23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը և հայ երիտհեղափոխականները․ մաս II. Ստեփան Դանիելյան

Հերբերտ Մարկուզեն․ «ՀուԶանք ու Զանգ»

2019-ի հուլիսին «Հանրապետության Հրապարակի» մետրոյի կայարանի շատրվանների մոտ մեծ սկանդալ էր տեղի ունեցել։ Կրթության նախարարությունը 2,7 միլիոն դրամ էր տրամադրել նորարարական արվեստի ներկայացման համար, ինչը տապալվեց «ավանդական» մշակույթի պահապանների կողմից։ Հանրությունն այդպես էլ չհասկացավ, թե դա ի՞նչ էր ու ինչո՞ւ էր կրթության նախարարությունը դա ֆանանսավորել, այսինքն պետական քաղաքականության համար կարևոր համարել։ Այդ մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«ՀուԶանք ու Զանգ»-ը մարդու բնազդների ազատագրմանը նվիրված ներկայացում էր, ըստ երևույթին՝ Հերբերտ Մարկուզեի նշանավոր «Էրոսը և քաղաքակրթությունը» աշխատությունից ազդված, որի կարգախոսը հայ ակտիվիստների լեզվամտածողությամբ կարելի է ներկայացնել այսպես՝ «Ես եմ տերն իմ մարմնի»:

Մարկուզեն ու սեքսուալ հեղափոխությունը

Հերբերտ Մարկուզեն (1898-1979թթ.) «Ֆրանկֆուրտյան դպրոցի» նշանավոր ներկայացուցիչներից է, ով միավորել է մարքսիզմն ու ֆրեյդիզմը: Մարկուզեի «Էրոսը և քաղաքակրթությունը» աշխատությունը, որը գրել է 1955-ին, Եվրոպայում, իսկ հետագայում Միացյալ Նահանգներում սկսված սեքսուալ հեղափոխությունն ոգեշնչած գլխավոր փիլիսոփայական գործերից էր։ 1968-ին Փարիզում սկսված ուսանողական հուզումների հիմնական ոգեշնչողներից մեկը նրա ստեղծագործություններն էին։ Մարկուզեն շատ հետաքրքիր ու խոր մտածող էր, ով հիասթափվել էր բանվոր դասակարգից, նրան այլևս համարելով սպառողական հասարակության գերի, կարծում էր, որ մարդկանց պետք է ազատագրել բուրժուական հասարակության մշակութային կապանքներից և դրա համար պետք է տուրք տալ բնազդներին, առաջին հերթին՝ սեռական: Եթե Ֆրեյդը փորձում էր ազատագրել ճնշված տաբուների հետևանքով պսիխոզների հասած կոնկրետ անհատներին, ապա Մարկուզեն առաջարկում էր տաբուներից ազատագրել ողջ հասարակությանը՝ դրանով նրանց դարձնելով երջանիկ։

Իմ նպատակը չէ ներկայացնել Մարկուզեի փիլիսոփայությունը, այն կարելի է գտնել սեղմ, բայց բավականին խոր ներկայացված այս հաղորդման մեջ, ինչպես նաև նրա հետ անցկացված հեռուստատեսային հաղորդումում, որտեղ հենց ինքն է ներկայացնում իր հայացքները։ Կարծես թե սա էր «ՀուԶանք ու Զանգ»-ի, նաև կրթության նախարարության չստացված մեսիջը:

Եթե, ըստ Էնգելսի, մարդը կապիկից մարդ է դարձել աշխատանքի շնորհիվ, ապա Մարկուզեն առաջարկում է մարդուն ազատագրել կապիտալիստական համակարգի կողմից թելադրված աշխատանքից, ինչը նրան ստրկացնում է․ երջանիկ լինելու համար պետք է «լսել» մարմնին ու իրականացնել ճնշված բնազդները։ Դա սեքսուալ հեղափոխության մանիֆեստ էր՝ մարքսիստական հեղափոխության փոխակերպումը՝ իրականությանը համահունչ։ 1990-ականներին դա անվանեցին «մշակութային մարքսիզմ»։

Փարիզի ուսանողական շարժումը

1968-ին Ֆրանսիան տնտեսական բում էր ապրում, իսկ Դե Գոլն երկիրը տանում էր սուվերենության բարձր աստիճանի, անգամ հակառակվում էր Միացյալ Նահանգներին։ Դե Գոլի ազգայնական քաղաքականությանը հակադրվում էին երիտասարդության շրջանում մեծ ազդեցություն ունեցող ձախ հայացքները․ մարքսիզմ-լենինիզմ, տրոցկիզմ, մաոիզմ, անարխիզմ և այլն։ 1968-ի ուսանողական շարժումների հետևանքով Դե Գոլը հրաժարական տվեց՝ պարտվելով իր կողմից առաջ քաշված հանրաքվեում։ Փարիզի ուսանողական շարժումը Եվրոպայի սեքսուալ հեղափոխության կարևոր փուլ էր։ Հետաքրքիր է, որ ուսանողների կարգախոսներից մեկը հետևյալն էր․ «Պրոլետարներ բոլոր երկրների, զվարճացե՛ք»։

Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմը ցույց է տալիս այդ շարժման ողջ անտրամաբանականությունը։

Ֆրանսիան Դե Գոլից հետո միջազգային քաղաքականության մեջ այլևս այն կշիռը չունի, ինչն ուներ նրա օրոք: Կարելի է ասել, որ Ֆրանսիայում սեքսը հաղթեց ազգայնականությանը: Սա, իհարկե, պատկերավոր խոսք էր:

Ըստ «մշակութային մարքսիզմի» տեսաբանների՝ հասարակությանը կապանքների մեջ են պահում բուրժուական կարգերի կողմից ստեղծված սպառողական հասարակությունը, ավանդական ընտանիքի մասին պատկերացումները, եկեղեցին, պահպանողական արժեքները, ազգայնականությունը, հայրենասիրությունը, որոնց պետք է պատերազմ հայտարարել։ Ըստ էության, դա տրոցկիզմի տեսակ է: Նեոմարքսիզմը, իրոք, շատ հետաքրքիր փիլիսոփայական դպրոցներ ունի, սակայն, թե ով ինչպե՞ս է այն օգտագործում, ոչ պակաս հետաքրքիր խնդիր է:

Շարունակելի․․․

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ