերումներն ու մարտահրավերները Ձեզ՝ մասնագիտական հանրությանը, ներկայացնելու համար: Մեծապես կարեւորում եմ այս համաժողովի պարբերական անցկացումը, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում քննարկելու, ծրագրելու եւ իրագործելու Հայաստանի ներկայիս տնտեսական եւ տեխնոլոգիական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունը: Այն թույլ է տալիս նաեւ հայտնաբերելու նոր գործարար եւ ներդրումային հնարավորություններ, ստեղծելու նոր կապեր եւ մասնագիտական ընդլայնված ցանց, ամրացնելու առկա գործարար կապերը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների հայաստանյան ու համաշխարհային կազմակերպությունների միջեւ: Այս ամենն անկասկած հետեւողականորեն տանում է Հայաստանի` որպես այս ոլորտում առավել արագ զարգացող երկրի վարկանիշի ամրապնդմանը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրում Հայաստանում՝ արձանագրելով տարեկան միջինում 22-25 տոկոս աճ: Վերջին տարիներին մեծանում են արտահանման եւ ներդրումների ծավալները, համապատասխանաբար ընդլայնվում է աշխարհագրությունը, արտահանումը կազմում է գրեթե 60 տոկոս: Ակտիվ գործող կազմակերպությունների թիվը գերազանցում է 380-ը, ինչի արդյունքում աշխատուժը տարեկան առնվազն 10 տոկոս աճ է արձանագրում: Այսօր այդ ոլորտում ներգրավված է շուրջ 11 հազար մասնագետ, ինչը Հայաստանի համար փոքր թիվ չէ: Զգալի առաջընթաց կա նաեւ ոլորտի անդրազգային կազմակերպությունների՝ Հայաստան մուտքի ուղղությամբ, որի վկայությունը նաեւ “ԱրմԹեք” համաժողովին մեր միջազգային գործընկերների ներկայությունն է:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտելիքահեն ոլորտների կայուն զարգացման համար պետությունը շարունակական աջակցության հանձնառություն է վերցրել: Այդ նպատակով 2009թ. հիմնվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը: Մրցանակն ամենամյա է եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց: Անցած տարի, օրինակ, այդ մրցանակին է արժանացել Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության եւ “Թեքնո վիժն”ընկերության նախագահ, “Հիտաչի” ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյին: Իսկ այս տարի այդ մրցանակը բաժին է հասել “Սիսկո” ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային:

Վերջին հինգ տարիներին ՏՏ ոլորտում նկատվում է նաեւ որակական աճ. հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից վերաճում են հետազոտություններ եւ մշակումներ իրականացնող, բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կառույցների: Հայկական տեղեկատվական ոլորտի ապրանքները, այդ թվում սկսնակ կազմակերպություններինը ձեռք են բերվում արտասահմանյան կազմակերպությունների կողմից ինչը նպաստում են նաեւ Հայաստանի գրավչության բարձրացմանը:

Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ կազմակերպությունների կողմից: Օրինակ՝ տարբեր կիրառության միկրոսխեմաների մեծ մասում ներդրված են հայկական մշակումներ, բազմաթիվ առաջատար բանկեր կիրառում են Հայաստանում մշակված համակարգերը, մի շարք երկրների նավթահորերի, գազամուղների, ստորգետնյա եւ վերգետնյա տրանսպորտի կառավարման համակարգերում ներդրված են մեր մասնագետների բարդագույն եւ ամբողջական ինժեներական լուծումները, եւ այս ցանկը կարելի է դեռեւս երկար շարունակել:

Դա է պատճառը, որ մի շարք անդրազգային կազմակերպություններ իրենց հետազոտական եւ ինովացիոն կենտրոններն են հիմնում Հայաստանում: Հատկապես կառանձնացնեի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նեյշնըլ ինսթրումենթսի-ի, ԱՅ ԲԻ ԷՄ-ի-ի, Օրաքլի-ի, ԴԻ-լինքի-ի տարածաշրջանային կենտրոնները, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստմանը, նորաստեղծ կազմակերպությունների ձեւավորմանը եւ տեխնոլոգիաների տարածմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ինչն էլ մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման գրավականն է: Ուրախալի է, որ նշված կենտրոնները մեր տարածաշրջանի եթե ոչ միակ, ապա ամենախոշոր կենտրոններն են, ինչն էլ լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանին համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա առաջատար դիրքեր զբաղեցնելու համար:

Բնականաբար, մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարեւորագույն խթաններից է Սփյուռքի հետ փոխգործակցությունն ու Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի տեխնոլոգիական ապագայի կերտման գործընթացում: Համոզված եմ, որ այս ոլորտում մեր որդեգրած պետական քաղաքականության եւ մեր հայրենակիցների գործուն աջակցության շնորհիվ կարձանագրենք տեխնոլոգիական ներգաղթ դեպի Հայաստան: Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ համաժողովին բովանդակային եւ արդյունավետ աշխատանք, որը, վստահ եմ, այս անգամ եւս կնշանավորվի նոր գործարար կապերի հաստատմամբ եւ նոր ծրագրերի նախանշմամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ