23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրինագիծը խնդրահարույց է. «Մեդիա պաշտպան»

«Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրենքի նախագծի շուրջ հասարակական քննարկում չիրականացվեց, օրենքի նախագծի հեղինակները մասնագիտական լսումներ չկազմակերպեցին ու մասնագիտական կարծիքների փոխանակման հարթակ չստեղծեցին:

«Մեդիա պաշտպան»-ի կարծիքով՝ նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր է պարունակում։ Օրինակ՝ նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է մանրամասն պահանջներ, որոնք վերաբերում են տեսալսողական մեդիաների կողմից արտադրվող և հեռարձակվող կոնտենտի բովանդակությանը։ Ընդ որում, այդ պահանջների մի մասը վերաբերում է միայն լրատվական հաղորդումներին, իսկ մյուս մասը, առնվազն կարելի է ենթադրել, որ վերաբերում է բոլոր հաղորդումներին։

Նախագծի 7-րդ հոդվածի հասկացությունները բավականին սուբյեկտիվ և գնահատողական են։ Խոսքը այնպիսի հասկացությունների մասին է, որոնք կարող են տարբեր մեկնաբանություններ առաջացնել՝ ըստ ցանկության և նպատակահարմարության։

Այս հոդվածը գրաքննության համար լավ հիմք է ստեղծում, քանի որ հստակ բացատրություններ ու չափորոշիչներ դրված չեն, և միայն այդ պահին գործը քննող կամ գործի պատասխանատու անձի սուբյեկտիվ բացատրությամբ կարող է որոշում կայացվել, ինչը խիստ մտահոգիչ է, քանի որ 7-րդ հոդվածի խախտումը կարող է առաջացնել տուգանք (Նախագծի 59-րդ հոդվածի 23-րդ մաս)։

Նախագծից պարզ չէ, թե քանի հեռուստաընկերություն կարող է գործել հանրային մուլտիպլեքսում, այն դեպքում, երբ հանրային մուլտիպլեքում տեղերը սահմանափակ են։ Ներկայումս գործող օրենքի 47-րդ հոդվածով այդ հարցը կարգավորված է։ Տվյալ հոդվածով սահմանված է, թե քանի և ինչ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերություններ կարող են հեռարձակում իրականացնել թվային հեռարձակման ցանցի միջոցով։ Մինչդեռ նախագծի 44-րդ հոդվածով այդ հարցը կարգավորված չէ։

Նախագծի 44-րդ հոդվածով սահմանված է, որ թեմատիկ ուղղվածությունների բովանդակությունը և հասկացությունները սահմանվում են կարգավորող մարմնի (ՀՌՀ) որոշմամբ։ Սակայն նախագծով անգամ սահմանված չէ, թե որ մարմինն է սահմանելու հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների հնարավոր առավելագույն քանակը։

Նախագիծն ընթերցելիս խնդիրներ ենք տեսնում նաև հանրային մուլտիպլեքսում մասնավոր հեռուստաընկերությունների ներգրավվածության հարցում։ Օրինակ՝ պարզ չէ, թե նախագծի 45-րդ հոդվածով սահմանված լիցենզավորումը արդյոք հեռուստաընկերության համար ապահովելո՞ւ է հանրային մուլտիպլեքսում գործելու փաստացի հնարավորություն։

Եթե լիցենզավորումն ինքնին ենթադրում է հանրային մուլտիպլեքսում «սլոթի» զբաղեցում, ապա ինչո՞ւ է նախագծի 53-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում, որ մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր է իր մուլտիպլեքսի տեսալսողական տեղեկատվության 20 տոկոսը տրամադրել կարգավորող պետական մարմնի կողմից լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություններին։

Այսինքն`ինչո՞ւ է մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր իր մուլտիպլեքսի 20 տոկոսը տրամադրել լիցենզավորված (այսինքն՝ հանրային մուլտիպլեքսում փաստացի «սլոթ» ստացած) հեռուստաընկերություններին։

Իսկ եթե լիցենզավորումն ինքնին չի ենթադրում հանրային մուլտիպլեքսում «սլոթի» զբաղեցում, ապա ի՞նչ չափանիշներով է որոշվելու այն հարցը, թե լիցենզավորված որ հեռուստաընկերություններն են «սլոթ» ստանալու հանրային մուլտիպլեքսում։

Նախագծի 47-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման չափանիշներն, ըստ էության, վերաբերում են միայն լիցենզիա տրամադրել-չտրամադրելուն, այլ ոչ թե այն հարցին, թե լիցենզավորված որ ընկերություններն են «սլոթ» ստանալու հանրային մուլտիպլեքսում։

Ի վերջո, ինչպիսի՞ն է լինելու չլիցենզավորված և/կամ հանրային մուլտիպլեսքում տեղ զբաղեցնելու իրավունք չստացած հեռուստաընկերությունների ճակատագիրը։ Նախագծի 53-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր է իր մուլտիպլեքսի տեսալսողական տեղեկատվության 20 տոկոսը տրամադրել կարգավորող պետական մարմնի կողմից լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություններին` իսկ մնացած տեսալսողական տեղեկատվությունները կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով տեսալսողական մեդիածառայություններին, բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով:

Այսինքն`մասնավոր մուլտիպլեքսի հնարավորությունների 20 տոկոսը պետք է տրամադրվի լիցենզավորված և հանրային մուլտիպլեքսում «սլոթ» զբաղեցնելու իրավունք ունեցող հեռուստաընկերություններին։ Իսկ մնացած 80 տոկոսը պետք է օգտագործվի կամ անձամբ մուլտիպլեքսի օպերատորի կողմից, կամ պետք է տրամադրվի միայն վերահեռարձակման նպատակով։

Ընդհանուր առմամբ, օրենքում տեղ են գտել կոնցեպտուալ` հասկացութային, մի շարք հարցերի՝ սահմանումների անհստակություն, համացանցային եւ վերգետնյա հեռարձակողների իրավունքներն ու պարտականությունները տարանջատված չեն, կարգավորող մարմինը անհամաչափ մեծ լիազորություններով է օժտված, ստեղծվել է լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը միջամտելու հնարավորություն: Այս ամենը մտահոգություն է առաջացնում, որ այն լայն դաշտ կբացի խոսքի ազատության իրավունքի կամայական մեկնաբանությունների և սահմանափակումների համար:

Այս և բազմաթիվ այլ խնդրահարույց հարցեր պարունակող թերի նախագիծը ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ`առանց հասարակական կառույցների և մասնագիտական խմբերի հետ քննարկումներ կազմակերպելու:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հեռուստաընկերություններին և մասնագիտական խմբերին՝ օրենքի հեղինակներից պահանջել, որ վերջիններս մինչև նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպեն մասնագիտական քննարկումներ, հանրային լսումներ։

Նոր օրենքը պետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք չեն սահմանափակի խոսքի ազատությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ