23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքական ամլության երկու տարի…

YerevanToday.am-ը գրում է. 

Պարադոքս է. առաջին հայացքից թվում է, թե երկու տարի է, ինչ քաղաքական կյանքը Հայաստանում ինտենսիվ եռուզեռի մեջ է, ավելին՝ եռքից քլթքլթում է, մինչդեռ բովանդակային առումով ամլություն է: 

Եթե արտաքին դրսևորումներն ես դիտարկում, իսկապես էլ «իրադարձային հրավառություն» է, է՛լ Երևանի ավագանու արտահերթ ընտրություն, է՛լ ԱԺ արտահերթ ընտրություն, է՛լ դատավորների «վեթինգ», է՛լ «սահմանադրական հանրաքվե», է՛լ էս, է՛լ էն…

Դեռ չենք հաշվում իշխանության ներսում ու կառավարության կազմում կադրային վայրիվերումները, հանում-նշանակումները, կառուցվածքային վերաձևումներն ու մնացած «անցուդարձը», ասենք՝ այս կամ այն խնդրահարույց կոնվենցիան ընդունելը կամ վավերացնելը, «արտաքին-քաղաքականն» էլ ձեզ՝ նվեր: Այլ բան որ չլինի, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան «նստավայրում» մի բան կմոգոնի ու՝ աշխուժությունն ապահովված է:

Բայց, այդ արտաքուստ աշխուժության տակ, հատկապես գաղափարաքաղաքական առումով գրեթե ոչինչ չկա: Այնքան որ՝ կեղծ օրակարգեր են դրանք: «Քաղաքական կյանք» ասվածը պարզունակացվել է այն աստիճան, որ էլ ասելու չէ: «Հեղափոխություն», իսկ ըստ էության՝ անարյուն իշխանափոխություն կամ հեղաշրջում իրականացնելուց հետո և այդ տարբերակով բաղձալի իշխանությանը հասած խմբակը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իհարկե, այլ բան չի կարողանում և չի էլ ցանկանում անել: Իրենք իրենց նպատակին հասել են, մեղրի կճուճն են ընկել, պատկերավոր ասած: Միակ մոտիվացիան այդ «կճուճը» կամ այդ կարգավիճակը պահպանելն է՝ սեփական անձնիշխանությունը պահելը, և ըստ հնարավորության՝ ամրացնելն ու «հավերժացնելը»:

Քանի դեռ կա ցանկացած անհեթեթություն և ակնհայտ օրինախախտում ողջունող և ծափահարողների բազմություն, չհաշված ֆեյքերն ու բացահայտորեն ուղեղազուրկների վրա հաշվարկված իշխանական քարոզչությունը, նեխման այդ տարբերակը «աշխատում» է: Բայց այդպես չի կարող հավերժ շարունակվել, բնականաբար:

Սեփական խոստովանությամբ՝ «իզմերից», այսինքն՝ գաղափարախոսական որևէ հենքից, ուղղվածությունից զուրկ իշխանությունն անխուսափելիորեն դառնում է մեկ «իզմի» կողմնակիցն ու գաղափարախոսը՝ «իշխանիզմը»: Այսինքն՝ բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, քարոզչաքաղաքական «գործիքակազմով»՝ սուտ, կեղծիք, ցինիզմ, խեղաթյուրում, պիտակավորում, պատժիչ ապարատով՝ ԱԱԾ, Ոստիկանություն և, առհասարակ, ամեն ինչով իշխանությունը պահել, հանուն՝ իշխանության:

Հատկանշական է, որ նույնիսկ, թվում է, թե «գաղափարական հենք» ունեցող իշխանական նախաձեռնությունները ոչ մի կերպ չեն հասցվում ավարտական փուլի: Այ, օրինակ, իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ տրամաբանական էր թվում արտահերթ ընտրություններ անելը, Նիկոլ Փաշինյանը երկու ոտքը խոթեց մեկ բոթասի մեջ, թե՝ չէ որ չէ, այդ «բռնատիրական» Ընտրական օրենսգրքով ոչ մի արտահերթ ընտրության չենք գնա: Տրամաբանորեն, պետք էր բարեփոխել ԸՕ-ն: Իբր, սկսեցին նման մի բան անել: Բայց դա չվերջացրած, կտրուկ փոխվեց մոտեցումը, թե՝ արտահերթ ընտրություններ: Ու, ոչինչ, մոռացան, որ դեռ Ընտրական օրենսգիրքը չեն փոխել…

Նման օրինակներ տրցակներով կարելի է բերել: Փաշինյանի իշխանությունը, քավ լիցի, նման այնքան «շեղումներ» է թույլ տվել, որ բնականոն զարգացման դեպքում որևէ հասարակության կամ երկրի երևի մի 100-150 տարի կբավականացներ:

Նույնը՝ դատավորների «վեթթինգը»: Սկզբից իրենց մեջտեղից պատառոտեցին, հետո, երբ տվյալ պահին Փաշինյանին ամենից շատ հուզող դատական հարցով դատարանը նրա կապրիզը բավարարեց, «վեթթինգը» մոռացվեց, մղվեց երկրորդ պլան, ու այդպես էլ պարզ չդարձավ, թե վերջն ի՞նչ եղավ: Չնայած, «թավշապետերը» մի երեք ամիս էին իրենք իրենց տվել դրա համար: Վերջն այն եղավ, որ հաջողվեց ահաբեկել դատավորներից շատերին, իսկ «զտման» և ամենաստոր տարբերակներով հաշվեհարդարի սպառնալիքը մշտապես պահել նրանց գլխին:

Սահմանադրական «հանրաքվեի» մասին ընդհանրապես ավելորդ է խոսել:

Բայց հարցն այդ օրինակները չեն միայն կամ դրանց առատությունը:

Հարցն այն է, որ ինչպես ներքաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական հարթակներում Հայաստանը գաղափարաքաղաքական իմաստով ոչ միայն դոփում է տեղում, այլև դեգրադացվում է:

Չկա ոչ մի համապարփակ ծրագիր, չի գեներացվում միտք, չեն դրվում նպատակներ ու դրանց հասնելու ծրագրեր չեն նախանշվում: Չկա քաղաքական բանավեճ, չկա գաղափարների բախում, չկան փաստարկված և բազմակողմանի քննարկումներ:

Արտաքինի մասին ընդհանրապես ավելի լավ է լռել. Հայաստանն ուղղակիորեն վերածվել է արտաքին քաղաքականության սուբյեկտի:

Ծիծաղելի կլիներ Փաշինյանի ու նաև՝ նրա «քայլաթիմը» տեսնելուց հետո, առհասարակ, իշխանության այդ խայտաբղետ անձնակազմից ակնկալել «քաղաքական միտք» կամ մոտեցումներ:

Նրանց «բագաժը» մեծ չէ, իսկ լուծումն էլ շատ «ուղղագիծ» է՝ պերմանենտ հեղափոխություն: Ի հավաստում այն հին դիտարկման, որ հեղափոխությունները սկիզբ ունենում են, իսկ ավարտ՝ երբե՛ք:

Դրա համար էլ, առավելագույն «բովանդակությունը», որ դրսևորում է իշխանության հասած Փաշինյանը, «տնտեսական», «դատական», «գյուղատնտեսական», «կրթական» «հեղափոխություններն» են, չհաշված, որ Արցախի բանակցային գործընթացի հետ կապված ինչ-որ, միայն իրեն հայտնի «միկրոհեղափոխությունների» մասին էր խոսում:

Զավեշտական է, բայց երբ նույնիսկ այդ կենացա-կարգախոսային «հեղափոխություններն» ես փորձում մի փոքր ավելի հանգամանորեն դիտարկել, պարզվում է, որ ընդամենը հում ֆրազներ են, տակը ոչ մի հիմնավորված, հաշվարկներով ու վերլուծություններով ծանրաբեռնված բան չկա: Բան էր, ասվեց, զանգվածն արձագանքեց՝ «ուռաաա՜» կամ «mer imastun prkich, purk, purk, purk!!!», պրծավ-գնաց: Մինչև մյուս օրը մի նոր բան մոգոնի գերագույն գլխավոր ստատուսագիրը…

Չէ, երկրում իհարկե, կան և քաղաքական գործիչներ, և քաղաքական ուժեր, անգամ նորերն են ձևավորվել այս ընթացքում, անգամ կան միջկուսակցական շփումներ, քննարկումներ: Ժամանակ առ ժամանակ քաղաքական տարբեր ուժեր հայտարարություններով են հանդես գալիս՝ քննադատելով օրվա իշխանության հերթական անընկալելի «նախաձեռնությունը»:

Բայց հարցն այն է, որ այդ քննարկումներն ու խմորումներն էլ հանգում են «մեխանիկական» հարցի, այսինքն, նախ՝ պետության կառավարման ղեկից հեռու տանել «թավշադուխ»-երին: Բնական է, որ նման իրավիճակում առաջին պլան էր գալու հենց այդ հարցը:

Իսկ մինչ այդ՝ երկիրը շարունակում է ապրել «իներցիայի» կամ «ազատ անկման» վիճակում, քաղաքական ամլության պայմաններում և «հեղափոխության» շահառու դարձած օտարերկրյա ծրագրիստների օրակարգ-հանձնարարականներով, որոնց հանրագումար  նպատակը հաստատ Հայաստանի զարգացումը չէ (մեղմ ասած):Առայժմ մեր երկրում «ծլում-ծաղկում» է միայն այդ «քաղաքական արգասիքը»:

 Արմեն Հակոբյան  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ