“Բազեի” նման ցանկացած երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը. Գալուստ Սահակյան
Օգոստոսի 20-ին “Բազե” համահայկական երիտասարդական հավաքում հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խորհրդարանի նախագահը, ողջունելով հավաքի մասնակիցներին, նկատեց, որ “Բազեի” կազմավորման փուլում որոշակի դերակատարում ունեցել է նաեւ ինքը։ “Մենք միշտ էլ վստահ ենք եղել, որ “Բազե” ծրագիրը պետք է կայանա, եւ այն տարեցտարի ամրանում եւ ուժեղանում է։ Ուժեղներին եւ՜ հարգում են, եւ՜ փորձում են որոշակիորեն քննադատել։ Այսպես է կյանքի օրենքը։ Մեր ազգի մեջ բազեները շատ են՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք տարին մեկ անգամ հավաքվում են “Բազեի” շրջանակներում՝ ինքնադրսեւորվելու, բացահայտելու իրենց կարողությունները։ Ցանկացած նման երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը”,-նշեց Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ երիտասարդների պայքարում հաղթում է գաղափարը, միասնությունը, որը պետք է ծառայի մեր հայրենիքին ու ժողովրդին։
ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանում քաղաքական ուժերի համագործակցությանը եւ այլ խնդիրների։
Խոսելով պետական կառավարման մարմիններում երիտասարդների ներգրավվածության մասին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ պետական ապարատում աշխատողների ավելի քան 60 տոկոսը մինչեւ 35 տարեկան են։ Խորհրդարանում ձեւավորված է երիտասարդական խորհրդարան, որտեղ ներգրավված երիտասարդների ներուժը նույնպես օգտագործվում է։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցին՝ Գալուստ Սահակյանը նկատեց, որ խնդիրը քննարկումների փուլում է, եւ հաշվի կառնվի այն, ինչը քաղաքական ուժերի կողմից առավել ընդունելի կլինի։ “Մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի քաղաքական դաշտն ավելի հզորանա”, – ասաց ԱԺ նախագահը։
Խորհրդարանի խոսնակը դիտեց նաեւ բազեականների մշակութային եւ սպարտային մրցույթները։
Հիշեցնենք, որ “Բազե” հավաքը մեկնարկել է օգոստոսի 18-ին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից։