23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել: Այս խոսքերը հանրահայտ Ուինսթոն Չերչիլինն են: Եթե ուսուցչին տրված իշխանությամբ, մենք ստանալու ենք ազգային էությունից և ինքնությունից կտրված, կամ ոչ լիարժեք արդյունք, ապա ասեք խնդրեմ, ո՞րն է լինելու ապագա Հայաստանի տեսլականը:

Ծանոթանալով «Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման» կարգում փոփոխություններ ենթադրող՝ կառավարության որոշման նախագծին, հանրակրթությունից ակնկալվող վերջնարդյունքների կողքին ցանկանում եմ կարևորել նաև հետևյալ երեքը.

Ա) «ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ».
Բ) «վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր».
Գ) “տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության”:

Նախագծից հստակ չի երևում, թե որքանո՞վ են հավաստի «Հայ եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների դուրսբերումը դպրոցական ծրագրերից, սակայն եթե այն մտնում է կառավարության նպատակների մեջ, ապա ազգային պետություն ունենալու հարցում՝ մեր սերունդների գործերը՝ մեղմ ասած լավ չեն:

Չկա աշխարհում մի հայագիտական ուսումնասիրություն, ըստ որի, հայ մարդու համար՝ հայկական ինքնության (տեսակի), հայոց լեզվի և մշակութային ժառանգության, քաջության ու հանուն հայրենյաց գործած հերոսական վարքի, անկոտրուն հավատքի, համամարդկային արժեքների ու հանդուրժողականության, ինչպես նաև ազգային նկարագիր ունեցող ամուր ընտանիքի ձևավորման հարցերում նշանակալի չլինեն Հայ Առաքելական Եկեղեցու թողած հետագիծն ու արժեքային հսկայածավալ ավանդը: Հատկապես, որ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներում դասավանդվում է ոչ որպես կրոնական առարկա, այլ որպես ազգային-մշակութային հարուստ ժառանգություն և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային զարգացման առանցքային պատմություն: Հուսով եմ, որ վերևում Ա) և Բ) կետերում մատնանշված արդյունքներին հասնելու նպատակով “Հայ եկեղեցու պատմությունը” կշարունակի իր տեղն ունենալ հանրակրթական ծրագրերում և չի դառնա «ավելորդ» առարկա:

Ինչ վերաբերում է «Նախնական զինվորական պատրաստություն առարկային», ապա մեր երկրի անվտանգային և պաշտպանական կարիքները արդեն իսկ բավարար են, որ դպրոցական ծրագրից այն հանելու, կամ այլ առարկաներին հետ խառնելու, հիբրիդներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա լուրջ հարված կլինի զինվորական պատրաստությանը, ռազմական նախնական գիտելիքների տրամադրմանն ու ռազմամարզական դաստիարակությանը: Ընդհակառակը, միշտ կարևորվել են այդ առարկան առավել արդյունավետ դարձնելու հարցերը՝ ոչ միայն դպրոցի, այլ նաև ՀՀ ՊՆ զորկոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների սերտ համագործակցության, ու առարկայի դասավանդման պատշաճ որակի վրա ուշադրությունը հրավիրելու միջոցով:

Գաղտնիք չէ, որ Իսրայելի պետությունը ազգային ինքնության և պետականության զարգացման հաջողված փորձ ունեցող երկրներից մեկն է համարվում: Ինչպես պետական, այնպես էլ պետական-կրոնական դպրոցների կրթական չափորոշիչներում կարևոր դեր է տրված հուդայականության պատմությանը՝ որպես ազգային ինքնության և մշակութային առանձնահատկությունների ձևավորման պարտադիր գիտելիքներ: Հադայականության պատմության իմացությունը գնահատվում է ավարտական քննությունների միջոցով, իսկ Իսրայելի քաղաքացիության ստացման, ինչպես նաև աբսորբցիայի հարցերում, այն ևս կարևոր է հրեաների համար: Առավել ուշագրավ է, որ նույնիսկ Իսրայելում գործող արաբական դպրոցների համար պարտադիր ուսումնական ցանկում են իսլամի պատմության և մշակութային իմացության առարկաները:

Հետևությունները թողնում եմ Ձեզ հարգելի ընթերցող»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ