23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գործազուրկ Հայաստան. պատկերը՝ ըստ մարզերի․ 168.am

168.am-ը գրում է․ «Գործազրկության թեման որոշակի իմաստով անտեսված է մամուլի կողմից: Պատճառներից կարևորն այն է, որ գործազրկության մասին պաշտոնական (հաստատված) տվյալ-տեղեկությունները հրապարակվում են ժամանակային մեծ խզվածքով: Իսկ նման լուր-տեղեկությունը մամուլի համար հետաքրքիր չէ: Դիտարկենք կոնկրետ օրինակի վրա:

Օգոստոսի 5-ին հրապարակվեց 2020թ․ հունվար-հունիսի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող հեշվետվությունը: Այդ հաշվետվության «Զբաղվածություն» կոչվող հատվածում ոչ մի տվյալ չեք գտնի այս տարվա մասին: 2020թ․ առաջին կիսամյակն ամփոփող հաշվետվության «Զբաղվածության» բաժինը ներկայացնում է 2019թ․ հաշվետվությունը: Այսինքն՝ բնակչության տնտեսական ակտիվության, առկա աշխատուժի, գործազրկության մասին տվյալները հրապարակվում են, բյուրոկրատական պատկերավոր բառապաշարով ասած, «հաշվետու ժամանակաշրջանից ութ ամիս անց»:

Իսկ դա զանգվածային լրատվության միջոցներին արդեն հետաքրքիր չէ: Որովհետև մամուլի ամենասիրած (ու ամենաբնորոշ) բանաձևի համաձայն՝ «Չկա ավելի հին բան, քան երեկվա լուրը»:

Իսկ «երեկ» ասածից արդեն ութ ամսից ավելի է անցել: Բայց ոչ ոք արդեն չի նկատի, որ 2019-ի գործազրկության միջին ցուցանիշը կազմել է 17.9 տոկոս: Երկրում այն մարդկանց թիվը, ում վիճակագրությունը համարում է «Աշխատուժ» կամ «Աշխատուժի առաջարկ», 2019թ․ միջին թվով եղել է 1 մլն 230 հազար 600 մարդ:

Վիճակագրության տեսանկյունից նրանցից 1 մլն 9 հազար 800-ը «Զբաղված» են:

Մի կողմ թողնենք այն, որ գյուղական բնակավայրերում ապրողները, անկախ զբաղմունքի առկայությունից, մասնագիտությունից ու կրթական ցենզից, ինքնաբերաբար համարվում են «զբաղված»: Մի կողմ թողնենք ու արձանագրենք, որ 2019թ.-ին պաշտոնական վիճակագրության տեսանկյունից 220 հազար 800 մարդ համարվել է գործազուրկ:

Վիճակագրության տվյալները համադրելով՝ կարելի է տեսնել, որ գործազրկությունը երկրում համահարթության սկզբունքով չի սփռված: Գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունի այն մարզը, որի մասին այս տարի ընդունված է գորովանքի խոսքեր շռայլել: Տավուշի մարզում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է` 26.9 տոկոս: Նույնիսկ ավելի բարձր, քան մայրաքաղաքում, ուր կենտրոնացած է հանրապետության աշխատուժի մոտ 30 տոկոսը: 2019-ի տվյալներով՝ գործազրկության մակարդակը Երևանում կազմել է 22,7 տոկոս: Գործազրկության բարձր մակարդակ արձանագրած երրորդ մարզը Վայոց ձորն է՝ 21.6 տոկոս: Ասենք, որ այս մարզը՝ թե բնակչության քանակով, թե աշխատուժի առաջարկով, ամենափոքրն է մեր երկրում: Բայց պատկերացրեք` այս մարզում հանրապետության ընդհանուր աշխատուժի 1.4 տոկոսն է բնակվում, ու նրանց մոտ 22 տոկոսը գործազուրկ է: Կոտայքի մարզն աշխատուժի առաջարկով մարզերից երրորդն է` 9,3 տոկոս: Բայց գործազրկության մակարդակով` չորրորդն է (ներառյալ՝ մայրաքաղաքը):  Արմավիրի և Արարատի մարզերում (աշխատուժի առաջարկի 11.1 և 9.9 տոկոս՝ համապատասխանաբար) գործազրկությունն ավելի ցածր է` 13 և 11.4 տոկոս, քան Կոտայքում: Սա իր բացատրությունն ունի. Կոտայքի մարզում քաղաքային բնակչության տեսակարար կշիռն ավելի բարձր է: Նույն տրամաբանությամբ՝ Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերը գործազրկության ամենացածր (ու տարօրինակորեն հավասար) մասնաբաժին ունեցողներն են` մոտ 8.3 տոկոս:

Ահա գործազրկության այսպիսի անհամամասնական պատկեր ունենք: Բայց դրա նկատմամբ հետաքրքրություն չկա: ԶԼՄ-ների համար այն հետաքրքիր չէ վերը նշված պատճառով: Իսկ իշխանությունները միշտ էլ գերադասում են չնկատել այս խնդիրները: Իսկ մեր տնտեսությունը հարահոսով շարունակում է իր ընթացքը՝ շարունակելով երկրի տարածքային բաժանումներում  անհամամասնական տնտեսական իրավիճակ ձևավորել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ