29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Չեխիան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կճանաչի ցեղասպանությունը

Սեպտեմբերի 24-ին Չեխիայի խորհրդարանի սենատի Վալդշտեյնի պալատում Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթի խոսքով.

 

՛՛Մեծարգո՛ տիկին փոխնախագահ,

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել փոխնախագահ Հորսկային հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ ցուցաբերվում է ինձ և հայկական պատվիրակությանը: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների և հատկապես    միջխորհրդարանական     համագործակցության զարգացման գործում, և երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր երկրների:

 

Հարգարժա՛ն ներկաներ,

Մենք դրական ենք գնահատում ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը:

Հարկ է նշել, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը: Կցանկանայի ընդգծել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Դրա վառ վկայությունը վերջերս Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն էր:

Կարևորելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը միջազգային կառույցների շրջանակներում, մասնավորապես Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակում, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովներում, ցանկալի կլիներ, եթե Եվրախորհրդարանի չեխ պատգամավորները ևս ակտիվորեն աջակցեին այդ կառույցում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների ձևավորմանը։

 

Մեծարգո՛ տիկին փոխնախագահ,

2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ: Պաշտոնապես հրավիրում եմ Ձեզ մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք ՛՛Ընդդեմ ցեղասպանության հանցագործության՛՛ խորագրով համաշխարհային համաժողովին:

Ինչպես գիտեք, բոլորովին վերջերս Հունաստանի խորհրդարանը քրեականացրեց  Հայոց ցեղասպանության ժխտումը: Հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն:

Կրկին շնորհակալ եմ, մեծարգո՛ տիկին փոխնախագահ, հայկական պատվիրակությանը հյուրընկալելու համար և լիահույս եմ, որ այն նոր լիցք կհաղորդի և՛ միջխորհրդարանական կապերի զարգացմանը և՛ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը՛՛:

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ