Նիկոլ Փաշինյանի դաշնակիցները լքում են նրան. տարոսն «Իմ քայլին». Շարմազանով
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համախմբման կոչն ուղղում է նաև «Իմ քայլին»։ «Տարոսն «Իմ քայլին» թող լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ նշելով, որ, եթե Գագիկ Ծառուկյանը միայն հիմա է որոշել հանդես գալ համախմբման կոչով, ապա իրենք այդ մասին հայտարարում են արդեն երկու տարի։
«Հանրապետական կուսակցությունը երկու տարի շարունակ համախմբման կոչ է անում բոլոր այն առողջ և ազգային ուժերին, որոնց համար մտահոգիչ են այս իշխանության գործողությունները, որոնք միտված են Արցախյան հիմնահարցում հակապետական և զիջումների գնալուն, ազգային ավանդական արժեքների վրա հարձակվելուն, ասֆալտին փռելուն, հանրությանը սև ու սպիտակի բաժանելուն, տնտեսությունը կոլապսի մեջ պահելուն, ազգային գործիչների նկատմամբ շինծու գործեր կարելուն»,- ասաց Շարմազանովը։
«Փաշինյանի երբեմնի դաշնակիցներն աստիճանաբար երես են թեքում նրանից։ Եթե կարճ ժամանակ առաջ նրանից հեռացավ պարոն Վանեցյանը, որը հենց նույն Փաշինանի կողմից նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ստացավ գեներալ-մայորի կոչում, հետո Փաշինյանից հեռացավ Էդմոն Մարուքյանը, հիմա էլ, փաստորեն, հեռանում է պարոն Ծառուկյանը։ Մենք տեսնում ենք, որ արդեն դաշնակիցներն են երես թեքում Փաշինյանի հակապետական քաղաքականությունից և հրապարակային համախմբման կոչ անում, ու հենց այստեղ է, որ պետք է պարզապես կրկնեմ՝ տարոսն «Իմ քայլը» խմբակցությանը։ Կարծում եմ՝ այդ խմբակցությունում կան մարդիկ, որոնց համար Հայաստանի ապագան ու փրկությունը պոպուլիզմի ճիրաններից երկրորդական չեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում Գագիկ Ծառուկյանի կոչը հենց այս փուլում՝ Շարմազանովն ի պատասխան նշեց, որ, թեև զարմանալի է, որ միայն երկու տարի անց ընթացող հակապետական գործողությունները գիտակցեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը, սակայն դրանով հանդերձ՝ Գագիկ Ծառուկյանը դրեց հավաքվող խճանարի վերջին կտորը։
«Ծառուկյանը պարզապես դրեց հավաքվող խճանկարի վերջին կտորը։ Երկու տարի շարունակ է խոսվում անհրաժեշտ համախմբման մասին. խոսեցինք մենք, խոսեց Ռոբերտ Քոչարյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, խոսեցին արտախորհրդարանական տարբեր ուժեր, հասարակական կամզակերպություններ, և այլն, ուստի ով աչք ունի՝թող տեսնի, որ այս մարդն ամեն օր երկիրը տանում է կործանման։ Այս մարդը շատ վտանգավոր քաղաքականություն է վարում, հետևաբար՝ մեր կառավարման պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։ Ինձ համար հասկանալի է, որ գնալով ավելի շատ մարդիկ են տեսնում այդ պրոբլեմը, թեև տարօրինակ է, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն այս ճշմարտությունը գիտակցեց միայն երկու տարի անց և հասկացավ, որ չի կարելի հույս կապել մեկի հետ, որը դատարանները շրջափակելու կոչեր է անում, կալանավորում է Արցախի առաջին նախագահին, որը կորոնավիրուսի պայմաններում փոխանակ համախմբում ապահովի՝ հնչեցնում է սամասուդի կոչեր։ Տպավորություն է, որ բոլորի համբերության բաժակն այլևս լցվել է։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ մեր պայքարը ոչ թե իշխանությունը վերադարձնելու համար է, այլ ՀՀ-ի և Արցախի լուսավոր ապագայի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի կողմից Կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու անհրաժեշտությանն ի պատասխան քաղաքական մեծամասնության կողմից արվող արձագանքներին՝ ապա, ըստ Շարմազանովի, զավեշտալի է, այդ նույն մեծամասնության համար ժամանակին սիրելի և ընդունելի համարվող խոշոր սեփականատիրոջը հիմա հիշեցնում են ինչ-ինչ քրեական գործեր։
«Այս պահվածքը նշանակում է, որ ով ծառայում է Փաշինյանին, մուծվում նրա սիրելի հիմնադրամներին, խոշոր սեփականատեր է, ով խոնարհվում է նրա իշխանության առաջ, առողջ ուժ է, բայց ով սկսում է ընդդիմանալ և իր տեսած խնդիրները հստակ արտահայտել, սկսում է արժանանալ իշխանության անվանարկումներին։ Նիկոլ Փաշինյանի թիմի արձագանքը՝ սկսած նրա խոսնակից, ցույց է տալիս, որ այդ թիմում չկա գաղափար։ Իշխանությունը զուրկ է բովանդակությունից, և նրա նպատակը մեկն է՝ որքան հնարավոր է՝ երկար մնալ պարգևավճարներ ապահովող փափուկ աթոռներին»,- ասաց Շարմազանովը։
Հարցին՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ կոնսոլիդացնող առաջնորդ, Շարմազանովը պատասխանեց. «Կոնսոլիդացիան պետք է լինի ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ, հետևաբար՝ բոլոր այն ուժերը, որոնք տեսնում են, որ վտանգված են ազգային արժեքները, որ հարձակում կա Արցախի վրա, որ բացակայում են ներգաղթն ու ներդրումները, որ տնտեսությունը փլուզվում է, որ կան այլ կործանարար գործոններ, պետք է համախմբվեն երկիրը Փաշինյանի հակապետական կառավարումից ազատելու գաղափարի շուրջ»։
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը՝ արձանագրելով, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը:
Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությանն արագ արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.
«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:
Հիշեցնենք նաև, որ դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրվել էր հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Աղավնի Սուքիասյան
168.am