Հաղթանակ, որ հավասարազոր է պարտության
Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարանի պաշարումը տևեց ավելի քան մեկ տարի: Վերջին օրերին ականատես եղանք Փաշինյանի «իրքայլական» մեծամասնության, ինչպես իրենց է թվում՝ ավարտական գրոհներին Սահմանադրական դատարանի վրա, որն օրինականության առումով պետության հիմնական ինստիտուտներից մեկն:
Անցած մեկ տարվա ընթացքում օրենսդիր և գործադիր իշխանությունը, ըստ էության, միանձնյա տիրապետող Փաշինյանը բազմաթիվ հարձակումներ գործեց Սահմանադրական դատարանի վրա, բայց բոլոր այդ գրոհները տապալվեցին: Ավելին, հանրության մեծ մասին տեսանելի դարձավ, որ ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, այլև ՍԴ մի շարք դատավորներ առավել քան սկզբունքային են, նաև՝ համարձակ քաղաքացիներ են, որոնք դիմակայեցին Փաշինյանի, նրա աած-ի և ոստիկանության, համակարգված պախարակման ու թունավորման գումարտակների, զրատվամիջոցների վայրիվերո ճնշմանը:
Եվ միայն այն բանից հետո, երբ «իրքայլական» մեծամասնությունը կարմիր թելերով, իսկ ավելի ճիշտ է ասել՝ չուգունե սեղմակներով «կարկատեց» Սահմանադրությունը, նաև՝ նախագահի պաշտոնն զբաղեցնողի թողտվությամբ, Փաշինյանը հնարավորություն ստացավ ներխուժել ՍԴ «միջնաբերդ», հեռացնել սկզբունքային դատավորներին, նրանց փոխարեն հետագայում իր կամակատարներին նշանակելու համար:
Զուտ ֆորմալ առումով, Նիկոլ Փաշինյանը և նրա անձի պաշտամունքի տակ մնացածները դա կարող են համարել հաղթանակ: Բայց եթե դա հաղթանակ էլ է, ապա՝
միայն «պյուռոսյան»: Այսինքն՝ հաղթանակ, որ հավասարազոր է պարտության:
Ինչո՞ւ:
Ամենից առաջ պետք է նկատել, որ ամեն գնով Սահմանադրական դատարանը գրավելու մտասևեռումն իրականացնելով տարված, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա «Իմ քայլը» խմբակցությունը, թե՛ մյուս «կողմ» քվեարկածը, թե՛ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը լիարժեք հնարավորություն ստեղծեցին այն բանի համար, որ ցանկացած հաջորդ իշխանություն իրենց դեմ քրեական գործընթաց նախաձեռնի՝ սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման հիմքով: Սա՝ առնվազն:
Բայց դա դեռ հետագայում է տեղի ունենալու: Մինչ այդ արժե դիտարկել նաև անմիջական ներկայի խնդիրները, որոնք շատ ավելի շոշափելի են:
Սահմանադրական դատարանի պաշարման ու այս վերջին գրոհների ընթացքում թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր «քայլակիցները» քաղաքական իմաստով «մերկացան» և հանրությանը ներկայացան իրենց և իրենց իշխանության բուն էությամբ ու բնույթով: Նրանք անդառնալիորեն հատեցին այնպիսի «կարմիր գծեր», որ դա շատերին ստիպեց սթափվել և թոթափել թավշյա թմբիրը: Այդ գործընթացն արագացավ զուգահեռ այլ զարգացումների ազդեցության պայմաններում:
Մարդիկ տեսան, որ կորոնավարակի տարածման ու ծագած սոցիալ-տնտեսական խնդիրների, առողջապահական սպառնալիքի, համաճարակի հենքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Փաշինյանը ավելի շատ կենտրոնացած է իր անձնական իշխանության բացարձականացման, իր քաղաքական ու խմբակային շահերի ապահովման վրա:
Բացի այդ, 5 ամսվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը չկարողացավ անգամ սահմանադրական կարգի խախտումը ինչպես հարկն է կազմակերպել: Բանն այնպիսի զավեշտի հասավ, որ փաշինյանականները ստիպված եղան նախ, իրենց հռչակած հանրաքվեն չեղարկել, իսկ Սահմանադրությունն էլ այնքան անշնորհք կարկատեցին, որ հիմա էլ «սխալների ուղղում» անելու կարիք ունեն, քանի որ հետին խելքով հիշեցին (ավելի ճիշտ՝ իրենց հուշեցին), որ մի կարևոր օրենք մոռացել են փոխել, առանց որի ՍԴ-ն գրավելու իդեա-ֆիքսը չի ստացվի: Այսինքն, նույնիսկ իրենց համար գերկարևոր համարվող հարցում չկարողացան քիչ թե շատ կազմակերպված գործել:
Ամենակարևոր պահերից մեկն էլ այն է, որ իրենց այդ քայլով Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլակիցները» սահմանադրականության հիմքերը, օրինականությունը առհասարակ, վերածեցին վերացական և զուտ պայմանականորեն գոյություն ունեցող երևույթների: Այդպիսով, գուցե անգամ չունենալով նման նպատակ, Նիկոլ Փաշինյանը հասավ այն բանին, որ իր քաղաքական հակառակորդներին և ընդդիմախոսներին ձերբազատեց Սահմանադրությանը և օրենքներին հետևելու պարտավորությունից:
Ո՞վ կարող է ասել կամ երաշխավորել, որ եթե իշխանությունը իրեն թույլ է տալիս խախտել Սահմանադրությունը, կամայականորեն բռնել ու փոխել այն, ապա նույնը չի կարող անել ցանկացած ոք:
Եվս մեկ կարևոր նրբերանգ: Ինչպես Սահմանադրական դատարանի վրա հարձակումը սաստկացնելով, այնպես էլ՝ ԲՀԿ ղեկավարի դեմ նախաձեռնած հետապնդմամբ Նիկոլ Փաշինյանը նախ՝ մեծապես նպաստեց իր ընդդիմախոսների դիրխորոշումների առավել կոշտացմանը, բացի այդ՝ մեծապես նպաստեց այն բանին, որ արդեն հակառակորդի վերածված ընդդիմախոսներն արագացնեն համագործակցության և ուժերի մեկտեղման, համախմբման գործընթացները:
Ի դեպ, ՍԴ դատավորների հարցն էլ այդքան հստակ չէ, քանզի նրանք, հնարավոր է, բողոքարկեն իրենց «գործից ազատելու» իշխանական այդ քայլը:
Արժե առանձին նկատել, որ ՍԴ-ին հետ կապված այս գործընթացները վերջնականապես բացահայտեցին նաև Էդմոն Մարուքյանի և նրա «Լուսավոր Հայաստանի» բնույթը: Խորհրդարանում որպես երկրորդ ընդդիմադիր խմբակցություն տեղավորված Էդմոն Մարուքյանը և իր կուսակիցները առավել քան ցայտուն, այնպես, որ ոչ մեկի մոտ չփարատված կասկածներ չմնան, ցույց տվեցին, որ առնվազն ընդդիմություն չեն և գերադասում են դիրքավորվել են որպես իշխանության կցորդ կամ իշխանության շահերն սպասարկող: Մեծ բացահայտում չէ, բայց կարևոր է:
Արմեն Հակոբյան