Պետք է նախաձեռնել բանակցությունների նոր օրակարգ, որի հիմքում կլինի Բաքվի կողմից Արցախի ճանաչումը. «Ազգային օրակարգ»
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով առաջարկություններ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի քաղաքական հետեւանքները վերացնելու շուրջ: Հայտարարությունը՝ ստորեւ.
«Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվեց ռազմական ագրեսիա, որը ետ մղվեց հայկական բանակի ստորաբաժանումների նախաձեռնող, խիզախ եւ հմուտ գործողությունների շնորհիվ։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր խորին երախտագիտությունն է հայտնում այս մարտական գործողությունների հաջողությունը ապահոված բոլոր հրամանատարներին եւ զինվորներին, մեր զինված ուժերի ողջ անձնակազմին։ Համոզված ենք, որ ապագայում էլ հակառակորդի ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան կստանա մեր զինված ուժերի կողմից։
Միեւնույն ժամանակ, մարտական գործողությունների արդյունքում տեղի ունեցած արտաքին քաղաքական զարգացումները վկայում են, որ մեր տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի խորքային վերադասավորում, եւ հակառակորդը, պարտվելով մարտի դաշտում, շարունակ ուղիներ է որոնում օգտագործելու մարտական գործողությունների բուն փաստը՝ Հայաստանի եւ Արցախի hանրապետությունների վրա դիվանագիտական ճնշումը ուժեղացնելու եւ մեզ անբարենապաստ բանակցային օրակարգ պարտադրելու նպատակով։ Որպեսզի մեր հերոսական բանակի ձեռքբերումները համարժեք նյութականացվեն դիվանագիտական ճակատում, մենք անհրաժեշտ ենք համարում իրականացնել հետեւյալ առանցքային գործողությունները․
Ա) երկրի ներսում հետեւողական քայլեր ձեռնարկել՝ ձեւավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը, եւ պատրաստելու պետությունը եւ հասարակությունը բացահայտ սրվող արտաքին մարտահրավերների դիմագրավմանը;
Բ) որպես անմիջական եւ հրատապ գործողություն, վերսկսել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հետ միասին առաջնագծում մշտադիտարկման հուսալի մեխանիզմների (ներառյալ արբանյակային միջոցներով) ներդրման մշակումը, եւ ցանկացած բովանդակային բանակցությունների վերադառնալ՝ միայն այդ մեխանիզմների լիարժեք ներդրման, եւ հայ-ադրբեջանական շփման գծում կայուն եւ վերահսկելի հրադադար ապահովելուց հետո;
Գ) իրականացնել հստակ եւ թիրախային նախաձեռնություններ՝ բարելավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաեւ հարաբերությունները մեր տարածաշրջանում ակտիվ շահեր ունեցող այլ խոշոր պետությունների հետ։ Այս համատեքստում, մոբլիզացնել հայության հավաքական ներուժը՝ նշված երկրներում հանրային կարծիքի վրա բարենպաստ ազդեցություն ապահովելու նպատակով;
Դ) նախաձեռնել եւ հետեւողականորեն առաջ մղել Արցախյան բանակցությունների նոր օրակարգ, որում որպես բանակցային հիմք պետք է ձեւակերպվի Ադրբեջանի կողմից Արցախի hանրապետության անկախության անվերապահ ճանաչումը;
Ինչպես նախկինում, ներկայումս էլ մենք հայտնում ենք մեր կուսակցության պատրաստակամությունը՝ գործնական բոլոր հնարավոր միջոցներով աջակցել մեր պետությանը եւ բանակին՝ միասնական ազգ-պետություն-բանակ գաղափարախոսության համատեքստում, մեր Հայրենիքի դեմ սանձազերծած ագրեսիան ետ մղելու եւ այս փորձությունից հաղթանակած դուրս գալու համար։
Միեւնույն ժամանակ, մենք նաեւ ակնկալում ենք բոլոր հիմնական ազգային քաղաքական ուժերից՝ ջանքերի իրական համադրում վերը նշված առանցքային գործողությունների շուրջ»։