23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչը դրդեց թշնամուն ակտիվանալ և ի՞նչից գրգռվեց նրա ախորժակը

YerevanToday.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական սահման-առաջնագծում, հիմնականում՝ Տավուշի հատվածում հուլիսի 12-ից թշնամու ագրեսիվ ակտիվացմանն ի պատասխան, Հայոց բանակը լիարժեք ասաց իր խոսքը: Ռազմական տեսանկյունից թշնամին տպավորիչ քոթակ ստացավ, թերևս հասկանալով, որ չնայած իր ներշնչումներին կամ հաշվարկներին, կամ ավելի ճիշտ, որ իր ներշնչումներն ու հաշվարկները փուչիկներ են: Մարտադաշտում կրած պարտությունից հետո պաշտոնական Բաքուն փորձեց ագրեսիան տեղափոխել երրորդ երկրներ` հրահանգելով սկսել հայերի, հայկական համայնքի, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ադրբեջանցիների ոհմակային հարձակումներ:

Չնայած մարտական գործողությունների իմաստով հարաբերականորեն հանգիստ իրավիճակին (չնայած ինչպե՞ս այն «հանգիստ» բնորոշես, եթե թշնամու դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվում), լարվածությունը պահպանվում է, չի չեզոքացել կամ լիցքաթափվել:

Եվ, եթե ռազմական առումով, մեր բանակի, մեր զինվորների ու սպաների պատրաստվածությունն ու նվիրվածությունը, ինչպես անցած տասնամյակների ընթացքում, այնպես էլ այս օրերին ակնհայտ է ու հարցեր չի առաջացնում, ապա նույնը, ցավոք, չենք կարող ասել արտաքին-քաղաքական ու նաև որոշակի քաղաքական երևույթների ու դրսևորումների մասին: Հատկապես՝ ՀՀ ղեկավարության, այսինքն՝ Փաշինյանի գլխավորած իշխանության ու նրա անմիջական, նաև՝ որևէ պաշտոն չունեցող, բայց ուղղակիորեն իշխանությանն առնչվող շրջանակների ներկայացուցիչների մասին:

Ի՞նչը դրդեց թշնամուն ակտիվանալ: Ի՞նչը գրգռեց նրա ախորժակը:

Առաջինը, իհարկե, «թավշյա» իշխանափոխությունից ի վեր Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն է: Եթե միայն կարելի է «արտաքին քաղաքականություն» անվանել ցաքուցրիվ անկանոն «շարժումները», կցկտուր և դիպվածային, նաև՝ հուզական հայտարարությունները, հատկապես՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ տարաբնույթ, հաճախ՝ հակասական հայտարարությունները, որ դրսևորվել են անցած երկու տարվա ընթացքում:

Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, Ալիևի հետ «վերելակային պայմանավորվածությամբ» գրեթե պաշտոնապես զրոյացվեցին հակամարտության շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դա մեծապես բխում էր Ալիևի շահերից, ով առանց այն էլ հակված չէր կատարելու, մեծ հաշվով՝ հարկադրյալ ընդունած պայմանավորվածությունը: Թշնամուն թույլ տրվեց մտածել, որ ինքը գործ ունի մի հակառակորդի հետ, որն իր կամքով անում է այն, ինչ պետք է:

Տավուշի մարտական գործողություններից հետո Նիկոլ Փաշինյանը անուղղակիորեն խոստովանեց իր կոպտագույն սխալը՝ հանկարծակի «հիշելով» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նշյալ պայմանավորվածությունների մասին:

Տեղին է հիշեցնել Ալիևի հասցեին Փաշինյանի «ռևերանսները», թե՝ «կիրթ» է, «կառուցողական» է, չհաշված արդեն բանակցային գործընթացի մանրամասնությունների մասին նրանից տեղեկանալու վերաբերյալ «կիքսը»:  Եվ այդ «կիրթ, կառուցողականը» մեկի մասին, ով ընդամենը մի քանի տարի առաջ խրախուսել և պարգևատրումների է արժանացրել զոհված մարտիկների մարմինները հոշոտելու բորենիությունը:

Ավելին, Փաշինյանը ասպարեզ բերեց ու որպես մի մե՜ծ «գուՅտ» շարունակեց տարփողել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ այն հայտարարությունը, թե՝ կարգավորման տարբերակը պիտի բավարարի Հայաստանի, Արցախի ու… Ադրբեջանի ժողովրդին: Հարցը, թե Ադրբեջանի ժողովրդին բավարարող տարբերակը ո՞րն է և դրա՞ համար ինչու պիտի Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը մտածի, մնաց առկախ:

Անցած երկու տարվա ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի տիկինը, ինչպես նաև իշխանական քորազչասանդղակում երրորդ-չորրորդ պլանի տարբեր անընկալելի կերպարներ ակտիվացրեցին «խաղաղասիրական կոչերը»: Ավելին, անգամ այս վերջին ակտիվացման շրջանում, երբ Տավուշի սահմանագոտում ինտենսիվ մարտական գործողություններ էին, Փաշինյանի տիկինը էլի մի նման կոչ արեց, չնայած իր նախորդ դրսևորումներն էլ արժանացել էին թշնամու «առաջին տիկնոջ» կոշտ ու ռազմատենչ արձագանքներին: Դեռ չասած այն մասին, որ Հայաստանից, այն էլ՝ իշխանական «թախտերից» հնչող նման հայտարարությունները ընկալում են որպես «խաղաղություն մուրալ»:

Զուգահեռաբար, վերջին երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր «թավշյա» թիմը շարունակաբար վատացրել են հարաբերությունները Հայաստանի հիմնական ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Չնայած պաշտոնական հանդիպումներում գավառական մակարդակով «սիրալիրություն» ցուցադրելուն, ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հարաբերությունները, մեղմ ասած՝ վատ վիճակում են:

Ի լրումն, այս «թավշյա» ժամանակահատվածում Հայաստանում ակտիվացել են այն շրջանակները, որոնք ավելի շատ թուրքական շահերն են սպասարկում, անկախ այն բանից, դա անում են որոշակի ուղղորդմամբ, թե իրենց նախաձեռնությամբ: Վատ է և այն, որ այդ շրջանակները դիրքավորվում են որպես խանդավառ իշխանամետներ ու, բավականին նկատելիորեն քաջալերվում են օրվա իշխանությյան կողմից:

Դեռ չենք խոսում ներքին կյանքում, ներքաղաքական, ներհասարակական միջավայրում Փաշինյանի ռեժիմի գործած սխալների և շարունակական ագրեսիվ հռետորաբանության, ներքին թշնամանքի և ատելության տարածման մասին:

Հանրագումարում այդ ամենը ոչ միայն կարող էր, այլև, ինչպես տեսանք, թշնամուն, դրդեց ակտիվացման, հնարավոր է, ոչ առանց նրան հրահրող ուժային կենտրոնների, ասենք՝ Թուրքիայի մասնակցության:

Կասկածելի է, թե Փաշինյանի գլխավորած իշխանությունը գոնե հիմա գիտակցում է, որ տեղի ունեցածը նաև իր արտաքին-քաղաքական փնթիության հետևանք է:

 

Արմեն Հակոբյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ