Ինստիտուտը թեստերի արտադրության համար դեռևս որևէ գումար կառավարությունից ՉԻ ՍՏԱՑԵԼ. Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ապրիլի 6. Նիկոլը հերթական լայվի ժամանակ հայտարարեց, որ «արդեն 550 հազար դոլարի հատկացում է կատարվել Մոլեկուլային կենսաբանության ինսիտուտին» նոր կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու համար։
Մայիսի 20-ից սկսած, երբ հայտարարվեց, որ անհրաժեշտ հումքն արդեն Հայաստանում է, տարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով տեղական թեստերից խոսելիս այնպես էին ներկայացնում, կարծես օրերի, առավելագույնը՝ 1–2 շաբաթվա հարց է, որ թեստերի սերիական արտադրությունը սկսվի։
Օրինակ՝ մայիսի 30-ին Նիկոլը հայտնում է, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է կորոնավիրուսի նմուշառման թեստերի լաբորատոր փորձարկումները և դիմել է ԱՆ՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար. «Նախարարությունը շուտով, մի քանի օրում այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել հայկական թեստերի արտադրությունը: Նախատեսված է արտադրել 100 հազար թեստ՝ օրական 1000-ից 2000 թեստ կարտադրվի»: Ֆիքսեք. «Մի քանի օրում»։
Հունիսի 1-ին կարծես թե հաստատվում է Նիկոլի ասածը. լրատվամիջոցները հայտնում են, որ «Հայկական արտադրության առաջին թեստերը բժշկներին կհանձնվեն հունիսի 2-ին»։
Թվում է թե վերջ, արդեն կան ու աշխատում են…
Բայց հունիսի 8-ին կարդում ենք. «Կորոնավիրուսի հայկական թեստերը դեռ փորձաքննություն չեն անցել, ԱՆ-ում էլ չունեն հաշվարկ, թե որքան թեստ կա պաշարած»։
Հունիսի 19. «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Factor.am-ին փոխանցեց, որ փորձարկումը դեռ ընթացքի մեջ է, սպասում են պատասխանին» [Բա պիտի հունիսի 2-ին հանձնեին բժիշկների՞ն]։
Ավելին, նույն նյութից պարզ է դառնում, որ ինստիտուտը թեստերի արտադրության համար դեռևս որևէ գումար կառավարությունից ՉԻ ՍՏԱՑԵԼ!!!
Իրենց փոխանցել են անհրաժեշտ ռեագենտներն ու որոշ սարքավորում, բայց ոչ գումար։ Ընդ որում, ըստ ինստիտուտի տնօրենի՝ 550 հազար դոլարի մի մասն էլ պարզ չէ, թե ինչ է եղել։
Մի խոսքով, 2,5 ամիս վատնվեց։
Նույնիսկ եթե հենց վաղվանից թափով սկսեն այդ թեստերն արտադրել, կորցրած ժամանակն արդեն չես վերադարձնի։ Իսկ այդ ժամանակը համաճարակի պայմաններում ոչ թե փող է, այլ կյանքեր։
Ես կողմ եմ տեղական արտադրությանը։ Կողմ եմ գումար հատկացնելուն։ Բայց միաժամանակ չէր կարելի սպասել, թե երբ կսկսեն արտադրությունը, պետք էր զուգահեռ ներկրել թեստեր, մինչև արտադրությունը գործարկվեր։ Այսպես թե այնպես այդ արտադրությունն օրական պահանջարկի միայն մի մասն էր կարողանալու բավարարել։