04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուշադրության կենտրոնում` հեմոդիալիզային ծառայության բարելավումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց Հայաստանում հեմոդիալիզային ծառայության իրավիճակը։ Մասնակցում էին ծառայությունների ղեկավարներն ու մասնագետները, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով այս ոլորտում երկար տարիների մեծ փորձ ունի։

Ներկայացնելով իրավիճակը` ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանը նշեց, որ այժմ հեմոդիալիզի ծառայություն իրականցվում է Հայաստանի 12 բժշկական կենտրոնում, որից 5-ը` Երեւանում (“Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ”, “Էրեբունի”, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ”, “Արմենիա” հանրապետական, “Նատալի ֆարմ Մալաթիա” բժշկական կենտրոններ), 7-ը` մարզերում (“Գյումրու ԲԿ, Գյումրու “Սամարիթեր” հիվանդանոց, Վանաձորի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի, Գավառի բժշկական կենտրոններ)։ Ընդհանուր առմամբ, ներկա պահին  հեմոդիալիզ է ստանում երիկամային անբավարարություն ունեցող  684 մարդ, որից 650-ը` պետական պատվերի շրջանակում։ ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 1 մլն ազգաբնակչության հաշվով  հեմոդիալիզ է ստանում միջինը 400 մարդ։  2010 թվականից ի վեր Հայաստանում նրանց թիվը տարեկան ավելացել է մոտ 60-70-ով` կազմելով  1 մլն բնակչության դիմաց 220 մարդ։

Ներկայացվեցին վերջին շրջանում մեր հանրապետությունում ծառայության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ առկա խնդիրները։   

“Ակնհայտ է, որ բարելավվել է ծառայության որակը, ինչի արդյունքում հեմոդիալիզ ստացողների կյանքի տեւողությունը երկարել է։ Նաեւ մեծացել է ծառայության ֆիզիկական մատչելիությունը”,- ասաց Արմեն Մուրադյանը։

Նա նշեց, որ այսօր երկու հիմնական խնդիր է ծառացած` ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավելի քիչ մարդկանց մոտ զարգանա երիկամային անբավարարություն, որը հեմոդիալիզի կարիք առաջացնի:

 “Հաջորդ խնդիրը հնարավորինս շատ հիվանդների մոտ երիկամի փոխպատվաստում իրականացնելն է, ինչն այդ վիճակից դուրս բերելու միակ ճանապահն է”,-ասաց նախարարը։

Նշվեց, որ Հայաստանում այժմ տարեկան իրականացվում է երիկամի փոխպատվաստման միջինը 10-12 վիրահատություն։ Մինչդեռ եղած մակարդակը պահպանելու համար պետք է կատարվի առնվազն 60 փոխպատվաստում։

Արա Բաբլոյանը հավելեց, որ այդ ծավալի վիրահատություններ հնարավոր է իրականացնել, եթե Հայաստանում եւս կիրառվի փոխպատվաստվող երիկամը դիակից վերցնելու պրակտիկան, ինչի հնարավորությունն ընձեռում է գործող օրենսդրական դաշտը։

 “Չենք կարող առաջ գնալ, քանի դեռ փոխպատվաստումներ իրականացվում են միայն “Արաբկիրում”։ Մենք բազմիցս առաջարկել ենք  Երեւանի բազմապրոֆիլ այլ կենտրոններում  եւս նման թիմեր պատրաստել”։

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը եւս երիկամային անբավարարության զարգացումը կանխելու գործում կարեւորեց ինչպես նեֆրոլոգիական ծառայության զարգացումը, այնպես էլ` առողջության առաջնային օղակի դերը` բերելով “Արաբկիրի” օրինակը, որտեղ երիկամային խնդիրներ ունեցող 800 երեխայի նկատմամբ դիսպանսեր պատշաճ հսկողության արդյունքում նրանց շրջանում հեմոդիալիզի անհրաժեշտությունը նվազել է երեք անգամ։

Հայաստանում երիկամային անբավարարության պատճառագիտության մեջ առաջին  տեղերը զբաղեցնում են  զարկերակային գերճնշումը (21.1%), շաքարային  դիաբետը (19,2%) եւ քրոնիկ գլոմերունեֆրիտը (15,3%)։ Մեկնարկում են սկրինինգային ծրագրերը, այդ թվում` զարկերակային գերճնշման եւ շաքարային  դիաբետի հայտնաբերման նպատակով` թիրախային խմբերի 50 տոկոս ընդգրկվածությամբ։ Տարբեր բարդությունները կանխելու նպատակով կարեւորվեց հայտնաբերվածների հետագա բուժման կազմակերպումը։

“Պոլիկլինիկական ծառայություններն ուժեղացնում ենք, նոր գործառույթներ ենք ավելացնում` մեր բնակչությանն առողջ պահելու նպատակով։ Պարզ քայլերից մինչեւ ազգային ծրագիր իրականացնելով պետք է այնպես անենք, որ հնարավորինս քիչ հիվանդների մոտ առաջանա երիկամսային այն աստիճանի անբավարարություն, որ հեմոդիալիզի անհրաժեշտություն լինի”,-ասաց Արմեն Մուրադյանը։

Նախարարը հանձնարարեց հեմոդիալիզի ծառայության հետագա բարելավման, ինչպես նաեւ երիկամային անբավարարությունը կանխարգելելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։ Առաջիկա քննարկմանը աշխատանքային խումբն այդ ուղղություններով առաջարկներ կներկայացնի։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ