24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Լուկաշենկոն զանգահարել Փաշինյանին․ 168․am

168.am-ը գրում է․ «Վերջին շրջանում ինտենսիվացել են շփումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Փաշինյան-Լուկաշենկո վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հունիսի 2-ին, սակայն ուշագրավն այն է, որ դրան նախորդել էին Լուկաշենկոյի մեկնաբանությունները բելառուսական ընդդիմության շարքերում Զելենսկիների և Փաշինյանների բացակայության վերաբերյալ։

Հունիսի 1-ին Պետական անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել Բելառուսում չմարող բողոքի ակցիաների ֆոնին, Լուկաշենկոն ասել էր, որ երկրում «մայդանցիներ» չեն լինի՝ կարծիք հայտնելով, թե բելառուսական ընդդիմության շարքերում «ոչ Զելենսկիներ, ոչ էլ Փաշինյաններ չկան»:

Սակայն նա նաև նշել էր, թե բելառուսցի ընդդիմադիրներից և ոչ մեկին չի կարելի համեմատել Փաշինյանի և Զելենսկու հետ: Իր այս որակումներից հետո Լուկաշենկոն զանգահարել է Երևան։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ։ Հայաստանյան պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ, զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, տեղեկատվություն փոխանակել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին, և զրույցի վերջում Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյաններին` հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպում ունենալ:

Ըստ պաշտոնական Մինսկի, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը, մի շարք ոլորտներում ավելի վաղ նախանշված ծրագրերի իրագործումը: Թե ավելի վաղ նախանշված ինչ ծրագրեր ունեն Փաշինյանն ու Լուկաշենկոն, դժվար է ասել, սակայն այդ իմաստով ինֆորմատիվ կարող է լինել նրանց վերջին հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք տեղեկատվություն էին փոխանակել ածխաջրածինների գնի շուրջ, որոնք և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից, և խոսել էին բնական գազի գնից՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին։ Սրանից հետո էլ, ըստ էության, ծավալվեցին հայ-ռուսական գազային բանակցությունները, որին որոշ ժամանակ անց հաջորդեց ռուսական կողմի մերժումը։

Վերջին շրջանում հարթ չեն ինչպես՝ բելառուս-ռուսական, այնպես էլ՝ հայ-ռուսական հարաբերությունները, և ըստ էության գլխավոր խնդիրը հենց ռուսական գազի սակագների հարցն է, որի շուրջ որոշակի փոխըմբռնում կա Հայաստանի և Բելառուսի միջև, ու սա, ռուսաստանցի մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ չի կարող ողջունվել Կրեմլի կողմից, քանի որ ռուսական գազի սակագնի հարցը հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի հարց չէ, ուստի Փաշինյան-Լուկաշենկո մակարդակում այդ հարցի շոշափումը դիտարկվում է որոշակի ճնշում այս երկրների կողմից Մոսկվայի նկատմամբ։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ վերջին հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրություններում որևէ խոսք չկա այն մասին, թե քննարկվե՞լ է գազի գինը, թե՞ ոչ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս-բելառուսական հարաբերությունների լարվածությունն այն մակարդակի է հասել, որ մայիսյան տոների կապակցությամբ Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցը տհաճ ավարտ է ունեցել, երկու ղեկավարները միմյանց պարզապես չեն հասկացել և անավարտ են                  թողել հեռախոսազրույցը։ Այս իրավիճակում հարցեր են առաջանում, թե բացի ԵԱՏՄ անդամակցությունից և ԵԱՏՄ ընդհանուր օրակարգից՝ ինչն է կապում Հայաստանի և Բելառուսի ղեկավարներին, ու ինչպես նրանց համագործակցությունը որոշակի հարցերի շուրջ կանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։

168.am-ի հետ զրույցում բելառուս քաղաքական վերլուծաբան Վալերի Կարբալևիչն ասաց, որ նախ՝ Բելառուսի նախագահը վերջին շրջանում հակասական հայտարարություններ արեց՝ նախ նշելով, թե չկան Փաշինյաններ ու Զելենսկիներ, հետո նշելով, որ նրանք լավ գործիչներ են։

«Կարծում եմ՝ զանգը գուցեև կապ ուներ նրա այս մեկնաբանությունների հետ, քանի որ արվում են հայտարարություններ, հետո դրանք մեկնաբանվում են, և միայն դրանից հետո պարզ է դառնում, թե ինչ ազդեցություն է ունենում այդ հայտարարությունը, որը կարող էր ընկալվել բացասաբար՝ հաշվի առնելով այն, թե ինչ կոնտեքստում էր դա ասվել, սակայն փորձ արվեց հարթել հնարավոր արձագանքը»,- ասաց Կարբալևիչը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Բելառուս-Ռուսաստան հարթությունում այսօր առկա է գազի հարցը, և այն ակտիվորեն քննարկվում է բոլոր ձևաչափերով։

«Սակայն ռուսական կողմը, իր պատկերացմամբ, լուծեց այդ հարցը՝ հետաձգելով դրա քննարկումը։ Հասկանալի է, որ չեն ողջունվում այս թեմայով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ քննարկումները, և դա շարունակաբար պահելու է հարաբերությունները լարված վիճակում։ Դրա փորձը Բելառուսն ունի՝ ռուս-բելառուսական հարաբերություններում կան չլուծված մի շարք հարցեր, Բելառուսը չի լռում, դա Ռուսաստանը չի ողջունում, նոր լուծումներ են փնտրում, և կրկին համաձայնություններ ձեռք չեն բերվում։ Եվ սա դառնում է անընդհատ շարունակվող իրավիճակ։

Բնականաբար, Մոսկվան չի ողջունելու նաև Երևան-Մինսկ հաղորդակցությունն այս թեմայով, Մոսկվան կնախընտրեր յուրաքանչյուր երկրի հետ առանձին քննարկել այս հարցը, և առավել նախընտրելի կլիներ, որ հարցը մնար կուլիսներում։ Եբբ հարցը դուրս է գալիս հրապարակային քննարկման, Մոսկվայի տեսանկյունից բանակցելու հնարավորությունները պակասում են, և ստեղծվում է այն իրավիճակը, որը ստեղծվել է։

Բնականաբար, Մոսկվան չի ողջունում իր դեմ որևէ հարցով միասնական քննարկում իր գործընկերների կողմից, այդ պատճառով գուցե այս անգամ այդ հարցը կա՛մ չի քննարկվել, կա՛մ չի ներառվել հաղորդագրություններում»,- նման կարծիք հայտնեց Կարբալևիչը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ