23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իմ քայլի» պատգամավորները լավ կանեին՝ մտահոգվեին, որ իրենց կողմից ընտրված ՍԴ միակ դատավորը, 1 տարի է, չի կատարում իր պարտականությունները. Ղազարյան

168.am-ը զրուցել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ:

– Պարոն Ղազարյան, 2020 թվականի հունիսի 9-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստին քննարկվում էր նաև 2019թ․ բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացված միջոցների կատարողականը, և այն շատ բուռն էր՝ պատգամավորների ակտիվությամբ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր դա պայմանավորված։

– Կարծում եմ, նման ակտիվությունը պայմանավորված էր ոչ թե Սահմանադրական դատարանին հատկացված բյուջետային միջոցների ծավալով կամ ծախսերի ուղղություններով, այլ այս մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններով։ Դժվար չէր նկատել, որ պատգամավորների բարձրացրած հարցերի գերակշիռ մասը որևէ առնչություն չունեին բյուջեի կատարման հետ։ Իսկ որոշ պատգամավորներ բյուջեի կատարման հաշվետվությունը շփոթել էին Սահմանադրական դատարանի աշխատակազմի գործունեության հաշվետվության, իսկ որոշները՝ անգամ Սահմանադրական դատարանի հաշվետվության հետ։

 

Ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրական դատարանը որևէ մարմնի չի կարող որևէ պարագայում հաշվետու լինել: Կարծում եմ՝ պատեհ առիթ էր որոշ պատգամավորների համար, իրենց կարծիքով, այսպես ասած՝ «սուր հարցեր» բարձրացնելու համար։ Այդօրինակ հանդիպումների նպատակն այն չէ, որ ես պատասխանեմ պատգամավորների քննարկման թեմայի հետ ուղիղ առնչություն չունեցող հարցերին։ Ես բավականին նորմալ եմ համարում ընդհանրապես հարցերը, բայց դրանք այլ ֆորմատով պետք է լինեն։

Կցանկանամ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա ևս։ ՍԴ աշխատակազմն Ազգային ժողովին անգամ բյուջեի կատարողականի վերաբերյալ որևէ հաշվետվություն ներկայացնելու պարտականություն չունի, հետևաբար՝ ԱԺ-ն էլ որևէ հաշվետվություն լսելու լիազորություն չունի։

Սահմանադրության 111-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն՝

2. Ազգային ժողովը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին Կառավարության կողմից ներկայացվող տարեկան հաշվետվության վերաբերյալ: Բյուջեյի կատարման մասին, հաշվետվություն ներկայացնելու որևէ այլ հոդված Սահմանադրությունում առկա չէ։

– Քննարկումների ժամանակ հիմնական ակտիվությունը ցուցաբերում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Ձեր կարծիքով՝ դա ինչո՞վ էր պայմանավորված:

– Կարծում եմ՝ դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ այս խմբակցության պատգամավորները դիրքավորվել են ՍԴ-ի նկատմամբ, այսպես ասած, ընդդիմադիր դիրքերում, նմանատիպ վարքագիծ այլ կառույցների բյուջեների կատարման հաշվետվությունների քննարկման պարագայում դրսևորում են Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները։ Բացի դա, այդ խմբակցությունը վերջին ժամանակաշրջանում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով անընդհատ փորձում է «պտտվել» Սահմանադրական դատարանի շուրջ՝ անհաջող փորձեր կատարելով՝ ներազդել դատարանի բնականոն գործունեության վրա։

Կարծում եմ՝ այս քննարկումը հավելյալ առիթ էր Սահմանադրական դատարանի շուրջ անհարկի քաղաքական աղմուկ բարձրացնելու համար, ինչը, կարծում եմ, տվյալ դեպքում չէր կարող հաջողել, քանի որ քննարկման թեման այլ հարթությունում էր։

– Պատգամավոր Վահագն Հովակիմյանը Ձեզ մեղադրանք ներկայացրեց քաղաքական գործունեությամբ զբաղվելու մեջ։ Ի՞նչ քաղաքական գործունեության մասին է խոսքը, և ի՞նչ պահանջներ եք Դուք խախտել, որ արժանացել եք պատգամավորի քննադատությանը։

– Ենթադրում եմ, որ պատգամավորի դիտարկումը վերաբերում էր ապրիլի 5-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իմ անձնական էջում կատարված մի գրառմանը, որտեղ ես հայտարարել էի իմ քաղաքացիական դիրքորոշումը՝ նախատեսված հանրաքվեին չմասնակցելու մասին։ Անկեղծ ասած, ես այդ հարցի մեջ նկատեցի քողարկված քննադատություն՝ ուղղված իրենց գործընկերոջը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, որը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ՝ ինձնից առաջ էր զբաղեցրել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և այդ պաշտոնում պաշտոնավարման ժամանակաշրջանում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու, մասնակցել նախընտրական քարոզարշավին և ընտրվել ԱԺ պատգամավոր։

Ակնհայտ է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու առավել ինտենսիվ ռեժիմ, քան պատգամավոր ընտրվելը, դժվար է պատկերացնել, և այն ոչ մի պարագայում հնարավոր չէ համեմատել սոցիալական ցանցում կատարված քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու մեկ գրառման հետ։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համարվում է վարչական պաշտոն, որը զբաղեցնող անձանց քաղաքական զսպվածության և սահմանափակումների որևէ պահանջ չի ներկայացվում։ Այդուամենայնիվ, դեռ 2014 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ ես նշանակվեցի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերում նաև այս կարգավիճակում՝ ավելի շուտ հարգելով իմ անմիջական ղեկավարի՝ ՍԴ նախագահի ապաքաղաքական գործունեության հանգամանքը։ Սակայն, նորից եմ կրկնում, իրավական որևէ կաշկանդվածություն գոյություն չունի, և հարկ եղած դեպքում ես ազատ եմ ոչ միայն՝ իմ դիրքորոշումների ազատ արտահայտման, այլև՝ կոնկրետ քայլերի և գործողությունների իրականացման հարցում։

Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ իմ քաղաքացիական դիրքորոշումն այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ ոչ միայն չի համաձայնեցվում ՍԴ որևէ դատավորի հետ, այլև անգամ այն որևէ ֆորմատով քննարկման առարկա չի դառնում նրանց հետ։

– Ի դեպ, Դուք խոսեցիք Վլադիմիր Վարդանյանի մասին, որի՝ Ձեզ ուղղված հարցերից պարզ էր, որ նա քաջածանոթ է ՍԴ աշխատակազմի մանրամասներին, մասնավորապես՝ թափուր հաստիքների առկայությանը, ստորաբաժանումների միջև փոխհարաբերություններին, և այլն։ Դատաիրավական մարմինների աշխատակազմերը պարբերաբար նման տեղեկություններ տալի՞ս են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, թե՞ ոչ։

– Նախ` ասեմ, որ պարոն Վարդանյանի հնչեցրած հարցերից ես ոչ թե տպավորություն ստացա նրա իրազեկվածության մասին, այլ՝ ճիշտ հակառակը։ Պարոն Վարդանյանի կողմից որևէ պաշտոնական հարցում չի ուղարկվել Սահմանադրական դատարան՝ ստանալու համար արժանահավատ տեղեկություններ իրեն հուզող հարցերի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու է այս կամ այն գլխավոր մասնագետի հաստիքը թափուր։

Ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ առաջացան, որ որևէ մեկը չար կատակ է արել նրա հետ և ակնհայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է նրան հայտնել՝ վերջինիս դնելով անհարմար դրության մեջ։ Ինձ համար ցավալի է ոչ միայն այն իրողությունը, որ նա հրապարակել է չստուգված և ակնհայտ կեղծ տեղեկություններ, այլև դրանց բովանդակության նկատմամբ ցուցաբերած  իրավական առումով որևէ արդարացում չունեցող հետաքրքրությունը։

Հետաքրքիր է իմանալ, թե նա արդյո՞ք նույն ներգրավվածությամբ հետաքրքրվում է, ասենք, նաև դատական դեպարտամենտի, դատախազության, տարբեր դատարանների աշխատակազմերով, արդյոք տեղյա՞կ է, թե այդ մարմիններում քանի թափուր հաստիք կա, ո՞ւմ են պատրաստվում աշխատանքից ազատել, թե՞ միայն Սահմանադրական դատարանով է հետաքրքրված։

Ես հակված եմ կարծել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահին պետք է որ հուզեր ոչ թե ՍԴ աշխատակազմի վարչություններից մեկի բաժիններից մեկում մի գլխավոր մասնագետի թափուր հաստիքին վերաբերող հարցը, այլ այն փաստը, որ Ազգային ժողովը, շուրջ մեկ տարուց ավելի է՝ չի կարողանում ընտրել և համալրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոններից մեկը։

ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, «Իմ քայլի» պատգամավորները նկատելիորեն խուսափում էին արձագանքել այլ պատգամավորների կողմից բարձրացված անհանգստությանը, որը վերաբերում էր 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ միակ դատավոր Վահե Գրիգորյանի՝ շուրջ մեկ տարի իր պարտականությունների կատարումից հրաժարվելու փաստին, և այլն։

Կարծում եմ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը և Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը՝ մասնավորապես, մտահոգվելու շատ պատճառներ ունի, որոնք առանձին դեպքերում կարող են վկայել ճգնաժամի առկայության մասին։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ