Մակունցը ստում է. Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի` Սևանի ափին փարթիից օրվա տարբեր ժամերին. antifake.am
Երեկվանից քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճի ափին գտնվող «White Shorja» հանգստյան գոտում անցկացված բազմամարդ հավաքույթը: Տարածվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես հավաքույթի մասնակիցները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, սոցիալական հեռավորություն, դիմակներ չեն կրում, օգտագործում են նարգիլե: Նշվում էր, որ «փարթիի» կազմակերպիչը հենց պատգամավորն է:
Արդեն առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասուլիսի ընթացքում նշեց, որ խոսել է Հայկ Սարգսյանի հետ: Պատգամավորը իր խմբակցության ղեկավարին հավաստիացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ ևս այլ քաղաքացիներ են հանգստանում: Միջոցառման տարածքում ընդամենը «մի պահ է» եղել: Մակունցը հերքել էր նաև այն տեղեկությունը, թե Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստի գոտու հետ:
Ավելի ուշ, Հայկ Սարգսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր, որ որոշ քաղաքական ուժեր և նրանց սպասարկող լրատվամիջոցներ «ջանում են իրենից առանց դիմակի կադր որսալ»: Միջոցառման վերաբերյալ էլ Սարգսյանը նշում էր, որ լողափում գտնվել է երեկ երեկոյան և «ընդամենը մի պահ» դիմակ չի կրել, ինչի համար էլ ներողություն է խնդրել պարետատնից և իր քաղաքական թիմից անհարկի աղմուկի համար:
Սակայն թե՛ Լիլիթ Մակունցը, թե՛ Հայկ Սարգսյանը ստում են, քանի որ դեռ երեկվանից շրջանառվում են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են այն մասին, որ իշխանական պատգամավորը երեկ ամբողջ օրն անցկացրել է «White Shorja» լողափում և բնականաբար եղել է առանց դիմակի: Նմանատիպ կադրեր առկա են առավոտյան և ցերեկվա ժամերից, որտեղ Հայկ Սարգսյանը կապույտ կարճաթև վերնաշապիկով է, ապա մուգ կապույտ սպորտային հագուստով:
AntiFake.am-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր «White Shorja» լողափից օրվա տարբեր ժամերին Հայկ Սարգսյանի փարթիից: Կադրերն արված են մինչև մութն ընկնելը, մթնշաղին և ուշ գիշերը, որոնք կրկին փաստում են, որ իշխանական երկու ներկայացուցչիչները ստել են հանրությանը՝ շտապելով հերքել Հայկ Սարգսյանի օրինախախտ վարքն ու արտոնյալ կարգավիճակը:
Ավելին, չնայած նրան, որ Լիլիթ Մակունցը հերքել է Հայկ Սարգսյանի կապը լողափի և միջոցառման կազմակերպման հետ, սակայն մեր ձեռքի տակ եղած կադրերը և մեզ հասած տեղեկություններն ասում են ամբողջովին հակառակը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է պատգամավորը կազմակերպչական կեցվածքով զրուցում տարբեր անձանց հետ:
Ամբողջությամբ՝ antifake.am կայքում: