28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ս. Սարգսյանը պաշտոն զբաղեցնելու խնդիր չունի. Է. Շարմազանով. Ժամանակ

Ներկայացնում ենք ”Ժամանակ” թերթի հարցազրույցից մի հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

– Պարոն Շարմազանով, իշխանություններն ինչո՞ւ են նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

– Նախ ասեմ, որ նախաձեռնողը ՀՀ նախագահն է: Եվ հաշվի է առնվել Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի կարծիքը, որ միշտ խոսել են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով այդ հանգամանքը և հասարակական ու քաղաքական պահանջը` նախագահը ձևավորեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական  հանձնաժողովը: Պետք է նաև նշեմ, որ ի տարբերություն սահմանադրական նախորդ` 1995 և 2005 թվականների փոփոխությունների, այս անգամ իշխանությունը հասարակությանը և քաղաքական ուժերին ոչ թե հրամցրեց պատրաստի փաստաթուղթը, այլ գնաց հասարակության, քաղաքական ուժերի հետ քննարկումների, մասնագիտական հանձնաժողովը ներկայացրեց հայեցակարգ, որը դեռ վերջնականապես պատրաստ չէ, բայց մինչև հոկտեմբերի 15-ը կպատրաստվի և կներկայացվի հասարակության ու քաղաքական ուժերի դատին:

– Ո՞րն է սահմանադրական փոփոխությունների նպատակը:

– Նպատակը համակարգային փոփոխություններն են:

– Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է դառնալ Ազգային ժողովի նախագահ, այդ նպատակո՞վ է նախաձեռնել այս սահմանադրական փոփոխությունները:

– Դրանք ընդամենը մանր և իրականությունից հեռու շահարկումներ են: Ս. Սարգսյանն ասել է, որ եթե մնա կիսանախագահական համակարգը, չի առաջադրվելու որպես նախագահ, եթե լինի խորհրդարանական համակարգ, ինքը վարչապետի պաշտոնին չի հավակնելու:

– Բայց նա չի էլ ասել, որ չի ուզում դառնալ Ազգային ժողովի նախագահ:

– Այստեղ մի խնդիր կա, Ս. Սարգսյանն ասել է, որ լինելու է կուսակցության առաջնորդ: Մեր իրականությունն այնպիսին է, որ Հայաստանը թևակոխում է զարգացման մի փուլ, երբ մեր երկրի քաղաքական դաշտում այլևս անցյալում է մեկ գործչի, պետական պաշտոնյայի վճռական դերակատարումը: Մենք անցում ենք կատարում ցանցային, հորիզոնական համակարգի, և այսուհետ ոչ թե պետք է վճռորոշ լինի մեկ գործչի, թեկուզ նախագահի, այլ քաղաքական կուսակցությունների կարծիքը, ինչ ճանապարհով գնացել են ժողովրդավարական երկրները: Եվ այդ առումով ես չեմ հասկանում այն քաղաքական ուժերի կեցվածքը, որ նախագահական ընտրություններից առաջ կուրծք էին ծեծում, թե Հայաստանին անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որ Հայաստանում բոլոր արատների պատճառը նախագահական կամ կիսանախագահական համակարգն է, որ նախագահներն ու մի քանի պաշտոնյաներ իրենց կամքն են թելադրում հասարակությանն ու քաղաքական ուժերին, և որ մինչև մենք անցում չկատարենք խորհրդարանական համակարգին, մեր երկրում ժողովրդավարությունը չի զարգանա: Այսօր այդ ուժերից շատերն ասում են, թե հիմա սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ, կամ էլ` թե այդպիսով ուզում եք վերարտադրվել:

– Նրանք գտնում են, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ս. Սարգսյանը ցանկանում է դառնալ ԱԺ նախագահ, իր վերահսկողությամբ ԱԺ-ի կողմից ընտրի նախագահ և նշանակի վարչապետ ու այսպիսով նորից մնա իշխանության ղեկին:

– Շնորհակալ եմ այդ քաղաքական ուժերին, որ նրանք գնահատում են թե ՀՀԿ-ի, թե Ս. Սարգսյանի փաստացի դերակատարումը և տեսնում են, որ իրենք ուզեն, թե չուզեն, խոսեն, թե չխոսեն, ՀՀԿ-ն և Ս. Սարգսյանն այնքան ազդեցություն, վստահություն ունեն հասարակության մեջ, որ պետք է վերարտադրվեն:

– Ընդդիմությունը մտածում է, որ իշխանությունները վարչական լծակներն ու որոշակի կեղծիքի մեխանիզմներն օգտագործելով, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների արդյունքում կկարողանան հեշտությամբ վերարտադրվել:

– Վերջին ընտրությունները եվրոպական բոլոր դիտորդական առաքելությունների գնահատմամբ մեր պատմության մեջ եղել են լավագույնը: ԵԽԽՎ-ից մինչև ԵԱՀԿ բոլոր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներն առանց բացառության ամրագրել են, որ այս թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունները նախորդների համեմատ քայլ առաջ են եղել: Ես ընդդիմախոս քաղաքական ուժերի տրամաբանությունը չեմ հասկանում, չկա տրամաբանություն: Չի կարելի մի օր ասել, թե այս երկրի խնդիրները կառավարման համակարգի մեջ են, հետո ասել, թե հիմա փոփոխությունների ժամանակը չէ, եկեք 2018-ից հետո անենք:

– Այնուամենայնիվ, բացառո՞ւմ եք, որ 2018 թվականից հետո Ս. Սարգսյանը ցանկանում է դառնալ Ազգային ժողովի նախագահ:

– Պետք չէ կենտրոնանալ այդ պաշտոնների վրա: Ես ՀՀԿ-ի անունից պաշտոնապես ասում եմ, որ Ս. Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է և դեռ երկար ժամանակ լինելու է ՀՀԿ-ի առաջնորդը, որովհետև մեր կուսակցությունն է այդպես ուզում: Երկրորդը` այլևս վճռական պետք է լինի ոչ թե մեկ քաղաքական գործչի, ներկա կամ նախկին նախագահի, այլ` ընդհանուր քաղաքական թիմի դերակատարումը: Աշխարհը գնացել է այդ տրամաբանությամբ: Եվ Ս. Սարգսյանն, ի տարբերություն շատ գործիչների, որոնք թաքուն հետևում են քաղաքական գործընթացներին և միայնակ են, միայնակ չէ: Ս. Սարգսյանը հանրապետական է, Հանրապետականը Ս. Սարգսյանինը չէ: Ս. Սարգսյանը ՀՀԿ-ականներից մեկն է, ինչպես ինքն է ասում:

– Դուք բացառո՞ւմ եք, որ 2018 թվականից հետո Ս. Սարգսյանը պետական որևէ բարձր պաշտոն կզբաղեցնի:

– Ս. Սարգսյանը պաշտոն զբաղեցնելու խնդիր չունի, Ս. Սարգսյանը դեռ երկար տարիներ լինելու է քաղաքական ամենաազդեցիկ կուսակցության առաջնորդը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ