”Ես դեռ չեմ հիշում մի սահմանադրական ռեֆորմ, որի ժամանակ այդ արգումենտը չբերվեր”

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար սպասելի էր, որ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կառավարման մոդելի հարցում կանգ կառնի խորհրդարանական համակարգի վրա: ”Սպասելի էր, որովհետև մասնագետների մեծ մասը այդ կարծիքին էին, որ պառլամենտական կառավարումն ավելի ճիշտ կլինի, չնայած դրա մոդելների տարբերականեր կան, որ դեռ կքննարկվեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը:
Ինքը պատգամավորը որևէ մի համակարգին միանշանակ կողմ կամ դեմ չէ: ”Ես միանշանակ չեմ կարող կարծիք արտահայտել, որովհետև եթե նայենք եվրոպական զարգացումները, պառլամենտարիզմի զարգացման առումով խորհրդարանականն է:
Բայց մեր պարագայում մենք բազմաթիվ այլ արգումենտներ կարող ենք բերել` կիսանախագահականը պահպանելու համար, օրինակ` որ պատերազմական երկիր ենք, որ բարդ տարածաշրջանում ենք ապրում, բայց մեր հարևան Վրաստանն այդ ճանապարհով գնաց ու միգուցե այդ փորձը նայենք: Բարդ է միանշանակ ասել, խորհրդարանական էլ կա, խորհրդարանական էլ, պիտի հասկանանք` ինչպես է ձևավորվում այդ խորհրդարանը, որը որ երկիրի առաջին կառավարող մարմինն է դառնում”,-բացատրեց նա:
Դիտարկմանը, որ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները կարծում են, որ սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրման համար են արվում, արդյոք ինքն էլ է այդպես կարծում, անկախ պատգամավորն արձագանքեց.
”Ես դեռ չեմ հիշում մի սահմանադրական ռեֆորմ, որի ժամանակ այդ արգումենտը չբերվեր: Այդ պատճառով ես, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, աշխատում եմ բովանդակության մեջ խորանալ, ոչ թե ինչ-որ կողքի բաների”: