22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամուլսար․ պետական կառավարման ձախողում

Իշխանությունները երկու տարի է, ինչ համառորեն շրջանցում են Ամուլսարի խնդիրը։ Երկու տարի է, ինչ անհասկանալի լռություն է. հարցի կարգավորման վերաբերյալ, բացի լղոզված ձևակերպումներից, չի հնչել որևէ ռացիոնալ մոտեցում, լուծման տարբերակ։

Տպավորություն է, որ կառավարությունը թաքնվում է բնապահպանների պայքարի հետևում, իսկ իմքայլական պատգամավորները, որոնք նախկինում նույնիսկ պառկած կփակեին Ամուլսարի ճանապարհը, խուսափում են որևէ հստակ դիրքորոշում հայտնել, միայն թե չզայրացնեն Նիկոլին։ Նրանց հեղհեղուկ ելույթներից դժվար է հասկանալ՝ կո՞ղմ են, թե՞ դեմ հանքի շահագործմանը։

Ամուլսարի իրավիճակի և հնարավոր լուծումների վերաբերյալ ռացիոնալ մոտեցումներ ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ի տարբերություն այսօրվա իշխանությունների, նա կաշկանդված չէր կոնկրետ խոսել հանքի շահագործման հետ կապված ռիսկերի, բնապահպանների և հնարավոր լուծումների մասին։

Քոչարյանի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության հարց է, այլև պետական կառավարման ձախողման:

Ռ. Քոչարյանը հստակ խոսեց բնապահպանների մասին, մեծ հաշվով դրանով իսկ իր աջակցությունը հայտնեց նրանց պայքարին։ Բայց իրավացիորեն շեշտեց, որ ողջ պատասխանատվությունը ստեղծված և անվերջ ձգձգվող իրավիճակի համար կրում է  պետությունը։

«Եթե չպետք է աշխատի, այդ որոշումը պետք է պետությունը կայացնի, այլ ոչ թե մարդիկ երկու տարի տնակներում սար են պահում: Հասկանում եմ այդ մարդկանց, բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի», – նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Ի տարբերություն իշխանականների, ովքեր բնապահպանական ռիսկերի վերաբերյալ վախենում են հստակ գնահատականններ հնչեցնել, այլ պարզապես հղում են անում արդեն իսկ արված կամ դեռևս սպասվող տարբեր փորձաքննությունների, Քոչարյանը հստակ ֆիքսեց, որ առկա է բնապահպանական ռիսկ, ինչն անտեսել չի կարելի. Ջերմուկից քիչ հեռավորությամբ բաց հանքի շահագործումը, որը ենթադրում է պայթեցումներ, անթուլատրելի է, անթույլատրելի է նաև հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը: Երկրորդ նախագահը հստակ ֆիքսեց, որ եթե կա վտանգ, ուրեմն հանքը չպետք է շահագործվի։

Ի տարբերություն այսօրվա բազմաթիվ իշխանավորների, Քոչարյանը առաջարկեց հնարավոր լուծումներ, դրանց վերաբերյալ կանխատեսումներ։

Ամուլսարի շահագործման անթույլատրելիության, ռիսկերի վերաբերյալ և ի աջակցություն բնապահպաններին դատողությունները անհարմար դրության մեջ են դնում Ամուլսարում հետաքրքրություն ունեցող ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Միգուցե արդեն ժամանակն է տեղից շարժվելու և անձնական շահերը ստորադասելու պետության շահերին։

Պարզապես լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է աշխատել, ինչը կարծես թե այսօրվա կառավարությանը շատ խորթ է։ Աշխատելը, ճիշտ հաշվարկներ անելը այսօրվա իշխանությանը հակացուցված է։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ