23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 100-ից ավել ակտիվիստներ նամակներ են հանձնել ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին

Մամլո հաղորդագրություն

 

                                                                                                                      29 հունիսի, 2020թ․

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 100-ից ավել ակտիվիստներ նամակներ են հանձնել ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին 

 

Այսօր առավոտյան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հարյուրից ավել ակտիվիստներ, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ակցիա են իրականացրել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի դիմաց։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում իրավական պետության, օրենքի գերակայության կարգախոսներով իշխանության եկած վարչակազմի ծավալած գործունեությունը այսօր որևէ առնչություն չունի ժողովրդավարական արժեքների և իրավականության հետ:

Ակցիայի շրջանակներում երիտասարդները իրավական և քաղաքական դիտակետերից իրավիճակի նկարագրություն պարունակող նամակներ են հանձնել Եվրոպական միության պատվիրակության, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի գրասենյակներ, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրների շուրջ քսան դեսպաններին։

Հարցին, թե ինչո՞ւ է ակցիան մեկնարկում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտից՝ ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «ԵՄ դեսպանը և մի շարք այլ դեսպաններ իրենց կողմնակալ հրապարակային հայտարարություններով և/կամ հրապարակային լռությամբ պատրանք են ստեղծում, թե միջազգային կառույցները դրական կարծիք ունեն մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական և հակասահմանադրական գործընթացների մասին, այնինչ՝ մի շարք մասնագիտական և քաղաքական հեղինակավոր կառույցներ՝ Եվրոպայի խորհուրդը, Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և այլք իրենց մտահոգություններն են հայտնել այս գործընթացների մասին։»

            ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է, որ Ազգային ժողովի մեծամասնության կողմից Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին անօրինական կերպով տիրանալը համազոր է Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացմանը, իսկ պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա։ Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը արձանագրում է, որ սույն քայլով Հայաստանի իշխանություններն անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, փաստելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման և պահպանման, իսկ երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը, Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է և իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետությունում, կոչ է անում նշյալ կառույցներին զերծ մնալ կողմնակալ հակաժողովրդավարական հայտարարություններից և տիրող հակաիրավական իրավիճակին տալ օբյեկտիվ ու անաչառ գնահատական/արձագանք։

 

    ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ