23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մշտական դարձած նույն արձանագրումն է. խնամքով փաթեթավորված ականջահաճո նպատակդրման ներքո քաղաքական մեծամասնությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը:

2020թ. հունվարի 1-ից պրոգրեսիվ եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցումը՝ իրականացված հակասոցիալական փոփոխությունը, փորձում են արդարացնել գույքահարկի այս փոփոխություններով: Հույս ունեն, որ այսպիսով կապահովեն պետության՝ վերաբաշխման գործառույթի արդար և արդյունավետ իրականացումը:

Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով քաղաքացիների ու աշխատող աղքատների հարկային բեռն էապես ավելացնելու հաշվին ակնկալում են համայնքային բյուջեների հարկային մուտքերի ավելացում: Եվ ամենակարևորը՝ որոշակիորեն «կթոթափեն» համայնքային համաչափ զարգացման իրենց պարտավորություններն ու այս ուղղությամբ՝ պետական բյուջեի ծախսերը:

Անցում են կատարում շուկայականին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի համատարած և պրոգրեսիվ հարկման: Բարձրանալու է գույքահարկով հարկման բազան, էապես բարձրանալու են նաև դրույքաչափերը: Շքեղությունը հարկելու անվան տակ վերացվում են գույքահարկի չհարկվող շեմերը և այդպիսով նաև՝ հարկման սոցիալական այս բաղադրիչը:

Հարկվելու են ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք ներկայումս ունեն գույքահարկով չհարկվելու արտոնություն:

Կանխատեսվում է հարկային բեռի կտրուկ աճ, ներառյալ՝ սոցիալապես անապահով քաղաքացիների համար: Սպասվող սոցիալական նոր դժգոհությունը մեղմելու համար էլ՝ որդեգրել են խնդրահարույց փոփոխությունները փուլային՝ չորս տարում իրականացնելու «անցնցում» տարբերակը։
Ամփոփելով.

1. Գույքահարկի նախատեսվող փոփոխություններն ինքնին խնդրահարույց են սոցիալական արդարության տեսանկյունից: Դրանք ի զորու չեն՝ վերականգնելու եկամտային հարկի համահարթեցման հետևանքով հարկային համակարգից վերացված սոցիալական հիմնական բաղադրիչը:

2. Այսպիսով անհնար է նաև ապահովել եկամուտների արդարացի վերաբաշխման «շատից՝ շատ, քչից՝ քիչ» հիմնարար սկզբունքը:

3. Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների իրական եկամուտների առաջնահերթ և առաջանցիկ աճի ապահովումը պահանջում է ուղղակի հարկերի համար չհարկվող օբյեկտիվ շեմերի նախատեսում, եկամտային հարկի իրական պրոգրեսիվ դրույքաչափերի սահմանում և զուգահեռ՝ շքեղությունը հարկելու հասցեական մեխանիզմների ներդրում, այլ ոչ թե՝ մեկը մյուսով փոխարինում:
Մի խոսքով հերթական անգամ ականատես ենք լինում ,չկշռադատված և մեր պետությանը և ժողովրդին ոչինչ չտվող վտանգավոր նախաձեռնության»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ