17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սաֆարովի գործով զբաղվելու փոխարեն զբաղված են ճղճիմ ներքաղաքական օրակարգերով․ Արմեն Աշոտյան

Խորապես համոզված եմ, որ Ռամիլ Սաֆարովի գործով ՄԻԵԴ վճիռը, որքան էլ ամբողջական չէր մեր ակնկալիքների մեջ, այսինքն ոչ բոլոր հոդվածներով և ուղղություններով, բայց այնուհանդերձ մի շարք կարևոր շեշտադրումներով լուրջ կռվան է տվել հայկական դիվանագիտությանը, հատկապես Ադրբեջանում  հայատյացության արձանագրման հետ կապված՝ պետական մակարդակով։ Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ.-ին Բուդապեշտում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճռին, որով Եվրոպական դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածները (խտրականության արգելք)։

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ պետական  տեսակետից ցանկացած  բարեխիղճ, բանիմաց ու բարոյական իշխանություն, որի համար կարևոր է ազգային պետական օրակարգի առաջխաղացումը  միջազգային հարթակներում, այդ իրողությունից պետք է լավագույնս օգտվեր կապիտալիզացնելու համար։

«Առաջարկել եմ որպեսզի ԱԳՆ-ն փակ աշխատանքային քննարկում հրավիրեր, այդ քննարկմանը մասնակից դարձներ  առաջատար միջազգայնագետներին, միջազգային իրավունքի մասնագետներին, լուսահոգի Գուրգեն Մարգարյանի շահերը ներկայացնող իրավապաշտպաներին, խորհրդարանական դիվանագիտության ղեկավարությանը, որպեսզի մշակեր ընդհանուր ռազմավարություն, թե տարբեր ուղղություններով՝ խորհրդարանականից մինչև հանրային դիվանագիտություններ ինչպես օգտվել այս իրավիճակից։ Ինչպե՞ս անել այնպիսի քայլեր, որ Գուրգեն Մարգարյանի ողբերգական մահը իր պատմական արդարության մեջ շարունակեր ծառայել  հայրենիքին ու մեր ազգային օրակարգին, սա պետական մոտեցում կլիներ»,– ասաց Աշոտյանը հավելելով, որ այս իշխանություններից այդպիսի պետական մոտեցում ակնկալելը առնվազն միամտություն է։

Հարցը քաղաքական տեսակետից դիտարկելով, ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ ներկա իշխանությունը հետևողականորեն ոչնչացրել և չեզոքացրել է ՀՀ առկա կռվանները Արցախի հարցով, մասնավորապես հիշեցնելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները․  «Խորհրդարանական դիվանագիտության հարթակներում  նախկինում վարվող ակտիվ քաղաքականությունը, որի շնորհիվ չեզոքացվում էին հակաարցախյան , հակահայկական թեզերն  ու ելույթները տարբեր միջազգային խորհրդաժողովներում։ Ես չեմ ակնկալում, որ այս իշխանությունների օրոք նրանք ունակ կլինեն ստեղծել նոր կռվաններ, որովհետև ջանասիրաբար ոչնչացնում էին հին կռվանները, բայց այնուհանդերձ այս իշխանություններն անցողիկ են, իսկ մեր ազգային և պետական օրակարգը մնայուն և մշտական, հետևաբար այսպիսի դիլեմայի մեջ իհարկե պետք է լինել պետության կողքին՝ քննադատելով այս իշխանություններին որպես անցողիկ երևույթ»։

Արմեն Աշոտյանի խոսքով խորհրդարանական դիվանագիտությունը պետք է ձեռնամուխ լինի Սաֆարովի գործով ռազմավարություն մշակելուն, սակայն զբաղված է կեղծ օրակարգերով․ «Հոռետեսությունս այս հարցով տեսական չէ, անգամ այսօր Աժ-ում ականատես եղանք, թե ինչպես այս իշխանությունը բրախելով  երկրի առողջապահական և սոցիալ-տնտեսական զարգացման օրակարգերը, կրկին  սևեռված էր ՍԴ –ում իր ապօրինի իշխանությունը հաստատելու մտքի վրա և ինչպես խորհրդարանական դիվանագիտության համար  պատասխանատու մարդիկ փոխանակ զբաղվեն Սաֆարովի գործով աշխատանքներով, զբաղված են բացառապես ճղճիմ ներքաղաքական ապօրինի օրակարգեր առաջ բրդելով»։

yerevan.today

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ