«Պետություն՝ պետության մեջ». ինչպես Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն
Եթե 1815-ի հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը անձրև չլիներ, ապա Եվրոպայի ապագան այլ կլիներ: Անձրևի մի քանի լրացուցիչ կաթիլ կտրուկ փոխեցին Նապոլեոնի ծրագրերը: Որպեսզի Վաթեռլոն Աուստերլիցի վերջը լիներ, ճակատագրին պետք էր մի փոքր անձրև։ Բավական էր, որ, չնայած տարվա այս եղանակին, ամպը սավառնի երկնքում, որ դա լինի մի ամբողջ աշխարհի փլուզման պատճառ:
Այսօր ավելի ու ավելի շատ ձայներ են լսվում այն մասին, որ «հայկական հեղափոխական էքսպերիմենտը» ձախողվել է: Իրականում «հայկական հեղափոխական էքսպերիմենտը» ձախողվեց Հայաստանի և սփյուռքի շատ քաղաքական ու տնտեսական շրջանակների, բայց ոչ հեղափոխականների մտքում:
2018-ի իրադարձությունները շատերին թույլ տվեցին կտրուկ բարձրացնել իրենց կյանքի որակը: Բայց հիմա կարևոր է հասկանալ 2018-ի հեղափոխության հիմք հանդիսացած պատճառները, քանի որ առանց այդ պատճառները գիտակցելու, ապագայում հնարավոր չի լինի խուսափել նմանատիպ սխալներից:
2018-ի հեղափոխությունը մեզ պարտադրված էր: Բայց այն պարտադրված չէր «մեդիա տեխնոլոգիաներով» և ոչ էլ նույնիսկ Սորոսի հիմնադրամի կողմից, այլ պարտադրվել էր մեր անցյալով, անցյալի սխալներով:
Մինչև 2018 թվականը Հայաստանում չէր ստեղծվել և չէր կայացել քաղաքական դպրոցը (խոսքը կուսակցական դպրոցների մասին չէ), որը կադրեր կպատրաստեր պետական կառավարման համակարգում հետագայում աշխատելու համար և կօգներ իրականացնել սահուն սերնդափոխություն: Ոչինչ չէր ձեռնարկվել ազգային-պետականէլիտա ձևավորելու համար, որը, գիտակցելով իր ազգային շահերն ու ժամանակակից մարտահրավերները մեր պետության անվտանգության համար, պետք է հետագայում ստեղծեր ռազմավարական զարգացման մոդելներ, ինտեգրման մոդելներ և աստիճանաբար «իջեցներ» այդ գաղափարները հասարակության` քաղաքական գիտակցության մակարդակի վրա: Այդ մոդելները պիտի պարունակեին «ծրագիր», որն ի վիճակի կլիներ համախմբել ժողովրդին, որպեսզի նա իր ջանքերն ուղղեր Հայաստանը տարածաշրջանային կարևոր պետություն դարձնելու համար:
Քանի որ իշխանությունները (նաև ընդդիմությունը) չեն ձևավորել այս դպրոցը, փողը դարձել էր «քաղաքական սոցիալական «լիֆտի» աշխատանքի շարժիչը»: Իսկ եթե դու հիմնում ես համակարգ, որտեղ «փողն ամեն ինչ է», ապա պետք է հասկանաս, որ Թուրքիան, Ադրբեջանը, Սորոսը և նրա «Բաց հասարակության հիմնադրամը» շատ ավելի շատ փող ունեն, և որ վաղ թե ուշ այդ «փողի գործոնը կրակելու է»: Այս փաստի գիտակցության պակասը դարձել էր 2018-ի հեղափոխության հիմնարար պատճառներից մեկը:
Հասարակությունն ավելի շատ խոսում էր այն մասին, որ «ձայն կարելի է գնել 10 հազար դրամով», այն ժամանակ, երբ «X կամ Y հազար դրամ»-ով տեղ էր գնվում խորհրդարանում, պետական կառավարման համակարգում: Երբ «X կամ Y հազար դրամով էին գնում» ակտիվ երիտասարդների «միտքն ու ոգին», ովքեր չէին ցանկանում անցնել կուսակցական դպրոցների և նախորդ իշխանության երիտասարդական ուսանողական միությունների «թրի տակով», բայց ուզում էին զարգանալ և իրենց հավակնությունների ու կարիքների բավարարման հնարավորություն ստանալ:
Իշխանափոխությանը հանգեցրած սխալներից էին թե՛ «սիրախաղերը» «քաղաքացիական հասարակության» հետ, և թե՛ այն կարծիքը, որ այն կարող է օգտագործվել ներիշխանական պայքարում:
Նախորդ իշխանություններին թվում էր, որ հնարավոր է «քաղաքացիական հասարակության» ակտիվիստների օգտագործումը, ճիշտ այնպես, ինչպես իրենք օգտագործում էին մի շարք քաղաքական գործիչների, ովքեր նախորդ իշխանությունների օրոք անգամ ստացան պատգամավորական մանդատներ ՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենի Սարգսյանը և այլն: Բայց այն «ակտիվիստները», որոնց նախկին իշխանությունները կարծում էին, որ «օգտագործում են», 2018-ին տապալեցին նախորդ ռեժիմը:
Անցյալի թերություններից էր էլ նաև այն, որ իշխանություններն իրենք էին գործընթացներն ինստիտուցիոնալ դաշտից դուրս բերում այլ տրամաբանության մեջ: Երբ քաղաքական դաշտը «դատարկվում է», երբ ինստիտուցիոնալ մեթոդներով փոփոխությունների իրականացումն անհնար է դառնում, իսկ զանգվածների արդարացված դժգոհությունն աճում է, այս ամենը դուրս է գալու «ամենաանսպասելի տեղից և ամենաանսպասելի տեսքով»… Առանց պետության ցնցումների՝ անվտանգ իշխանափոխության մեխանիզմների ստեղծումը քաղաքական համակարգի արդյունավետ գործունեության նշաններից մեկն է: Բայց երբ այն չի գործում, հասարակությունը հեղափոխություն է անում:
Ի՞նչ է, այնուամենայնիվ, հեղափոխությունը
Վաթեռլոյի ճակատամարտը կարող էր սկսվել միայն տասնմեկ անց կեսին, և դա հնարավորություն տվեց Բլյուխերին ժամանակին հասնել դեպքերի վայր: Ինչո՞ւ: Որովհետև հողը խոնավացել էր ու դարձել փուխր, իսկ հրետանին տեղակայելու համար անհրաժեշտ էր սպասել, մինչև ճանապարհները չորանան:
Հեղափոխությո՞ւն: Իշխանության զավթո՞ւմ: Իշխանափոխությո՞ւն: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում 2018-ին: Այս հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են:
«Հեղափոխություն» հասկացության տարբեր սահմանումներ կան, բայց 2018-ի հայկական գարնան իրադարձությունների հետ կապված կարելի է օգտագործել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի պատմության ինստիտուտի առաջատար հետազոտող Բորիս Կոլոնիցկիի այն սահմանումը, ըստ որի՝ հեղափոխությունը «իշխանության յուրահատուկ վիճակ» է, որը տարբերվում է այսպես կոչված «նորմալ ժամանակների» վիճակից:
Հղում անելով Մաքս Վեբերին՝ Կոլոնիցկին նշում է, որ իշխանությունը բնորոշվում է նրանով, որ կարողանում է սեփական որոշումները պարտադրել բռնության, օրենքի և իր հեղինակության միջոցով: Բայց ահա հեղափոխության ընթացքում իշխանությունը կորցնում է բռնության կիրառման իր մենաշնորհը: Այն կորցնում է նաև իր որոշումները օրենքի ուժով և հեղինակությամբ պարտադրելու կարողությունը:
«Սովորական ժամանակներում» պետությունն ունի օրենսդիր գործունեության մենաշնորհ, իսկ հեղափոխության ընթացքում այդ մենաշնորհը վիճարկվում է: Հայտնվում են «օրենսդիր այլ կենտրոններ», որոնք իրենց որոշումները համարում են ամբողջովին օրինական, իսկ մարդիկ իրենք են որոշում, թե որ «իրավական տարածքում են գտնվում», իրենք են որոշում` ում լսել կամ ում համարել օրենք:
Այսպիսով, եթե օգտագործենք վեբերական մոտեցումները, ապա հեղափոխության և «սովորական ժամանակների» միջև հիմնական տարբերությունը «հեղինակության» հատուկ դերի մեջ է, և երբ խոսում ենք հեղինակության և հեղափոխության մասին, ապա այստեղ շատ կարևոր է իշխանության անձնավորման փաստը: Հենց անձնական հեղինակության գործոնն է լինում հեղափոխությունների ժամանակ որոշիչներից մեկը:
Սա առհասարակ շատ զգայուն խնդիր է բոլոր հեղափոխությունների համար: Ենթադրվում է, որ ճգնաժամի պայմաններում մարդիկ հատկապես հակված են լինում նույնականացնել իրենք իրենց քաղաքական առաջնորդի հետ:
Այլ կերպ ասած, հեղափոխության ընթացքում շատ առումներով քաղաքական գործընթացները դուրս են գալիս ընդունված ինստիտուցիոնալ ձևերից, և իշխանությունները երբեմն պատրաստ չեն արձագանքել կտրուկ փոփոխված քաղաքական իրականությանը:
Սակայն «իշխանության յուրահատուկ վիճակը», քաղաքական գործընթացների չափազանց անձնավորվածությունը չի հայտնվել մեզանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, այս ամենին բերած խնդիրները ՀՀ-ում կային մի ամբողջ տասնամյակ, և միայն «հեղափոխական գարնանը» մեր հասարակության, քաղաքական համակարգի և պետության բոլոր հիվանդությունները «հանկարծ գլուխ բարձրացրեցին»:
Իշխանությունների ցածր լեգիտիմությունը և ընդդիմության պատասխանատվության ցածր մակարդակը
Նապոլեոնը հրետանու սպա էր, նա ինքը զգում էր, որ հողը պիտի չորանա: Նրա բոլոր ռազմական ծրագրերը հիմնված էին հրետանու վրա: Ամբողջ հրետանին նշանակված վայր բերել՝ դա նրա համար հաղթանակի բանալին էր: Նա թշնամու գեներալի մարտավարությունը դիտում էր որպես ամրոց և ռմբահարում էր այդ ամրոցը: Թույլ կետերը ճնշվում էին փամփուշտներով, հրահրվում էր մարտ և Նապոլեոնը թնդանոթներով հաղթում էր: Նրա հանճարը ճշգրիտ թիրախավորման հանճարն էր:
Նախորդ իշխանության առանձնահատկությունն այն էր, որ այն ուներ ցածր լեգիտիմություն և երկար տարիներ գոյություն ունենալով նման պայմաններում՝ մշակել էր գործելու որոշակի մեխանիզմներ՝ համակարգի ստեղծում, որը թույլ էր տալիս հաղթել ընտրություններում, «քաղաքական կուսակցությունների և գործիչների հետ աշխատելու» սպեցիֆիկ համակարգ, «քաղաքացիական հասարակության» հետ աշխատանքի համակարգ և այլն: Այլ կերպ ասած, ցածր լեգիտիմություն ունեցող իշխանությունը «քաղաքացիական պայմանագիր» կնքեց մի շարք ուժերի ու դերակատարների հետ, բայց ոչ հասարակության հետ: Հասարակության շահերն ու կարիքները հաճախ անտեսվում էին, և սա էր հիմնական սխալը: Միշտ, երբ «քաղաքացիական պայմանագիրը» շրջանցում է հասարակությանը, քաղաքական գործընթացները սկսում են ստանալ ոչ համակարգային դրսևորումներ, ինչի ականատեսը եղանք 2018 թ.։
2018-ի գարնան ամիսներից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակն իրականում ոչ այլ ինչ էր, քան այսպես կոչված «իշխանության յուրահատուկ վիճակի» շարունակություն, և Փաշինյանի իշխանությունն իր կազմավորման առաջին իսկ օրվանից սովորել էր գոյություն ունենալ «բարձր լեգիտիմության պայմաններում»: Հենց այդ բարձր լեգիտիմությունը հնարավորություն տվեց բիրտ մեթոդներով լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ (ռազմավարական խնդիրներ, որոնք բխում էին Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդման տրամաբանությունից, բայց չէին բխում ՀՀ-ի շահերից). Երևանի քաղաքապետարանի «գրավումը», խորհրդարանի «գրավումը» և հաղթանակն արտահերթ ընտրություններում, դատարանների շենքերի մուտքերի արգելափակումը և գործնականում գործադիր իշխանությունից կախված դատականիշխանության համակարգի հաստատումը:
Հիմա արդեն ակնհայտ է, որ իշխանությունների վարկանիշն այսօր դեռ բարձր է, բայց այլևս հնարավոր չէ խոսել այն մակարդակի աջակցության մասին, որն եղել է 2018 թ.: Գործնական քաղաքական դաշտում սա նշանակում է, որ այն խնդիրները, որոնք նախկինում կարող էին «լուծվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում», այժմ իշխանությունների համար դարձել են գործնականում անլուծելի: Այդ պատճառով, 2018-ի գարնանը «չլուծելով Սահմանադրական դատարանի հարցը», վարչապետը ստիպված էր 2020-ին նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որոնցով, ի թիվս այլնի, նախատեսում է վերացնել Սահմանադրական դատարանի ինստիտուտը և 2021 թ. գնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի:
Բայց իշխանությունների լեգիտիմությունը նվազում է, և շուտով կրկին կվերադառնան իրենց «բնականոն վիճակին»՝ ցածր լեգիտիմությամբ գոյության պայմաններին: Եվ կարևոր է, որ այդ «X-ժամին» արդեն ձևավորված լինի այն բևեռը, որն այդ դժվար պահին պատրաստ կլինի ստանձնել պետության կառավարման ծանր պատասխանատվությունը
Այս համատեքստում կարևոր է նաև ասել, որ նախորդ իշխանության ցածր լեգիտիմությունը «հարմարավետ պայմաններ» էր ստեղծում նաև ընդդիմության համար:
Երբ իշխանությունը ցածր լեգիտիմություն ունի, դա «ընդդիմությունից վերացնում է պատասխանատվության մեծ բեռը», և ընդդիմությունն առաջադեմ գաղափարներ գեներացնելու, իր կառույցները ինստիտուցիոնալացնելու, նոր կադրեր ներգրավելու փոխարեն՝ կարող է կեղծ օրակարգեր սպասարկել, իշխանությունների մասին միֆեր «մտցնել» մարդկանց գիտակցության մեջ:
Նման կեղծ գաղափարների շարքին կարելի է դասել այն, որ «իշխանության մեջ վատ մարդիկ են», իսկ ահա «ընդդիմության մեջ լավ մարդիկ են»: Որ «Հայաստանին անհրաժեշտ է ընդամենը մեկ արդար ընտրություն, և ամեն ինչ իր տեղը կընկնի», որ «կոռուպցիայի, սոցիալական անարդարության, տնտեսական զարգացման խնդիրները լուծելու համար ոչ թե ծրագրեր ու գաղափարներ են պետք, այլ միայն քաղաքական կամք»: Նման պայմաններում ընդդիմությունը կարիք չուներ հստակ ծրագրավորել իր գործողությունների մարտավարությունը և ռազմավարությունը, բավական էր միայն ասել, որ «իշխանությունները կոռումպացված են, մոնղոլ-թաթարներ են», և ատելության այդ ալիքի վրա մարդկանց հավաքել հրապարակում և փորձել իրականացնել քաղաքական գործընթաց:
Նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել ընդդիմության նախաձեռնությունները, որոնք գործողությունների հստակ ծրագիր ունեին և միտված էին համախմբման (պետք է ընդգծել, որ 2018-ի իրադարձությունները այդ շարքին չեն դասվում):
Հետհեղափոխական Հայաստանի քաղաքական գործընթացների խնդիրն այն է, որ քաղաքական ուժերի մի մասը մնացել է «անցյալի գործընթացների տրամաբանության» մեջ: Այս ուժերը կարծում են, որ իշխանափոխություն իրականացնելու կամ գոնե քաղաքական ուժերի դասավորվածությունը փոխելու համար անհրաժեշտ է միայն հայտարարել, որ «կառավարությունն անարդյունավետ է աշխատում», «իշխանության մեջ գտնվողները կոռումպացված են»… Նրանք հավատում են, որ սա ինքնաբերաբար կհանգեցնի փոփոխությունների կամ թույլ կտա փողոցը հակադրել իշխանությանը: Սա հիմնարար սխալ է, որն արդեն 2 տարի է, ինչ խանգարում է Հայաստանում քաղաքական գործընթացները բերել նոր փուլի: Այս իմաստով «հին Հայաստան» այլևս գոյություն չունի, և անցյալի քաղաքական «կաղապարներն» այլևս չեն գործում:
Ի՞նչ անել
1815 թ. հունիսի 18-ին նա առավելապես հույսը դնում էր հրետանու վրա, քանի որ դրա թվային գերազանցությունը Նապոլեոնի կողմն էր: Վելինգտոնն ուներ ընդամենը 150 հրետանի, իսկ Նապոլեոնը` 240: Պատկերացրեք, եթե հողը չոր լիներ, հրետանին ժամանակին հասներ, իսկ մարտը սկսվեր առավոտյան վեցին… Այն կավարտվեր ցերեկը՝ երկուսին, այսինքն՝ վերմանացիների ժամանումից երեք ժամ առաջ:
Իշխանությունների լեգիտիմության մակարդակի անկմամբ նվազում է նաև հասարակական համաձայնության մակարդակը, ինչը նոր իրողություն է ստեղծում ընդդիմության համար: Ըստ քաղաքագիտական կանոնների՝ համաձայնության ցածր մակարդակ ունեցող հասարակության մեջ ընդդիմությունը կատարում է մի քանի գործառույթ՝ ձևավորելով և սահմանելով նոր կիրառական և նորմատիվ պրակտիկա քաղաքական դաշտում՝ ձգտելով փոխել քաղաքական համակարգը:
Առհասարակ, նման պայմաններում ընդդիմությունը պիտի իրականացնի հիմնարար մի քանի գործառույթ` իշխանությունների գաղափարների և քաղաքականության վերլուծություն, հասարակության զարգացման այլընտրանքային ծրագրերի մշակում և խթանում, որոնք տարբերվում են քաղաքական իշխանությունների մոտեցումներից, սոցիալական, մշակութային կամ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մոտեցումներից: Ընդդիմության գործառույթն է նաև նախապատրաստել ապագա իշխանական էլիտայի նոր կադրեր:
Կարևոր է նաև, որ այդ գործառույթների իրականացման գործում դրական դեր կարող է ունենալ ոչ միայն խորհրդարանում և տեղական իշխանություններում ներկայացված համակարգային ընդդիմությունը, այլ նաև ոչ համակարգային ընդդիմությունը, որի նպատակն է արմատապես փոխել առկա սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգը: Այսօր հայկական ընդդիմությունը նույնպես պետք է կատարի 2 հիմնական գործառույթ՝ վերահսկողություն և այլընտրանքի ներկայացում:
Այն, որ ընդդիմությունը դեռևս ի վիճակի չէ վերահսկել իշխանությունների գործունեությունը և առաջարկել ու կյանքի կոչել իր օրակարգը, թույլ է տալիս իշխանություններին կատարել սխալը սխալի ետեւից (քաղաքական դաշտում անհետեւանք մնացած կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը միայն ապացուցում է դա):
Դրա համար կարևոր է, որ ընդդիմությունը կատարի իր երկրորդ հիմնական գործառույթը` հասարակությանն այլընտրանք ներկայացնի: Ավելին, մենք խոսում ենք ինչպես պետության ղակավարման համար այլընտրանքային թիմի, այնպես էլ պետության զարգացման և հասարակության կյանքի բոլոր ոլորտների արդիականացման այլընտրանքային ծրագրի մասին:
Ընդդիմությունը պետք է անցնի ձևավորման և ինստիտուցիոնալացման երկար ճանապարհ: Չի կարելի իշխանության հավակնել առանց կուսակցական կառույցների լայն ցանց ունենալու, որը տեղական մակարդակում կունենա հրատապ խնդիրների ամբողջական պատկերացում և դրանց լուծման ուղին: Պատկերավոր ասած, պետության մեջ պետք է ձևավորվի այլ պետություն: Այսօր սակայն ընդդիմությունը չունի ոչ ձևավորված կառույցներ, և ոչ էլ հասարակությանը ներկայացրել է իր այլընտրանքային թիմը և ծրագիրը:
Եթե մոտակա ապագայում ֆորս-մաժորները շրջանցեն երկիրը, ապա քաղաքական գործընթացների ամենակարևոր փուլերը կլինեն 2021 թվականին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2023 թվականին խորհրդարանական ընտրությունները:
Եթե ընդդիմությունը հավակնում է իշխանության գալ, ապա այն պետք է ինստիտուցիոնալացվի մինչև 2021-ի հանրաքվեն, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պիտի վերածի գործող իշխանության նկատմամբ անվստահություն արտահայտելու համազգային միջոցառման: Եթե այդ «միջանկյալ նպատակը» իրականացվի 2021 թ., ապա 2023 թ. ԱԺ ընտրությունների ընթացքում շատ ավելի դյուրին կդառնա իշխանության «փափուկ» փոփոխություն իրականացնելը:
Էլիտան և առաքելության գիտակցումը
Արդյոք Նապոլեոնի մեղքի բաժինը մե՞ծ էր այն բանում, որ ճակատամարտը պարտությամբ ավարտվեց…. Իր հանճարն այն ժամանակ դեռ չէ՞ր մարել, ինչպես հավատում են շատ ականավոր պատմաբաններ: Արդյոք նա կատաղության չէ՞ր մատնվում միայն իր անզորությունը թաքցնելու համար:
Իսկ ինչո՞ւ է այդքան կարևոր ունենալ գրասենյակների լայն ցանց, ինչո՞ւ է հարկավոր պատկերացումներ ունենալ տեղական խնդիրների մասին, ամեն մի առանձին ոլորտի խնդիրների մասին: Պատասխանը կարող է տալ վերջին 2 տարվա իրականությունը, երբ իշխանության են գալիս առանց հստակ ձևավորված թիմի, խնդիրների մասին պատկերացումներ չունեցող մարդիկ, ովքեր չգիտեն` ինչպես արդիականացնել տնտեսությունը: Մարդիկ առանց «իզմերի» են, ինչը բերում է կառավարման ճգնաժամի: Պետությունը կարող է նաև չդիմանալ այն բանին, որ «լավ մարդկանց» փոխարեն գան այլ «լավ ու բարի մարդիկ»: Պետությանն անհրաժեշտ է կոմպետենտ ղեկավարություն: Ղեկավարություն, որը գիտակցում է իր պատմական առաքելությունը:
Միայն պատմական առաքելության գիտակցումը կարող է ստիպել իշխանություններին հրաժարվել «սուպերվարչապետական կոստյումից», դարձնել ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու խորհրդարանի առջև, իրականացնել կուսակցական համակարգի բարեփոխում` կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելով, որն արդեն այս քաղաքական սկզբնային կառույցներում կձևավորի ժողովրդավարական սկզբունքներ:
Միայն իր պատմական առաքելությունը գիտակցող ու գիտելիքներով ու ունակություններով օժտված իշխանությունը կարող է լուծել սեփականության լեգիտիմության հարցը ոչ թե «կուլակաթափության» ճանապարհով, այլ օլիգարխների ու պետության միջև ձեռք բերված կոմպրոմիսի: Այս ամենը, սակայն, հնարավոր չի լինելու իրականացնել, եթե սկզբնական փուլում (ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալելու շրջանում) գործող կոնտրէլիտայի մոտ չլինեն հստակ պատկերացումներ նշված խնդիրների լուծման վերաբերյալ:
Ապագա էլիտայի համակարգի «ճարտարապետական տեսքը»
Մի՞թե նա այնքան հեռու գնաց, որ «չնկատեց ստորջրյա ժայռերը», չխուսափեց թակարդներից, չտեսավ անդունդի փլուզվող եզրերը … Արդյոք նա, ում մի ժամանակ հասու էին փառքին հասնելու բոլոր ուղիները և ով իր շողշողացող կառքի բարձրությունից ցույց էր տալիս դա նրանց բոլորին, հիմա վտանգը չէ՞ր տեսնում, ու իր հետ խորտակում էր իր լեգեոնները….
Իրականում, այն հարցի շուրջ, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանի նոր իշխող քաղաքական էլիտան, կան մի քանի հիմնարար կոնֆիգուրացիաներ: Դրանք կարելի է բաժանել մի քանի մասի:
- Իշխանության է գալիս լիովին նոր թիմ: Թիմ, որը բաղկացած է երբեք որևէ իշխող քաղաքական էլիտային չպատկանող մարդկանցից:
- Իշխանության է գալիս թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած թիմ:
- Ւշխանության է գալիս է’լ ավելի խառը թիմ, որի մեջ մտնում են ինչպես ներկա ու նախկին իշխանությունների ներկայացուցիչները, այնպես էլ նրանք, ովքեր երբեք որևէ իշխանության մաս չեն կազմել:
Ավելի իրատեսական և ընդունելի տարբերակը երրորդն է, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն համադրել երիտասարդությունն ու փորձը, այլ նաև կօգնի լուծել հասարակությունը արհեստականորեն «նորերին ու հներին», «սևերին ու սպիտակներին» բաժանելու խնդիրը: Իսկ պառակտված հասարակությունն առաջին հերթին խոցելի է արտաքին թշնամու համար, և այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որպեսզի իշխող էլիտան օժտված լինի քաղաքական կամքով և քաղաքական ու պետական ինքնագիտակցության բարձր մակարդակով: Թեև դժար, բայց իրագործելի խնդիր է:
Վերջաբան
Կարդալով հոդվածը` դուք նաև կարդացիք հատվածներ Վիկտոր Հյուգոյի անմահ «Մերժվածները» վեպից, իսկ ավելի կոնկրետ՝ վեպի երրորդ գլխի մի մասից, որի հեղինակը վերնագրել էր «1815 թվականի հունիսի 18»-ը, որը ներկայացնում է Վաթեռլոյի ճակատամարտի պատմության մի մասը: Ճակատամարտ, որն ավարտվելով այլ կերպ՝ ըստ Նապոլեոնի ծրագրերի, կարող էր փոխել պատմության «անիվի պտույտների ուղղությունը» ոչ միայն Ֆրանսիայում, այլև հնարավոր է՝ Եվրոպայում: Բայց, ինչպես տեսնում ենք, խոնավ ու փուխր հողը փոխեց ամեն ինչ: Շատ հաճախ պատահականությունները խառնվում են պատմության ընթացքին և արմատապես փոխում այն, և Վաթեռլոյի ճակատամարտի պատմությունը կարող է ուսանելի լինել մեր այսօրվա իրականության համար:
Հայկական քաղաքական մշակույթի ավանդույթներից մեկի համաձայն` ընտրական դաշինքների ձևավորումը, կուսակցությունների գրանցումը տեղի է ունենում ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ: Նման պայմաններում գրեթե անհնար է բացառել պատահականությունների գործոնը, և «խոնավ ու փուխր հողը» հաճախ խանգարում է շատերին: Հետևաբար, «դժբախտ պատահականությունների» միջամտությունը քաղաքական գործընթացներին կանխելու համար անհրաժեշտ է «արդեն երեկ» սկսել նախապատրաստվել 2021 և 2023 թվականների իրադարձություններին: Հակառակ դեպքում, պատահականության գործոնը կարող է նորից միջամտել քաղաքականությանը…
Եթե սրան հավելենք նաև հնարավոր ֆորսմաժորային գործոնը, ապա կարող ենք ասել, որ նաև իշխանությունների համար կարող է առաջ գալ «պատահականություն», և այս պայմաններում կոնտրէլիտան պետք է պատրաստ լինի օգտագործել «խոնավ և փուխր հողը», և ունենալով ձևավորված բոլոր կառույցները՝ ցանկացած պահի ունակ լինի ստանձնելու կառավարման ամբողջ բեռը:
Մենք ունենք մեկ երկիր, և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ գործարարները, և՛ մտավորականությունը, և՛ շարքային քաղաքացիները, և՛ հասարակական գործիչները հավասարապես պատասխանատու են երկրի ճակատագրի համար: Այս փաստը մեզ պարտավորեցնում է գիտակցել, որ անհրաժեշտ է հիմա մոդելավորել քաղաքական գործընթացները պատահարներից խուսափելու համար, որոնք կարող են ազդել մեր ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության վրա:
Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ