23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք են գործիչներ, որ ունակ են Ռուսաստանի իշխանության հետ նորմալ հարաբերություններ ունենալ

Դժվար է միանշանակ ասել, թե հայ-ադրբեջանական սահման-առաջնագծի Տավուշի հատվածում հուլիսի կեսերին ծավալված գործողությունները որքանով էին «դրսից», օրինակ՝ Թուրքիայից հրահրված: Բայց ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում «խաղացողները», առավելապես նույն Թուրքիան և, անկասկած Ռուսաստանը ձգտում են այդ առիթն օգտագործել՝ նոր զորաշարժերի համար և ավելի հարմար դիրքեր ստանալու նպատակով: Ըստ որում, զորաշարժեր նաև ուղիղ իմաստով: Ռուսաստանի լայնածավալ կովկասյան զորավարժություններին Թուրքիան պատասխանում է Ադրբեջանի հետ զորավարժություններով՝ բավականին ցուցադրաբար զորք մտցնելով Նախիջևանի ադրբեջանական ինքնավար հանրապետություն: Ըստ էության, Թուրքիան զորաշարժ է անում Երևանի քթի տակ: Ավելին, դա ուղեկցվում է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին տեղեկատվությամբ, այսինքն՝ ակնարկվում է, որ կողմներն առնվազն ինչ-ինչ համաձայնություն ունեն:
Չնայած, որքան էլ Ռուսաստանը և Թուրքիան պատմական ինչ-որ պահի որոշ չափով մերձենում են, դրան հաջորդում է դիմակայության փուլը: Այդպես եղել է միշտ: Եվ դրա հիմնապատճառն էլ պարզ է. նրանց աշխարհաքաղաքական շահերն ու դրանց վեկտորները հակամետ են: Բայց տվյալ դեպքում հարցը ոչ այնքան ռուս-թուրքական հարաբերություններն են, այլ հայ-ռուսական:

Կա տեսակետ, որ այս վերջին լարվածության ընթացքում Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդեց դիրքերը: Հնարավոր է: Չնայած լիարժեք գնահատական կարելի է տալ՝ դեպքերն ու դրանց ընթացքը մի փոքր ավելի տևական ժամանակահատվածում դիտարկելու պարագայում:

Մյուս կողմից, Հայաստանի հասարակության, հուսով ենք՝ մեծ մասին պարզ դարձավ այն, ինչ առանց այդ էլ տեսանելի էր. Ռուսաստանը կարևոր զսպիչ ու հավասարակշռող դեր ունի մեր տարածաշրջանում: Եվ Հայաստանի ազգային շահերից է բխում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելն ու, ամենից կարևորը՝ Ռուսաստանի հետ այդ դաշնակցության մակարդակին համապատասխանող հարաբերություններ ունենալը:

Իսկ ինչպիսի՞ն են Հայաստանի ու Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հարաբերությունները: Մեղմ ասած՝ մխիթարական չեն: Այն, որ ռուսական պաշտոնական քարոզչության ոչ շարքային ներկայացուցիչը (թող որ՝ հայկական արմատներ ունեցող), տհաճ ու վիրավորական արտահայտություններ է շփփացնում Հայաստանի օրվա իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի երեսին, ոչ մի լավ բան միջպետական հարաբերությունների վիճակի մասին չի հուշում: Ո՞ւմ հասկանալի չէ, որ այդ եղանակով Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի ներկայիս ղեկավարության հասցեին արտահայտում է այն, ինչը չեն կարող նույն Պուտինը կամ, ասենք, Լավրովն ասել ուղիղ խոսքով: Չնայած, նրանք էլ, օրինակ, նույն Լավրովը, ժամանակ առ ժամանակ հարկադրված են լինում այս կամ այն արտահայտությամբ կամ ակնարկով արտահայտել նույն այդ վերաբերմունքը Հայաստանի «թավշահեղափոխական» իշխանությանը:

Այդ հարթության վրա իջևանյան շողոմ-մողոմ ժպիտները, սիրալիրությունների ցուցադրությունները չեն անցնում: Եվ, որքան զուգահեռվող են հայ-ռուսական շահերը՝ շատ հարցերում, ցավոք, այսօր այդ զուգահեռությանը հակադարձ համեմատական վիճակում են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության հարաբերությունները:

Իսկ դա չի կարող չմտահոգել:

Ի վերջո, առաջին հերթին հենց մեր շահերից է բխում, որ այդ հարաբերությունները առնվազն «նորմալ» բնորոշելի լինեն, այլ ոչ թե դրսևորվեն կրեմլյան քարոզչի հետ «թուքումուր», «անեծք-լուտանք» տարբերակներով:

Ակնհայտ է, որ Հայաստանում պետության ղեկի մոտ անհրաժեշտ են գործիչներ, որոնք ունեն կամ կարող են Ռուսաստանի ղեկավարության, Պուտինի հետ հաստատել նորմալ, եթե չասենք՝ գործընկերային հարաբերություններ: Դա, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ասենք՝ վաղն էլ բխել է ու բխում է մեր ազգային շահերից, մեր պետության ու ժողովրդի անվտանգության արդյունավետ ապահովման անհրաժեշտությունից:

«Թավշյա» փորձարարությունն ու փորձարկումները արդեն ոչ միայն սպառել են իրենց ու հասարակության համբերանքի չիբուխի պարունակությունը, այլև օրեցօր ավելի է ընդգծվում, որ այդ փորձարկումները տանում են դեպի մեծ փորձանք:

Արմեն Հակոբյան

Աղբյուրը`YerevanToday.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ