Հայաստանում այս պահին վարակված է 150 հազար մարդ. Հրանտ Բագրատյան Hraparak.am
– Պարոն Բագրատյան, մեզ մոտ պետպատվերով թեստավորելու իրավունք ունեն միայն երեք լաբորատորիաներ, որոնց թվում է Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը»։ Ինչո՞ւ ։ Աշխարհում ինչպիսի՞ն է պրակտիկան, այլ երկրներում է՞լ են մասնավորին արգելում թեստ անել։
– Աշխարհում դա հիմնականում ապակենտրոնացված համակարգ է։ Թեստերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր կարող են թեստավորել։ Երբեմն նույնիսկ տալիս են մասնավոր անձանց, նաև արյան հետազոտման լաբորատորիաներին, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում։ Պատճառն այն է, որ առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը։ Այդ պայմաններում ստիպված ես նախևառաջ թեստավորում անել ծանոթներով։
– Իրենք բացատրում են նրանով, որ ուզում են վերահսկելի լինի հիվանդությունը և որ ուզում են պաշտպանել անձնական տվյալները արտահոսքից։
– Դա կատարյալ սուտ է։ Տվյալների արտահոսքը պետք է անպայման լինի, պետք է մարդիկ իմանան, թե ով է հիվանդ կորոնավիրուսով։ Աշխարհն այդ ճանապարհով գնաց, քանի որ հասկացան, որ գաղտնիքը պետք չի։ Ես օրեցօր համոզվում եմ, որ գործող առողջապահության նախարարը գիտելիքի խնդիր ունի։
– Քաղաքացիների պատասխանատվության չափը ինչքա՞ն է, ո՞րն է պետության մեղքը,որը քաղաքացու։ Փաշինյանն ու իմքայլականները ստեղծված իրավիճակը բացատրում են մեր ժողովրդի կարգապահ չլինելով։
– Փաշինյանն ու իմքայլականները բոլորը պնդում են, որ հիմնական մեղքը քաղաքացիներինն է։ Դա այդպես չէ, փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիներին, երբ որ հետևում ես, նրանք շատ ավելի կարգապահ են, քան թե Վրաստանում, կամ այլ երկրներում։ Խնդիրն այն է, որ երբ որ պարետը, կամ Նիկոլ Փաշինյանը որոշումներ են կայացնում, դրանցում հետադարձ կապ նախատեսված չէ։ Նրանք այնքան պրոֆեսիոնալիզմ չունեն որ հասկանան, թե ինչ բան է հետադարձ կապով որոշում կայացնելը։ Եւ հիմա իրենց չհասկացածը բարդում են քաղաքացիների գլխին։ Վերցրեք օրինակ Փաշինյանին ու Թորոսյանին։ Առաջինն ասում էր, որ կ-վ-սը պինցետով կհանի, իսկ 2-րդը բազմիցս նշել է, որ դիմակ պետք չէ։ Անգամներ այս մասին արտահայտվել ենք։ Հիմա, երբ բոլորն ասում են՝ դիմակ կրեք, կարող ենք ասել, որ վերջին 2 օրում կտրուկ փոփոխություն կա։ Բայց այստեղ է շան գլուխը թաղված։ Առողջապահության նախարարը առնվազը պետք է հրաժարական տա, քանի որ իր “կոնցեպտը” բերեց համատարած վարակի։ Մեր երկիրն այլևս վատագույն երկրներից է, ոււր ցուցանիշները 10-ական անգամ վատ են հարևաններից։ Լուրջ քննարկման պետք է դրվի ՀՀ նախագահի հարցը։ Նա երկրի անվտանգության երաշխավորն է։ Մատը մատին չի խփել։ Ի դեպ, սույնով դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին վարույթ հարուցել Ա.Սարգսյանի, Ն.Փաշինյանի, Տ.Ավինյանի և Ա.Թորոսյանի նիկատմամբ հանցավոր անգործության արդյունքում հանրության առողջությանը վնասելու համար։
– Հիմա ասում են, որ թեստերի թվաքանակը քիչ է։ Մերոնք չունեն բավական թեստեր։ Այս մասին դուք տեղեկություն ունե՞ք։
– Թեստերը պետք է գնել։ Դրանց արժեքը միջազգային շուկայում սկսվում է 3 դոլարից։
– Մենք կարո՞ղ ենք այլ պետություններից խնդրել դրանք, որպես օգնություն, թ՞ե պետք է միայն գնենք։
– Մենք ունենք հնարավորություն Չինաստանից թեստ բեերու։ Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ որ կանադական ինքնաթիռը կանգնած էր և թեստերը տանում էր Կանադա, Ջաստին Թրյուդոն զանգում էր Չինաստանի ղեկավարին, ու Չինաստանը այդպես էլ չտվեց այդ ինքնաթիռը Կանադային միայն այն պատճառով, որ իրենք ապօրինի ձերբակալել են «Հուավեյի» ընկերության ֆինանսական տնօրենին։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը Չինաստանից երեք ինքնաթիռ բեռ է ստացել, այդ թվում թեստեր (ժողովրդականա խոսքով ասած՝ ախպերն ախպորը չէր տա)։ Չնայած Չինաստանի դուրը չի գալիս, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք անընդհատ բլոկ են անում Չինաստանին Հայաստանում։ Իսկ թեստը առանձնապես թանկ բան չի։ Պետք է կազմակերպել ու բերել հաջորդ ինքնաթիռով։ Ես էլ չեմ ասում, որ արդեն որոշ պետություններ նորմալ թեստեր են արտադրում՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ուկրաինան։ Իհարկե, դրանք սկզբից թանկ են ստացվում, բայց թեստը այսօր համաշխարհային շուկայում պրոբլեմ չէ։ Մանավանդ, որ Հայաստանը ունի Չինաստանի բարյացկամ վերաբերմունքը և կարողանում է շատ մատչելի գներով դրանք ձեռք բերել։
– Վրաստանի հետ եղավ սկանդալ։ Դրա փոխարեն, մենք ի՞նչ կարող էինք ընդօրինակել Վրաստանից։ 1-2 օրինակ կնշեի՞ք։
– Լավ, բերեմ 2 օրինակ-առաջարկ։ Առաջին՝ կարանտինը, որը Վրաստանն արեց, իսկ Հայաստանը՝ ոչ։ Հայաստանում կա արտակարգ դրություն, բայց չկա կարանտին։ Հիմա էլ Երևանից Գյումրի գնացողին ընդամենը ասում են՝ դիմակ հագի ու գնա։ Իսկ Վրաստանում ոչ ոք ոչ մի տեղ չէր կարող գնալ։ Կարծում եմ, որ մեր մոտ բոլոր համայնքները պետք է մի 2 ամսով կարանտինի մեջ մտցնել՝ արգելել մինչհամայնքային այցելությունները։ Երկրորդ՝ ՀՀ ԿԲ ղեկավարները՝ հին ու նոր, մատը մատի չխփեցին, որ մենք անցնենք հեռախոսային վճարումների, որովհետև բանկերին ու իրենց դա շահավետ չէ։ Վարակի տարածման մյուս խոշոր աղբյուրը էսօր փողն է ու բանկային քարտերը։ ԿԲ-ին մի ամիս էր պետք 99 տոկոսով անցնելու հեռախոսներով վճարման։ Չարեց ու չի անելու։ Սա, ի դեպ, կկրճատեր նաև ստվերը առևտրում։ Բայց այսպես վարվել՝ նշանակում է ունենալ միտք, հասկանալ խնդիրը և ընդունել ճիշտ կառավարչական որոշումներ։ Ի տարբերություն մերոնց, Վրաստանի վարչապետ Գախարիան դպրոց անցած մարդ է, ունի բարձրագույն կրթություն և այս բոլորը հասկացավ ու շատ արագ արեց։
– Իրական վարակի չափը իմանալու համար ի՞նչ է պետք անել։
– Մենք այսօր իրական վարակի չափը գիտենք։ ՀՀ-ում այս պահին վարակված է 150 հազար մարդ։ Սա 5 տոկոսն է առնվազն։ Երբ որ անում են 1000 հոգու թեստ՝ ՌԴ-ում են դա անում, Ուկրայինայում, Վրաստանում, ԱՄՆ-ում, ապա ստացվում է, որ մոտավորապես 1000 հոգուց 50-ը վարակված են։ Մեզ մոտ առնվազն 5 տոկոսն է։ Մեզ մոտ պատահական մարդկանց չեն թեստավորում, այլ միայն նրանց, ում կասկածում են։ Բայց եթե դուրս գան փողոց ու ընտրանքային թեստավորում անեն, ապա կստացվի, որ առնվազն 5 տոկոսը հիվանդ է։
– Հայաստանուոմ այսօրվա՝ մայիսի 26-ի դրությամբ ունեցել ենք մոտ 7400 հաստատված դեպք: Երեկ հայտարարեցին, որ 451 նոր դեպք կա, այսօր՝ 289։ Չե”ք կարծում, որ դեպքերի թիվը նվազեցնում են։
– Կապ չունի։ Նախարարությունը չի կարող թաքցնել դեպքերը։ Նրանք մոտ 1.5-2 անգամ քչացնում են մահերը։ Իրականում մենք այսօր ունենք 120-130 մահ։ Հայաստանը դրական թեստերի թիվը ճիշտ հայտարարում է, բայց իրական հիվանդացածների թիվը բնակչության 5 տոկոսն է, այսինքն՝ 150 հազար մարդ։ Մենք 50 անգամ Ռուսաստանի բնակչությունից պակաս ենք, երբ որ 130-ը բազմապատկում ենք 50-ով, ստանում ենք 6,5 հազար։ Իսկ ՌԴ-ում մահացել է 3,5 հազար։ Սա ցույց է տալիս, թե վիճակը ինչքան վատ է, նույնիսկ ՌԴ-ի հետ համեմատ։ ՀՀ այսօրվա թվերն են՝ 289 նոր վարակված և 4 մահ։ Այսօր Ուկրայինայում հիվանդների թիվը ավելացել է սոսկ 259-ով, մահացել է 21 մարդ։ Ուկրաինան 42 մլնանոց պետություն է։ Բայց Հայաստանում այսօր հարաբերականորեն մահացել է ավելի շատ մարդ, քան Ուկրաինայում։ Վրաստանում ընդհանրապես վարակվել է 1 մարդ մեր 289-ի դիմաց։
– Աշխարհում մենք հիվանդության տարածման աճով այսօր ո՞ր տեղում ենք, պարոն Բագրատյան։
– Ես կարծում եմ, առաջին տեղում ենք։ Մենք մի 40-50 պետություն մոնիթորինգ ենք անում, ամենաբարձրն է տեմպի աճը։ Շուտով, մի 7-8 օրից Հայաստանի բնակչության մեկ տոկոսը արդեն վարակված կլինի։ Սա չտեսնված մեծ թիվ է։ Այդպիսի թիվ ԱՄՆ-ն դեռ չունի։ Մենք հիմա պարտված ենք տարածաշրջանում, հետխորհրդային տարածքի պետություններին, բացի Բելառուսից։ Եվրոպայում «կրված» ենք բոլորին, բացի երեք պետություններից՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, որոնց երեք օրից կանցնենք։ Աշխարհում երեք պետություն կա՝ Շվեդիան, Բրազիլիան, Բելառուսը, որոնք ասեցին, որ ոչ մի բան պետք չի անել։ Հիմա տեսեք, Բրազիլիան ինչ օրն է ընկել` 376 ու կես հազարից ավելի հիվանդներ ունի ու 23 ու կես հազար մահեր մայիսի 26-ի դրությամբ։ Շվեդիան ու Բելառուսն էլ են շան օրի։ Բայց մի քանի օրից դրանց էլ “կանցնենք”: