«Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին».«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է սկսել
«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ: Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե’ Հայրենիքին, թե’ սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։
Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախորդ տարվա տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն:
Բեյրութի աղետաբեր պայթունի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:
Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակով, ինչպես նաև փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին:
Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: