26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամուլսարի հանքի հարցը չպետք է ձգվեր երկու տարի. իշխանությունն ունի բնապահպանական ռիսկերի հետ կապված բոլոր փաստաթղթերը. Վահագն Վարագյան

Բնության պահպանության ոլորտն այսօր բարձիթողի վիճակում է, ավելի քան մեկ ամիս է՝ Շրջակա միջավայրի նախարար չի նշանակվում, այն դեպքում, երբ կորոնավիրուսի համավարակը լավ հնարավորություն էր զբաղվելու ոլորտի բարեփոխմամբ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը:

 

«Այսօր անտառահատումները շարունակվում են, փայտանյութը դարձյալ վաճառվում է, ճիշտ է՝ փակ մեքենաներով և երեք-չորս անգամ բարձր գնով: Ի վերջո, բնապահպանությունը մեզնից յուրաքանչյուրի հարաբերությունն է բնության հետ: Մենք այսօր պետք է տեսնեինք հեղափոխական մոտեցումներ: Տասը միլիոն ծառ տնկելու ծրագիրը պոպուլիստական և անիրատեսական է»,- ասել է կենսաբանը:

Ըստ Վարագյանի՝ նախկինում բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնող ակտիվիստները, որոնք այսօր իշխանության են, զարմանալիորեն լռում են նույն խնդիրների մասին. «Հանքատերերի առջև պետք է խնդիր դնել՝ եթե իրենց գործունեության հետևանքով ազդակիր համայնքների բնակիչներն առողջական խնդիրներ են ունենում, պետք է փոխհատուցեն բոլոր բժշկական ծախսերը: Փաշինյանը տարիներ շարունակ պնդում էր, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, այսօր որևէ մեկը նրանից դրա համար պատասխան չի պահանջում»:

 

Կենսաբանի կարծիքով՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցում իշխանությունն անկարողություն է դրսևորում, այն երկու տարի ձգվող հարց չպետք է լիներ. «Սա քաղաքական որոշման հարց է, իշխանությունն ունի Ամուլսարի հանքի բնապահպանական ռիսկերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Ցանկացած հարմար քաղաքական պահի, երբ Փաշինյանը կկարողանա պատասխանատվությունն այլ մեկի վրա դնել, նա կշահագործի հանքը՝ զոհաբերելով սեփական քաղաքական կապիտալը»:

Վահագն Վարագյանի պնդմամբ՝ Սևանա լճի հիմնախնդիրների լուծման հարցում պետք է հեղափոխական մոտեցում ցուցաբերել. «Լճի շրջակայքում ռեստորանատերերի փոքր խումբ է, իսկ Սևանի ավազանի բնակիչները շատ քիչ հնարավորություններ ունեն, մի մասն էլ ձկնագողությամբ է զբաղված: Մինչդեռ լիճը կարող է կերակրել ամբողջ տարածաշրջանը: 90-ականներին Սևանը կերակրել է ամբողջ երկրին, դրանից հետո մենք սկսել ենք այն անխնա շահագործել: Ռեստորանների թափոնները լճում են հայտնվում, դրան գումարվում է գլոբալ տաքացումը, և լիճը կանաչում է»:

Կենսաբանի պնդմամբ՝ պատգամավորներն այնքան են անտեղյակ բնապահպանական խնդիրներին, որ առաջարկում են վարչապետին ամռանը լայնածավալ ծառատունկ անել՝ չիմանալով, որ ծառատունկի սեզոնը գարունն ու աշունն է: «Տասը միլիոն ծառ տնկելու խոստումը կարող էին համավարակի օրերին գոնե մասնակիորեն անել: Փոխարենը որոշեցին մայիսի վերջին գետափնյա շրջաններում ուռենիներ տնկել, ինչը լեռնային գետերի ծանծաղման է բերելու»,- ամփոփել է կենսաբանը:

Դավիթ Սարգսյան

tert.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ